News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դավոսում հունվարի 21-ին մեկնարկում է Համաշխարհային տնտեսական համաժողովը: 2020 թվականին պետությունների առաջնորդների, միջազգային կազմակերպությունների եւ բիզնեսի ներկայացուցիչների հանդիպումը հոբելյանական կլինի:

Շվեյցարական Դավոսում 50-րդ նստաշրջանի միջոցառումները կտեւեն հունվարի 21-24-ը եւ կմիավորվեն՝ «Շահագրգիռ կողմեր հանուն համախմբված եւ կայուն աշխարհի» առանցքային թեմայով:

Համաժողովում քննարկելու են՝

նոր տեխնոլոգիաների զարգացման հարցերը եւ դրանց ներդրման հետեւանքով հնարավոր սպառնալիքները,

կլիմայի փոփոխությունը եւ մոլորակի կենսաբազմազանության պաշտպանությունը,

տեխնոլոգիական եւ սոցիալական վերափոխումների պայմաններում բիզնեսի զարգացումը,

առողջապահության խնդիրները,

մասնագիտական զարգացման հարցերը եւ «աշխատանքի շուկայի» ապագան,

«թեժ կետերում» ռազմական հակամարտությունների կարգավորումը:

ՀՏՀ-2020-ի շրջանակում մեկնարկում է երկու գլոբալ նախագիծ՝ կրթական ծրագիրը, որը կառնչվի 1 մլրդ մարդու, ինչպես նաեւ մոլորակի վրա 1 մլրդ ծառ տնկելու նախաձեռնությունը:

Հունվարի 20-ի երեկոյան տեղի է ունեցել հոբելյանական համաժողովի բացումը: Հունվարի 21-24-ը կհնչեն նստաշրջանի մասնակիցների ելույթները: Հունվարի 24-ին 12:00-ին տեղի կունենա փակման արարողությունը:

Դավոսի համաժողովի մասնակիցները

Համաշխարհային տնտեսական համաժողովը 2020 թվականին կունենա մոտ 3 հազար մասնակից 117 երկրներից։ Միջոցառումներին կմասնակցեն 53 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի, Ավստրիայի, Աֆղանստանի, Գերմանիայի, Հունաստանի, Իսրայելի, Իրաքի, Իտալիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Լեհաստանի, Պակիստանի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ այլն։

Դավոս կգան միլիարդատերեր աշխարհի 36 երկրներից, նրանց թվում՝ Մարկ Ցուկերբերգը, Ջորջ Սորոսը, Բիլ Գեյթսը։

Հունվարի 21-ին ժամը 11.00-ին համաժողովի ծրագրով նախատեսված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը։ Սպասվում է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի մասնակցության հաստատումը։

ՀՏՀ-2020-ի շրջանակում ելույթ կունենա էկոլոգիական ակտիվիստ Գրետա Թունբերգը՝ վառելիքի արդյունահանվող տեսակների գործում ներդրումները դադարեցնելու կոչով։ Շվեդ դպրոցականը Դավոս կգա արդեն երկրորդ անգամ։

Համաժողովի գլխավոր ելույթ ունեցողների ցուցակներում են նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ՆԱՏՕ գլխավոր քրատուղար Ենս Ստոլտենբերգը, ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, UNAIDS գործադիր տնօրեն Վինի Բյանիման, Եվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիսթին Լագարդը եւ այլք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ