News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.42
EUR
517.55
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Անկախ Հայաստանում բռնի մահով կյանքից հեռացել է երկրորդ սպանված  ԱԱԾ նախկին ղեկավարը. Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով։ Սպանություն, ինքնասպանություն, թե՞ ինքնասպանությամբ քողարկված սպանություն. քրեական գործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Կուտոյանը հրազենային վնասվածք է ստացել ծնոտին ու քունքին. անշնչացած մարմնի կողքին եղել են նրա ատրճանակը եւ կոնյակի դատարկ շիշ. արձակվել է 3-4 տասնյակ կրակոց։ «Դին պետք է սառչի մինչև մարդիկ փորձեն դրանից քաղաքական դիվիդենտներ քաղել». Երիտասարդ հանրապետականների առաջնորդի հայտարարությունը։ Նաիրի Հունանյանը նամակ է գրել Նիկոլ Փաշինյանին. մանրամասներ հրապարակման ենթակա չեն:

Հունվարի 17-ի ցերեկը Հայաստանի հանրությանը փոթորկեց աղմկոտ սպանության լուրը։ Երեւանի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվեց ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի վայր են մեկնել Քննչական կոմիտեի պետի  տեղակալ, Հատուկ կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետն ու նրա տեղակալը, Կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները: Կուտոյանը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱԱԾ տնօրեն էր նշանակվել 2016-ի փետրվարի 12–ին, ազատվելով գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից, պաշտոնավարել մինչև 2018-ի մայիսի 10–ը։ Գեորգի Կուտոյանը 38 տարեկան էր, ուներ 4 տարեկան մեկ որդի։

Քիչ անց «Փաստինֆո»-ն տեղեկացրեց, որ Կուտոյանի բնակարանում պատերի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր։ Նախնական տվյալով՝ դիակի զննությամբ վնասվածք է հայտնաբերվել նրա դիմածնոտային հատվածում. վարկածներից մեկը ինքնասպանությունն է։ Դիակի կողքին եղել է նաեւ ատրճանակ։

Րոպեներ անց էլ լրատվամիջոցները հայտնեցին, որ տեղազննության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են դատարկ կոնյակի շիշ և ատրճանակ, որը Կուտոյանի անձնական զենքն է եղել: Բերանին կրակոցն արձակվել է հենց այդ զենքից։ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը հաստատեց, որ դեպքի վայրում զենք կա:

Իսկ ուշ երեկոյան Արթուր Մելիքյանը լրագրողներին հայտնեց, որ Գեորգի Կուտոյանի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ Ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Դեպքի վայրում հայտնաբերվել է GLOCK տեսակի ատրճանակ։ Պարզվել է, որ նրա զենքն է, որով նա պարգևատրվել է Վրաստանի անվտանգության ծառայության ղեկավարի կողմից։  Մելիքյանը հավելել է, որ  փորձաքննությամբ կպարզեն՝ արյան մեջ սպիրտի պարունակություն կա, թե ոչ։

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանը Քննչական Ծառայությունում քննվող քրեական գործերով չի հարցաքննվել, հայտնել են ծառայությունից։ Նա որեւէ դատավարական կարգավիճակ չի ունեցել։

ԱԱԾ նախկին տնօրենի մահվան վայր է ժամանել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։ 168.am-ի տեղեկություններով դեպքի վայր է եկել նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա, սակայն, բնակարան մուտք չի գործել, քանի որ այնտեղ քննչական գործողություններ էին տեղի ունենում։

Ապշահար արեց այս լուրը, լրագրողներին ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ խոսելով ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանին մահացած հայտնաբերելու լուրի մասին։ «Ինձ մեկ-մեկ թվում է, որ ինչ-որ բացասական գործընթաց է տեղի ունենում, որը կողքով անցնում է եւ մենք դրա հետ որեւէ առնչություն չունենք», նշել է Ալեն Սիմոնյանը։

Երեկոյան դեպքի վայրից շտապօգնության մեքենայով տեղափոխել են ԱԱԾ նախկին տնօրեն Գերոգի Կուտոյանի դին: Հիշեցնենք, որ Կուտոյանն ԱԱԾ երկրորդ նախկին սպանված ղեկավարն է. 1993 թ. հունիսի 21-ին Կոմիտասի անվան պանթեոնում սպանվել էր Պետանվտանգության կոմիտեի նախկին պետ Մարիուս Յուզբաշյանը։

ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանն ուժեղ անձնավորություն էր, լրագրողների հետ զրույցում ասել է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը։

Դին պետք է սառչի մինչև մարդիկ փորձեն դրանից քաղաքական դիվիդենտներ քաղել, ասել է  ՀՀԿ Երիտասարդական Կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով ԱԱԾ նախկին ղեկավար Գեորգի Կուտոյանի մահվան մասին։ Իսկ հարցին՝ Կուտոյանի մահվան դեպքով քննարկում եղե՞լ է ՀՀԿ գործադիր մարմնի նիստին, նա միայն ասել է, որ նիստն աշխատանքային էր։

Հանրապետականի գործադիր մարմնի նիստի մասին, եւ որ այն վարելու է ՀՀԿ նախագահ, երկրի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ավելի վաղ հայտնել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, հավելելով, որ նիստը վաղուց է ծրագրված եղել եւ որևէ կապ չունի Կուտոյանի մահվան հետ։

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատել են  Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանից Նիկոլ Փաշինյանին նամակ հղելու լուրը: Նշվել է, որ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:

Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում գաղտնի քվեարկությամբ Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Ալվինա Գյուլումյանը: ՍԴ-ից NEWS.am-ին հայտնել են, որ նա ստացել է նիստին մասնակցած 8 դատավորների քվեն:

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Երեւանի քաղաքապետարանի մի շարք պաշտոնատար անձանց կողմից 2012-2015 թթ. ընթացքում շորթմամբ խոշոր չափերի կաշառակերության դեպք։ Ըստ հաղորդագրության՝ Արաբկիրի փոխթաղապետը ազգականի անվամբ սեփականաշնորհված, 300 հազար դոլար արժեցող, 377 քմ մակերեսով Վաղարշյան փողոցի կաթսայատներից մեկը կառուցապատողին՝ բազմաբնակարան շենք կառուցելու համար, առաջարկել է գնել շուկայականից էականորեն էժան՝ 62 միլիոն դրամով, քաղաքապետարանի մի շարք պաշտոնյաների տրամադրել 430 հազար դոլարին համարժեք մեծ մակերեսով բնակարաններ, առեւտրային տարածքներ, ավտոկայանատեղիներ։ 

Ոստիկանությունը «քրեական ենթամշակույթի» դեմ գործողություններ է իրականացրել Արագածոտնի մարզում։ Տարբեր կասկածանքներով ոստիկանության Աշտարակի, Թալինի, Ապարանի եւ Արագածի բաժիններ բերման են ենթարկվել, այսպես ասած՝ քրեական ենթամշակույթ կրող անձինք։ Կատարվել են անձնական խուզարկություններ ու մեքենաների զննություններ։ Հայտնաբերվել են հրազեն, դանակներ, մահակներ, թմրամիջոցի նմանվող զանգված եւ այլն։

Կառավարության շենքի առաջ բողոքի ցույցը շարունակել են անասնապահները։ «Մենք չենք փախչում սպանդանոցներից։ Դա նույնն է, որ 1-ին դասարանի երեխային ասես՝ գնա, նստիր 10-րդ դասարան։ Դիտարկմանը, որ քաղաքակիրթ երկրներում սպանդանոցներ են գործում, ֆերմերն ասացին

Վարչապետ Փաշինյանը ժամանել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Նա մեքենայից իջնելիս ձնագնդիկով խփել է  լրագրողներին, իսկ հարցին, թե ի՞նչ հարցեր են քննարկվելու, կարճ պատասխանել է. «սովորական»:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.15 դրամով եւ կազմել  479.61 դրամ:  Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.41 դրամով ու կազմել  533.71 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը մնացել է անփոփոխ՝  626.18 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով ու հասել 7.81 դրամի։

Առաջիկա շաբաթ օրը Սյունիքում եւ Արցախում, իսկ կիրակի մարզերի մեծամասնությունում սպասվում է ձյուն: Օդի ջերմաստիճանն առաջիկա գիշերը կնվազի 6-8 աստիճանով, իսկ հունվարի 19-ի գիշերը նույնքանով կբարձրանա: Երեւանում շաբաթ օրը սպասվում է առանց տեղումների եղանակ, կիրակի՝ թույլ ձյուն կտեղա: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -8-10, վաղը ցերեկը՝ +2+4:

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 24.02.2020
Արցախի Պաշտպանության բանակի նոր հրամանատարը Ջալալ Հարությունյանն է...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 21.02.2020
Հայաստանը վերջին հրաժեշտն է տալիս սիրելի արտիստին...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 20.02.2020
Անցած գիշեր 95 տարեկանում մահացել է 20-րդ դարի երկրորդ կեսի հայ թատերական ու կինոարվեստի ոսկե սերնդի վերջին մոհիկանը
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 19.02.2020
Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը և Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը պաշտոնանկ են արվել...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 18.02.2020
Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ոստիկանության մասին օրենքի մի դրույթ...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 17.02.2020
Մեր զինվորն այսօր ավելի վատ վիճակում է, նա կանգնած է գնդակի տակ ու պարզ չէ...
Ամենաշատ