News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանը շահեկանորեն ավելի լավ վիճակում է գտնվում՝ Ադրբեջանի եվ Վրաստանի համեմատ, ու սա պոպուլիզմ չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար, «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«2019թ.-ին Արցախի Հանրապետությունը ՀՆԱ-ի՝ մեկ շնչին բաժին ընկնող ցուցանիշով, որը նախնական հաշվարկներով կկազմի մոտ 4.800 ԱՄՆ դոլար, առաջ կանցնի Հայաստանից, Վրաստանից եւ Ադրբեջանից:

Այս փաստին գուցեեւ չանդրադառնայի, եթե վերջին օրերին մամուլում լայն քննարկման առարկա չդառնար ՀՀ տնտեսական աճի ցուցանիշը, որին խանդով արձագանքեցին հարեւան Վրաստանից, իսկ Ադրբեջանը փորձեց ցույց տալ, որ իր վիճակն, իբր, ավելի բարվոք է:

Իրականում Հարավային Կովկասի բոլոր հանրապետություններում ապրող ժողովուրդների կենսամակարդակը հիմնականում նույնն է: Անշուշտ, կան նաեւ միջազգայնորեն ընդունված գնողունակության պարիտետի համեմատություններ։ Այնուամենայնիվ, պարիտետային համեմատությունները սուբյեկտիվ են եւ անվերապահ չեն: Ապրանքատեսակների գները, կախված նշածս երկրների աշխարհագրական դիրքից, ունեցած ներուժից, շատ տարբեր են, բայց ընդհանուր ծախսերում համադրելիությունը նույնն է: Այսպես՝ եթե էներգակիրները Ադրբեջանում ավելի էժան են, փոխարենը շատ այլ ապրանքներ, Հայաստանի կամ Վրաստանի համեմատ, ավելի թանկ են:

Խնդիրն այլ հարթությունում է: Ե՛վ Հայաստանը, ե՛ւ Արցախը, ե՛ւ Վրաստանը, ե՛ւ Ադրբեջանը մի քանի անգամ հետ են զարգացած երկրների կենսամակարդակից, եւ բոլոր ջանքերը պետք է այս տիրույթում գործադրվեն: Սա է հիմնական մարտահրավերը:

Այժմ միտումների մասին: Հայաստանը շահեկանորեն ավելի լավ վիճակում է գտնվում՝ Ադրբեջանի եւ Վրաստանի համեմատ, ու սա պոպուլիզմ չէ: 2020թ.-ի ՀՀ պետական բյուջեի ծախսային մասը, 2019թ.-ի համեմատ, ավելացել է շուրջ կես միլիարդ ԱՄՆ դոլարով, ինչը ՀՀ պատմության մեջ աննախադեպ ցուցանիշ է: Դա, միանշանակ, հնարավոր չէր լինի առանց ՀՀ տնտեսության իրական հատվածում ունեցած աճի. որքան էլ փորձենք վիճարկել այս կամ այն հաջողությունը, փաստն արձանագրված է: Օրինակ՝ եթե այսօր հպարտանում ենք, որ 2019թ.-ին ՀՀ Զինված Ուժերը ձեռք է բերել աննախադեպ ծավալի նոր սպառազինություն, որն, ամբողջությամբ վերցրած, ավելին է, քան վերջին մի քանի տարիներինը միասին, առաջին հերթին հենց տնտեսության զարգացման արդյունքն է:

Եթե 2009-10թթ.-ին Ադրբեջանը տարեկան արդյունահանում էր ավելի քան 50 մլն տոննա նավթ, վերջին տարիներին հետզհետե նվազել է այդ ցուցանիշը եւ անցած տարի հասել 36 մլն-ի: Եվս մի քանի տարի, եւ հարեւան երկիրը վերջնականապես կզրկվի նավթային խոշոր եկամուտներից: Իհարկե, ներկայումս սկսել է ավելի մեծ ծավալով գազ արտահանել, բայց, փորձագետների պնդմամբ, կապույտ վառելիքից ստացված եկամուտների չափը անհամեմատելի կլինի սեւ ոսկուց ստացածի հետ: Սա է փաստը:

Վրաստանում եւս կայուն զարգացման դինամիկան կպահպանվի, սակայն կանխատեսվող արդյունքների մասով քաղաքական ռիսկերն ավելի մեծ են համարվում: Հայաստանի դեպքում նախ՝ խաղի նոր կանոնները, ապա՝ արտաքին համագործակցությունը շատ լավ նախադրյալներ են ստեղծել տնտեսության զարգացման ավելի բարձր տեմպեր ապահովելու համար, որը թույլ է տալու Հարավային Կովկասում լինել առաջինը: Իրատեսական եմ համարում այն կանխատեսումները, որ 2030թ.-ին ՀՀ-ում ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով կհասնի 15 հազ. ԱՄն դոլարի:

Բայց ո՞րն է գլխավոր ուղերձը:

Մենք պետք է հրաժարվենք հոռետեսական տրամադրություններից, քանի որ բիզնեսի զարգացման եւ խոշոր ներդրումների ներգրավման համար շատ կարեւոր է դրական սպասումների ձեւավորումը: Գաղտնիք ասած չեմ լինի, որ 2008թ.-ին համաշխարհային տնտեսական ճգնաժամը, փորձագետների հավաստմամբ, շատ երկրներում տնտեսություններին վնասեց ավելի շատ հոգեբանական ազդեցության հետեւանքով: Հզոր Հայաստան կառուցելու համար ունենք ամեն ինչ՝ խելացի հասարակություն, բիզնեսի համար բարենպաստ միջավայր ու հրաշալի երկիր, որտեղ խաչվում են Հին եւ Նոր աշխարհների քաղաքակրթությունները, որտեղ Արեւմուտքն ու Արեւելքը իրար ձեռք սեղմելու համար նախեւառաջ պետք է ասեն»,-նշել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ