News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ծանր է. դատարանը փոխեց նրա խափանման վիջոցը։ Նպատակը Գրիգորյանին ֆիզիկապես ոչնչացնելն է, սակայն այնպես, որ «վատ բան լինելու դեպքում իրենց վզին չմնա». գեներալի պաշտպանի մեկնաբանությունը։ Մեկուսարանից հիվանդանոց. հոսպիտալացվել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը։ Նիկոլ Փաշինյանը բուժզննում է անցել. պարզվել է՝ նա կատարելապես առողջ է։ Քննիչի հետ Նիկոլ Փաշինյանի սելֆին. վարչապետը Հատուկ քննչական կոմիտեում հարցազննվել է։ «Նիկո'լ, մեզ որ տանում են հարցաքննության, անպայման ստիպում են հեռախոսն անջատել». Ֆեյսբուքյան հարթակում վարչապետի սելֆին աժիոտաժ է առաջացրել։ Սերժ Սարգսյանի գույքը կմնա կալանքի տակ։ Դատախազությունը մերժել է երրորդ նախագահի պաշտպանի միջնորդությունը։ Արթուր Վանեցյանը բացահայտել է իր զգուշացումներից մեկի բովանդակությունը. այն վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումներին: Ռուսաստանի կառավարության հրաժարականը. Դմիտրի Մեդվեդեւը կնշանակվի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ։

Դատախազության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ դատական նիստում դատավորը փոխել է ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը՝ նրա առողջական վիճակի վատթարացման պատճառով։ Երեկվանից նա «Նաիրի» բուժկենտրոնի վերակենդանացման բաժանմունքում է, գեներալի վիճակը ծանր է, նրան միացված է արհեստական շնչառության սարք։

Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի քննության գործով արտահերթ նիստ հրավիրելու նպատակը շոու ապահովելն է, հայտարարել է Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը, որը մամուլից է տեղեկացել արտահերթ նիստի մասին։ Մինչեւ նիստը փաստաբանն ասել է, թե չի հավատում, որ դատարանն ու դատախազությունը տղամարդավարի քայլի կգնան եւ ինչ-որ մի բան թերի է լինելու։ Պաշտպանի խոսքով՝ նպատակ է դրված Մանվել Գրիգորյանին ֆիզիկապես ոչնչացնել։

Հոսպիտալացվել է կալանքի տակ գտնվող Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, նա տեղափոխվել է «Աստղիկ» բուժկենտրոն։ Նրա փաստաբանները տեղեկացրել են, որ նախօրեին բուժօգնության անհրաժեշտություն է առաջացել, և բժիշկներն արձանագրել են սրտաբանական և հրատապ այլ հետազոտությունների ու բուժման անհրաժեշտությունը։ Գագիկ Խաչատրյանը կալանքի տակ է արդեն մոտ 6 ամիս։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն է «Նաիրի» բժշկական կենտրոնում բուժզննման ենթարկվել։ Բժիշկները վարչապետին հետազոտել են եւ պարզել, որ նա առողջ է։

Բուժզննումը, սակայն, չի խանգարել Փաշինյանին ներկայանալ Քննչական կոմիտե եւ հարցաքննվել։ NEWS.am-ի հարցին, թե ինչ գործով է հարցաքննվել, վարչապետը պատասխանել է, թե շուտով կլինի հաղորդագրություն: Հարցաքննությունը տեւել է մոտ երկուսուկես ժամ։ Նիկոլ Փաշինյանին հարցաքննության էին կանչել գաղտնալսումների գործով: Քննությունը փորձում է պարզել 2018-ին Փաշինյանի եւ ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանի, եւ վերջինի ու ՀՔԾ պետ Խաչատրյանի միջեւ գաղտնալսված հեռախոսազրույցներ Ռոբերտ Քոչարյանի եւ Յուրի Խաչատուրովի կալանավորման միջնորդությունները քննած դատավորների նկատմամբ արդարադատության իրականացնելիս ճնշման հանգամանքը: Գործերից մեկով Փաշինյանը տուժող է, մյուսով՝ վկա։

Վարչապետին ճանապարհել է Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը: Գաղտնալսման գործով հարցաքննվել են նաեւ Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը: Քննչական կոմիտեի լրատվության ծառայության պետը հայտնել է, որ նրանք հարցաքննվել են ավելի վաղ։

Ինչպե՞ս է ստացվել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գաղտնալսումների գործով տուժող չի ճանաչվել, որի անունն ամենաշատն էր հիշատակվում ՀՔԾ պետի եւ ԱԱԾ նախկին տնօրենի հեռախոսազրույցների ձայնագրություններում՝ հարց է բարձրացրել նախկին նախագահի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը։ Նա հիշեցրել է, որ Քոչարյանի գործով դատաքննության ժամանակ երկրորդ նախագահին այդ գործով տուժող ճանաչելու պաշտպանական թիմի միջնորդությունը մերժվել էր։

Ի դեպ, Փաշինյանը լուսանկար էր հրապարակել Քննչական կոմիտեից՝ նշելով, որ պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտի հրավերով ներկայանում եւ քննիչի աշխատասենյակում պատասխանում է նրա հարցերին:

Վարչապետի գրառումը բուռն քննարկում հարուցեց սոցիալական հարթակում, հանրային եւ քաղաքական գործիչները նշում էին, որ սովորաբար հարցաքննությունից առաջ մարդկանց ձեռքից հեռախոսը վերցնում են, մինչդեռ Փաշինյանը նույնիսկ սելֆի է արել։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ գրել է, որ առաջինն ու միակը լինելու մոլուցքը Փաշինյանին հետապնդում է ամենուր, սակայն, նրա բառերով՝ «քննիչ-վարչապետ-սելֆի բեմականացումը սովորականի պես ծիծաղելի վերջաբան ունեցավ. պատմության մեջ առաջին անգամ հարցաքննված Հայաստանի գործող ղեկավարը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է»:

Վարչապետ Փաշինյանի շնորհիվ բոլոր հարցաքննվողները հնարավորություն ստացան այսուհետեւ սելֆի անել իրենց հարցաքննող քննիչի հետ, գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը: «Քննիչներն էլ չեն թույլատրելու, որովհետեւ ամենեւին ոչ բոլոր հարցաքննություններն են բեմականացում, հարցաքննվողներն էլ առարկելու են, պնդելով, որ օբյեկտիվ հիմք չկա մեկին թույլատրելու, իսկ մյուսին արգելելու, մի խոսքով՝ լարվածություն, նյարդեր, հակադրություն։

Նիկո'լ, մեզ որ տանում են ՀՀ ոստիկանություն կամ քննչական, անպայման հեռախոսն անջատել են տալիս, գրել է «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ Սոնա Աղեկյանը: Նա նաեւ նշել է. «Ոստիկանության Կենտրոնի բաժնի միլպետը այնպես շպրտեց հեռախոսս, որ հենց իր աշխատողները սարսափահար եղան։

Դատախազությունը մերժել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը։ Լուրը հաստատել է դատախազությունը։

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Twitter-ի իր միկրոբլոգում բացահայտել է ժամանակին իր արած զգուշացումներից մեկի բովանդակությունը: «Ամիսներ առաջ իմ զգուշացումը երկրի անվտանգությանը սպառնացող վտանգների վերաբերյալ առնչվում էին նաեւ Սահմանադրական դատարանի շուրջ այն օրերից սկսված եւ մինչ օրս շարունակվող իրադարձություններին», գրել է նա:

Երեխաներին թունավորել, ծովը լցնելու փոխարեն հիմա գտել են մեթոդը, կարելի է ընդհանրապես փակել ծննդատները, ասել է «Սասնա ծռերի» գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը: «Հերթով փակվելու են որբանոցները, ծերանոցները: Սա տեղահանության մեկ այլ ձեւ է»,- ասել է նա:

Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տալիս, հայտարարել է Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը Դաշնային ժողովին Վլադիմիր Պուտինի ուղերձից հետո, որտեղ նա առաջարկել էր քննարկել պետական մարմինների միջեւ լիազորությունների մասնավոր բաշխման մասին Սահմանադրական փոփոխությունները:

Պուտինը որոշել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալի պաշտոն սահմանել եւ այն առաջարկել Դմիտրի Մեդվեդեւին, ինչի մասին հայտարարել է կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ: Անվտանգության խորհրդի ղեկավարը Դաշնության նախագահն է:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.24 դրամով եւ կազմել 479.63 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.07 դրամով եւ հասել 533.68 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն էլ աճել է 1.27 դրամով ու կազմել 623.09 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով ու կազմել 7.79 դրամ։

Հունվարի 16-ին Հայաստանի առանձին վայրերում սպասվում է ձյուն: Օդի ջերմաստիճանն առաջիկա երկու օրերին գիշերային ժամերին ամպամածության պատճառով կբարձրանա 2-3 աստիճանով: Երեւանում հնարավոր է թույլ ձյուն: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +4+6:

 

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ