News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Ես որեւէ մեկին անձնական վիրավորանք չեմ հասցրել, որովհետեւ վիրավորանքի համար պետք է լինի հասցեատեր. Ես չգիտեմ, թե ինչու որոշ մարդիկ իրենց համարեցին հասցեատեր: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով իր ելույթին, որն առիթ դարձավ, որ ԱԺ նիստերի դահլիճում քաշքշուկ լինի:

«Ես որեւէ մեկին որեւէ անձնական վիրավորանք չեմ հասցրել, ընդամենը հորդորել եմ, որ պայքարը լինի նաեւ այլ անհրաժեշտ ուղղություններով»,-ասաց նա:

Հարցին, թե իր ելույթը ԱԺ-ին հարի՞ր է համարում եւ բա՞րձր է գնահատում, նա ասաց, որ դա պետք է գնահատի հասարակությունը. «Մենք բացարձակ մեղքի բաժին չունենք: Ի՞նչ ենք արել, որ... Մեղքը պետք է կապված լինի հակաիրավական վարքագծի հետ: Եթե որեւէ մեկը կասի, թե որն է եղել մեր կողմից հակաիրավական վարքագիծը, մենք կփորձենք մեր մեղքը որոնել: Ի՞նչ է նշանակում սրել իրավիճակը: Պատգամավորն ունի խոսքի ազատության իրավունք, եւ որեւէ մեկն իրավունք չունի պատգամավորին իր խոսքի ազատության համար հետապնդել: Էս ի՞նչ երկրում ենք ապրում, խոսքի ազատություն էլ չունե՞նք»:

Դիտարկմանը, որ ԲՀԿ-ական պատգամավորները փորձեցին բռունցքներին ազատություն տալ, Գեւորգ Պետրոսյանն ասաց. «Այդպիսի բան չի եղել: Քաշքշոց բոլոր խորհրդարաններում էլ լինում է: Դա ոչ թե սովորական, այլ չբացառվող երեւույթ է: Իհարկե, շարունակություն չի լինելու, մենք մեր տեղը խելոք նստած ենք: Եթե այնտեղ ինչ-որ մեկը կուզենա շարունակություն փնտրել, թող գա որոնի»:

Անդրադառնալով քաշքշուկի պատճառներին, ԲՀԿ-ական պատգամավորն ասաց. «Արման Բաբաջանյանն ինչ-որ ոգեւորության հերթական փուլն էր ապրում, դրանից էր: Ինքն ասել է, որ ԲՀԿ-ից ինչ-որ մեկը պետք է ներողություն խնդրի: Տղա ջան, ինչ-որ մեկը չի, դու իմ անուն ազգանունը չգիտե՞ս: Էդ ի՞նչ խոսալու ձեւ է: Ինչի՞ է ինքը մտածել, որ թիրախում ինքն է»:

Դիտարկմանը, որ դա հիմք էր, որ ԲՀԿ-ականները դուրս գան ու փորձեն բռունցքներով իր «թասիբը» պաշտպանե՞ն, նա արձագանքեց. «Նախ թող մեկը փորձի իմ թասիբը վիրավորի, նոր հետո իմ ընկերները կհելնեն պաշտպանելու: Բայց ընդեղ տենց տղա չկա, որ կարենա իմ թասիբը վիրավորի: Իրենք էլ են ելնում տարբեր տեսակի ելույթներ ունենում: Բա էդ նույն Բաբաջանյան Արմանը խի՞ չէր հելնում ասում, որ «թաթիկները կտրելը» բռնության քարոզ է, չունե՞ր էդքան դուխ: Պտի Պետրոսյան գեւորգը խոսա, որ նոր Արման Բաբաջանյանի աստղը փայլի»:

Գեւորգ Պետրոսյանը պնդեց, որ իրենց կողմից ոչ մի անվայել արտահայտություն չի հնչել. «Մեզնից որեւէ մեկը նախահարձակ չի եղել, իրենք էին գրոհել: Բա որ գրոհում են, դու էլ պետք է պաշտպանվես: Գրոհը միայն պատերազմի դաշտում չի, ռինգ էլ կա»,-ասաց նա՝ հավելելով, որ ոչ մի հիմք չի տեսնում, որ իրեն կարող են զրկել ձայնի իրավունքից:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր ԱԺ նիստերի դահլիճում քաշքշուկ տեղի ունեցավ: Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձավ ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանի ելույթին, ով դահլիճում ներկա Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին ասել էր, որ քրեական հեղինակություններից բացի լավ կլինի պայքարել նաեւ այլ մարդկանց դեմ. «Երեք տառով բառ կա, նաեւ դրանց դեմ պետք է պայքարել»,-ասել էր Պետրոսյանը:

Արման Բաբաջանյանն իր ելույթի սկզբում նշեց, որ ԲՀԿ-ի անունից՝ ինչ-որ մեկն այստեղ պետք է ներողություն խնդրի այդ խայտառակ պահվածքի համար: «ԱԺ նախագահին կոչ եմ անում, որպեսզի անպայման արձագանքի այս անթույլատրելի պահվածքին»: Նրա խոսքի ժամանակ հնչեցին ծափահարություններ, իսկ տեղից ԲՀԿ-ական պատգամավորներից մեկն ինչ-որ բան ասաց, ինչին Բաբաջանյանն արձագանքեց. «Լռեք, երբ ես խոսում եմ: Երկչոտ ու վախվորած ոստիկանությունով ենք չենք կարող պայքարել քրեական աշխարհի ու հանցավորության դեմ»:

Այս ելույթից հետո Արման Բաբաջանյանը զբաղեցրեց իր տեղը, ինչից հետո ԲՀԿ-ական պատգամավոր Արթուր Դալլաքյաննը գնաց դեպի Արման Բաբաջանյանը, ով ոչ մի կերպ չարձագանքեց քաշքշոցին:

«Իմքայլական» պատգամավորներն ու ԲՀԿ-ականները  Դալլաքյանին չթույլատրեցին մոտենալ Բաբաջանյանին: Արձագանքելով միջադեպին՝ Արարատ Միրզոյանն ամբիոնից ասաց. «Պատգամավորները հերթագրվում ու ամբիոնից խոսում են եւ չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար, ով չի գիտակցում այս նորմերը, թող հրաժարվի մանդատից եւ «հայաթի բիսեդկում լռվի»։

Դեռ մեկ ելույթ հետո լարվածությունը ԱԺ նիստերի դահլիճում չէր անցնում: ԱԺ նախագահ Արարտ Միրզոյանը դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին՝ ասաց. «Ռազբորկա՞ եք ուզում անեք: Չէ, ուրեմն նստեք տեղդ, լսեք ելույթը եւ մի գնացեք նախորդ ելույթ ունեցողի մոտ»:

Տպել
Ամենաշատ