News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ավստրալական մակարդակի հրդեհները կարող են սովորական դառնալ ամբողջ երկրագնդի համար, ասվում է Էքսեթերի համալսարանի մասնագետների եւ Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայության Լոնդոնում ներկայացրած հետազոտության մեջ, հայտնում է Reuters-ը։ Գիտնականների կարծիքով՝ այն, ինչ այժմ կատարվում է «կանաչ մայրցամաքում», կարող է կրկնվել ե՛ւ Կալիֆոռնիայում, ե՛ւ Ամազոնիայում, ե՛ւ Սիբիրում։

Ավստրալիայում ավելի քան 10 միլիոն հեկտար անտառներ են բռնկված կրակով կամ արդեն այրվել են։ Դա մոտավորապես հավասար է Բելգիայի եւ Դանիայի ընդհանուր տարածքին։ Ավերված են ավելի քան մեկուկես հազար տներ։ Հավանաբար, զոհվել են միլիարդից ավելի վայրի կենդանիներ։

«Դիտարկումների պատմության մեջ Ավստրալիան ապրում է ամենաշոգ տարին։ Այնտեղ այժմ ըստ Ցելսիուսի 1,4 աստիճանով ավելի շոգ է, քան մինչ ինդուստրացման ժամանակաշրջանի սկսվելը։ Եվ ավելի շոգ, քան միջինը աշխարհում։ Մայրցամաքը այդ ցուցանիշով առաջատար է աշխարհում։ Դա վերաբերում է նաեւ երաշտի ինտենսիվությանն ու երկարատեւությանը, եւ մենք իրավիճակի փոփոխության որեւէ ազդանշան չենք տեսնում»,- ասել է կլիմայի փոփոխության հետազոտության խմբի ղեկավար Ռիչարդ Բեթսը։

Էքսեթերի համալսարանի եւ Բրիտանական օդերեւութաբանական ծառայության համատեղ հետազոտության մեջ նշված է, որ այժմ Ավստրալիայում դիտարկվող պրոցեսները շուտով հնարավոր կլինի տեսնել ոչ միայն այնտեղ: Ջերմաստիճանը բարձրանում է ամբողջ աշխարհում, բայց «կանաչ մայրցամաքը» իր աշխարհագրական դիրքի պատճառով դրան մյուսներից ավելի արագ է ենթարկվում: Եթե ավելի կոնկրետ ասենք, ապա, այսպես կորչված, «հրդեհավտանգ եղանակի» ժամանակաշրջանները մոլորակի վրա ավելի երկարատեւ կլինեն: Փոփոխություններն արդեն առնչվել են Երկրի անտառային զանգվածների քառորդ մասին. այնտեղ կրակի բռնկման հավանականությունը 20 տոկոսով բարձր է դարձել: Դրա վկայությունն են անցյալ տարվա հրդեհները Կալիֆոռնիայում, Կանադայում, Ամազոնիայում եւ Սիբիրում:

«Անոմալ շոգեր ավելի հաճախ կպատահեն ու ավելի երկար կտեւեն, քանի որ աշխարհը շարունակում է տաքանալ: Մենք խոսում ենք Ցելսիուսի 1,5-2 աստիճանի մասին: Դա չի նշանակում, որ եթե ինչ-որ տեղ 2 աստիճանով ավելի տաք լինի, անմիջապես հրդեհ կբռնկվի: Սակայն այս փոփոխություններն անտեսել չի կարելի: Իրավիճակը վատթարանում է: Եվ որքան շուտ դանդաղեցնենք տաքացումը, այնքան մեծ է ապագայում տարերքի ծավալումից խուսափելու հնարավորությունը»,- ասել է Բեթսը:

Ընդ որում՝ պարտադիր չէ, որ գլոբալ տաքացումը պարտադիր մարդու գործունեության հետեւանք լինի: Մի քանի գիտնականներ նշում են մոլորակում ջերմաստիճանային շրջափուլերի ցիկլայնությունը: Երկիրը սառչում ու պաղում էր, մինչեւ այնտեղ homo sapiens-ի հայտնվելը: Բրիտանացի հետազոտողները սրա հետ համաձայն են, բայց վերապահումով:

Բրիտանացի գիտնականների ապոկալիպտիկ կանխատեսումը հաստատում է նաեւ Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը: Երկրի միջին ջերմաստիճանը այս դարի ընթացքում կարող է բարձրանալ Ցելսիուսի 3 կամ գուցե ամբողջ 5 աստիճանով: Սա 3 անգամ ավելի է, քան կլիմայական համաձայնագրի թիրախն է, որը 2015 թվականին ստորագրվել է Փարիզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ