News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


2020 թվականի հունվարի 15-ին «Նաիրի» ԲԿ-ից ՀՀ դատախազություն գրություն է ստացվել ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ։ Հաշվի առնելով ամբաստանյալի առողջական վիճակի հետ կապված հարցի կարևորությունն ու հրատապությունը՝ առաջին ատյանի դատարանը որոշել է արտահերթ նիստ հրավիրել։ Այս մասին այսօր՝ հունվարի 15–ին հրավիրված արտահերթ նիստում հայտարարեց Մանվել Գրիգորյանի գործով Մնացական Մարտիրոսյանը։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը՝ սկսած 2019 թվականի օգոստոսի 8-ից մինչև օրս գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։

Դատավորը հրապարակեց «Նաիրի» ԲԿ-ից դատախազություն ուղարկված գրությունը. «Հիվանդի վիճակը գնահատվել է կայուն միջին ծանրության։ Հիվանդը տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք։ Ներկա պահին հիվանդը  վերակենդանացման բաժանմունքում է, վիճակը գնահատվում է ծանր, խնդրում ենք ձեռք առնել համապատասխան միջոցառումներ»։

Միջգերատեսչական փորձագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակեց հանձնաժողովի կարծիքը. «Փորձաքննության ընթացքում Մանվել Գրիգորյանի հիվանդությունները վերահսկվել են։ Փորձաքննությունը չի կատարվել մի քանի օրվա ընթացքում, այլ եղել է ժամանակատար։ Պարբերաբար հետևել ենք բժշկական փաստաթղթերի տվյալներին, որոնք արձանագրվել են «Նաիրի» ԲԿ-ում։ Բոլոր ախտորոշումները համընկնում են դատարանում հրապարակվածի հետ։

Ցավոք սրտի, ի հայտ է եկել վիճակի բարդացում։ Բժշկական տեսանկյունից դա ոչ ցանկալի բարդացում է, քանի որ այն կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Խոսքը սրտի ռիթմի խանգարումն է։ Դա անակնկալ, հանկարծակի եկած հանգամանք է։ Սրտի կծկումների հաճախականության հետ կապված կարող է բերել անկանխատեսելի ախտանիշների։ Սա արդեն վերջին ստադիան է։ Զարկերակային ճնշման թվերը սպառնացող են։ Այս վիճակը կյանքին սպառնացող վիճակ է»։

Դատախազի հարցին՝ արդյոք Գրիգորյանի ներկա առողջական վիճակի դեպքում հնարավո՞ր է ՔԿՀ-ում պահման դեպքում իրականացնել դատավարություն, հանձնաժողովի նախագահն ասաց. «Իհարկե ոչ, նման առողջական վիճակում, ՔԿՀ-ի պայմաններում հնարավոր չէ իրականացնել»։

Նիստին ներկա է նաև Մանվել գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը երեկվանից գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում։ Ըստ պաշտպանների՝ նրա վիճակը ծանր է, նրան միացված է արհեստական շնչառության սարք։

Նշենք, որ արտահերթ նիստը կայանում է ՀՀ դատախազության նախաձեռնությամբ։ Դատախազությունը միջնորդել է, որ Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ նիստ անցկացվի։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ նախկինում ստեղծված հանձնաժողովը տվել էր դրական եզրակացություն։ Այն է, որ Գրիգորյանի կալանքը համատեղելի է եղել առողջական վիճակի հետ։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Տպել
Ամենաշատ