Այսօրվա միջադեպից հետո ես իրոք մտածում եմ՝ գուցե հեռուստատեսությամբ Ազգային ժողովի նիստերը հեռարձակելիս «18+» նշում անեն։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ խոսելով քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ-ում առաջացած քաշքշուկի մասին։
«Այսօրվա միջադեպից հետո ես իրոք մտածում եմ գուցե հեռուստատեսությամբ Ազգային ժողովի նիստերը հեռարձակելիս «18+» նշում անեն, որովհետև այն ինչ տեղի է ունենում, առնվազն համահունչ է այն արժեքների հետ, որոնք մասին մենք խոսում ենք։ Խոսում ենք ամեն օր, խոսում ենք ամբիոնից, լրատվամիջոցների հետ, խոսում ենք Ֆեյսբուքում։ Ինչ ենք մենք քննարկում, քննարկում ենք օրինագիծ, որի նպատակը հետևյալն է՝ հնարավորինս բարձրացնել քաղաքացու վստահությունը ֆորմալ և ոչ ֆորմալ իշխանության նկատմամաբ, թույլ տալ, որ ռեալ իշխանության կրողը՝ պետությունը կարողանա իրականացնել իր գործառույթները, հնարավորություն վերապահել քաղաքացուն ընկալել, որ ոստիկանը, իրավապահ մարմնի ներկայացուցիչը, քննչական մարմինները, դատախազությունը, դատարանն է իր իրական պաշտպանը»։
Վարդանյանի խոսքով՝ ներկայացված նախագիծը չափազանց կարևոր է․ «Ինչ ենք մենք քննարկում, քննարկում ենք օրինագիծ, որը նպատակ է հետապնդում կանխարգելել հացավորության մեջ նոր անձնանց ներգրավումը, մենք նպատակ ենք հետապնդում վերադառնալ այն քրիստոնեական արժեքներին, որոնք պետք է դրված լինեն մեր օրենսդրության հիմքում։ Նախագիծը չափազանց կարևոր է, կարևոր է նույնիսկ այն անձանց համար, ով ճակատագրի բերումով մեկ անգամ շեղվել է օրինական ուղուց, դատապարտվել է այս կամ այն հանցագործության համար, քանի որ մենք նաև ռեաբիլիտացիայի հնարավորություն ենք տալիս, կտրում ենք այն արատավոր կապը, որը կապում է նրանց քրեական ենթամշակույթի կրողների հետ»։