News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ազատ խոսքը դարձել է շատ մեծ խոչընդոտ այս իշխանությունների համար, եւ նրանք ամեն գնում կփորձեն ազատ խոսքը ճնշել։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, Վերաքննիչ քրեական դատարանի բակում, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» հիմնադրամի նախկին ղեկավար Արա Վարդանյանը։

Նշենք, որ Վերաքննիչ դատարանում քննվում է «5-րդ ալիք» Հ/Ը սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխելու հարցը։

«Բոլոր դատարաններից ու դատերից ակնկալիքը նույնն է, որ տեղի ունենա արդարադատություն։ Ցավոք սրտի, նոր Հայաստանում հաճախ ականատեսն ենք լինում նրա, որ դատավորները կայացնում են պարտադրված վճիռներ։ Հույս ունեմ, որ այս դատավորը, որն այսօր քննում է գործը, կկարողանա իր մեջ ուժ գտնել եւ ճիշտ որոշում կայացնել, սակայն պնդել, որ դա կլինի այդպես՝ շատ դժվար է»,- ասաց Արա Վարդանյանը։

Հարցին՝ արդյոք Արմեն Թավադյանին մեղադրանք առաջադրելու պատճառ կարող է հանդիսանալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընկե՞ր լինելը, թե՞ դա ճնշում է մամուլի ազատությանը, Վարդանյանն ասաց.

«Սա երկուսը մեկում է։ Պայքարը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ շատ է թեժացել, քանի որ մենք ականատեսն ենք ոչ միայն ֆեյքերի հարձակումների, այլ արդեն կոնկրետ մարդկանց կալանավորումների եւ այլ ճնշումների։ Ազատ խոսքը դարձել է շատ մեծ խոչընդոտ այս իշխանությունների համար, եւ նրանք ամեն գնում կփորձեն ազատ խոսքը ճնշել։ Ցանկացած նման իշխանության համար ազատ խոսքը մեծ պրոբլեմներ է ստեղծում կառավարման տեսանկյունից։ Դժվար է կառավարել երկիրը, երբ ինքդ որեւէ բան չես անում եւ ուզում ես՝ ոչ ոք չիմանա, որ դու բան չես անում»։

Արա Վարդանյանն ասաց, որ Արմեն Թավադյանին կալանավորելը ցույց է տալիս գործող իշխանության թուլությունը.

«Նոր Հայաստանում պետք է պատրաստ լինենք եւ սպասենք ցանկացած զարգացումների, եւ այդ զարգացումները պայմանավորված են իշխանությունը պահելու հանգամանքով։ Սա կրկին ցույց է տալիս իրենց թուլությունը։ Նման կերպ հարցերը չեն լուծվելու, կարող եք բոլորիս նստեցնել, բայց դա որեւէ բան չի փոխի, քանի որ մենք չենք խանգարում ձեզ կառավարել երկիրը, դուք ինքներդ եք խանգարում ձեզ՝ կառավարել այդ երկիրը»։

Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը կալանավորվել է, ըստ Ոստիկանության տեսանյութի, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով, ապա կալանավորել։

Տպել
Ամենաշատ