News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունվարի 14-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում կայացել է «1991 ստորաբաժանման» նախապատրաստական դասընթացի թեստավորման փուլը։ Տվյալագիտության եւ արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ FAST հիմնադրամի դասընթացին մասնակցելու հայտ էին ներկայացրել ամառային զորակոչի ենթակա մոտ 400 երիտասարդներ (17-23 տարեկան)։

Ինտենսիվ նախապատրաստական դասընթացի նպատակն է նախազորակոչային տարիքի երիտասարդներին տրամադրել լրացուցիչ գիտելիքներ տվյալագիտության եւ արհեստական բանականության ոլորտների վերաբերյալ, որպեսզի նրանք պատրաստ լինեն հետագայում ծառայության անցնել «1991 ստորաբաժանում»-ում։

FAST հիմնադրամը, ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ «Հայ Տեք» կիբեռանվտանգության կենտրոն հիմնադրամը «1991 ստորաբաժանում» ստեղծելու փոխըմբռնման հուշագիրն ստորագրել են 2019 թվականի սեպտեմբերին։

Այս եզակի ստորաբաժանման հմուտ զինվորները ռազմավարական եւ մարտավարական առաջադրանքների կատարման համար կստեղծեն առաջադեմ տեխնոլոգիաներ, որոնք ՀՀ Զինված ուժերի համար մեծ պահանջարկ ունեն:

«Նախապատրաստական դասընթացի շնորհիվ FAST հիմնադրամը ցանկանում է ամրապնդել երիտասարդների գիտելիքները տվյալագիտության եւ արհեստական բանականության ոլորտներում։ Դասընթացները լինելու են պարբերական․ մեկնարկելու են յուրաքանչյուր զորակոչից 6 ամիս առաջ եւ տեւելու են 24 շաբաթ։ Հաջորդ դասընթացը կմեկնարկի ամռանը:

Չափազանց ոգեւորիչ է, որ առաջին դասընթացին մասնակցելու հայտ է ներկայացրել 400 երիտասարդ», -նշել է FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։

«ՀՀ Պաշտպանության նախարարությունը կարեւորում է FAST հիմնադրամի կողմից իրականացվող նախապատրաստական դասընթացը։ Հարկ է նշել, որ դասընթացին մասնակցելը շատ կարեւոր է, բայց դեռ երաշխիք չէ, որ երիտասարդները ծառայության կանցնեն «1991 ստորաբաժանում»-ում։ Այդ ընդունելությունն առանձին կարգով է կազմակերպվելու։ Բացի այդ՝ բոլոր ցանկացողները կարող են նաեւ ինքնուրույն պատրաստվել եւ մասնակցել «1991 ստորաբաժանման» ընդունելության մրցույթին», - նշել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

19 հարցի պատասխանելու համար նախատեսված էր 91 րոպե։ Քննության փուլը հաղթահարած երիտասարդներին FAST հիմնադրամը կհրավիրի հարցազրույցի։ Արդյունքում մոտ 60 ապագա զինծառայողներ կմասնակցեն 6 ամիս տեւողությամբ անվճար նախապատրաստական դասընթացին, որը պաշտոնապես կմեկնարկի հունվարի 29-ին։

Տպել
Ամենաշատ