News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հայտարարել է, որ Աթենքը վետո կդնի Լիբիայի վերաբերյալ բեռլինյան համաժողովի հնարավոր որոշումների վրա, եթե դրանցում չխոսվի Անկարայի եւ Տրիպոլիի միջեւ ծովային գոտիների սահմանազատման եւ ռազմական համագործակցության վերաբերյալ հուշագրերի չեղարկման մասին, տեղեկացնում է Ինտերֆաքսը։

Alpha հեռուստաալիքի հարցազրույցում վարչապետն ասել է, որ թուրք-լիբիական հուշագրերը անօրինական են եւ Հունաստանը Եվրամիության գագաթաժողովի մակարդակով երբեւէ չի ընդունի Լիբիայի մասին ցանկացած քաղաքական որոշում, որը չի ներառի հուշագրերի չեղարկումը։

«Մենք վետո կդնենք դրա վրա այդ թվում եւ արտաքին գործերի նախարարների մակարդակով»,- ընդգծել է վարչապետը։

Նրա խոսքով՝ Աթենքի այս դիրքորոշումը նա ներկայացրել է ԵՄ-ին ուղղած նամակում, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ զրույցում՝ դժգոհություն հայտնելով, որ Հունաստանը համաժողովին չի հրավիրվել։

Հուշագրերը ստորագրվել են Թուրքիայի եւ ՄԱԿ-ի կողմից ճանաչված Ֆայեզ Սարաջի կառավարության (կենտրոնակայանը՝ Տրիպոլի) միջեւ, որը դիմել էր Անկարային օգնության խնդրանքով մարշալ Խալիֆա Խաֆթարի ուժերի հարձակման պայմաններում։

Միեւնույն ժամանակ, ինչպես տեղեկացրել են արաբական լրատվամիջոցները, Խաֆթարը, որը, ինչպես եւ Սարաջը, կմասնակցի բեռլինյան համաժողովին, գաղտնիության պայմաններում մասնավոր ինքնաթիռով մեկնել է Հունաստան երկրի ղեկավարների հետ խորհրդակցությունների համար։

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հայկո Մաասը տեղեկացրել է, որ Խաֆթարը պատրաստ է պահպանել հրադադարի ռեժիմը։

Լիբիայում ներկայում երկիշխանություն է։ Երկրում գործում են աշխարհի կողմից ճանաչված ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆայեզ Սարաջի գլխավորությամբ, որի կենտրոնակայանը Տրիպոլիում է, եւ այսպես կոչված արեւելյան կառավարությունը, որը գլխավորում է Աբդուռահման աթ Թանին։ Նրան աջակցում է Խալիֆա Խաֆթարը, որը 2019 թվականի ապրիլից գրոհում է Տրիպոլին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ