News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Հայաստանում որեւէ ատելության մթնոլորտ չկա, եթե կա էլ, ապա բոլորովին այլ տեղից է դա գալիս: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԱԺ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գրառմանը, ըստ որի ատելությունն ու ներքին թշնամանքը կարող են ուղղակի կործանարար լինել Հայաստանի համար:

«Դուք բոլորդ էլ լավ տեսնում եք, որ իշխանությունները իրենց հարցազրույցներում հորդորում են մարդկանց, որ հայհոյանքներով մեկնաբանություններ չգրվեն սոցիալական ցանցերում: Բայց արի ու տես, որ այնուամենայնիվ, կա: Բայց ասել, որ այ, Հայաստանում պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել, չկա նման բան, ուռճացվում է: Դա օրակարգային խնդիր չի»,-ասաց Հակոբյանը:

Նա նկատեց, որ վերջերս Վանեցյանը հայտարարել էր, թե երբ խոսում էր վտանգների մասին, նկատի ուներ նաեւ ՍԴ-ի հարցը. «Չգիտես ինչու, ստացվում է այնպես, որ լինում է խնդիր, դրանից հետո ինքը հայտարարում է, որ դա նկատի ուներ: Շատ լավ կլինի, որ Արթուր Վանեցյանը հիմա մատնանշի բոլոր խնդիրները, որ հետագայում տեսնենք՝ դրանք կան, թե չկան, այդ վտանգները տեղի կունենան, թե չեն ունենա»:

Հարցին, թե որքանո՞վ մրցունակ կլինի Վանեցյանի կողմից ձեւավորվող ընդդիմադիր բեւեռը, «Իմ քայլի» պատգամավորն արձագանքեց, որ չի կարծում, որ Վանեցյանն ուզում է ընդդիմություն ձեւավորել. «Արթուր Վանեցյանը դեռ ըստ իս փորձում է քաղաքականությամբ զբաղվելու հայտ ներկայացնել, միգուցե ներկայացրել է, բայց որքանով նրան կհաջողվի ձեւավորել ռեալ ընդդիմադիր բեւեռ, ես չեմ կարող ասել: Ըստ իս չի կարող ռեալ ընդդիմադիր բեւեռ ձեւավորվել Վանեցյանի շուրջը, որովհետեւ նա Արթուր Վանեցյան դարձավ հեղափոխությունից հետո, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվեց ԱԱԾ տնօրեն եւ մի քանի աղմկահարույց գործեր բացահայտեց: Այո, ժողովուրդը մի պահ ոգեւորված էր նրանով, բայց հիմա բոլորովին հակառակ պատկերն ենք տեսնում: Ժողովուրդը շատ լավ հասկանում է՝ ինչ է տեղի ունեցել եւ ես վստահ եմ, որ Արթուր Վանեցյանը այն փառքն ու պատիվը չի վայելում, որը վայելում էր իր պաշտոնավարման ընթացքում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է օրեր առաջ իր արած հայտարարությանը, թե Վանեցյանը հեղաշրջման փորձի համար է պաշտոնանկ արվել, Հրաչյա Հակոբյանն ասաց. «Դա իմ պնդումը չի եղել, ես ասել եմ, որ «Հայկական ժամանակ»-ի հոդվածը կարդալով ստացել եմ այդպիսի տպավորություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ