News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Սահմանադրական փոփոխությունների համար ստեղծված հանձնաժողովը կանդրադառնա ընդհանուր դատական համակարգին։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Եթե Սահմանադրությամբ չլուծվի ճգնաժամը, ապա էլ ինչպես պետք է լուծվի։ Ընդհանուր ուղղություն է սահմանված, որ ընդհանուր դատական համակարգին անդրադառնալու ենք, թե ոնց կանդրադառնանք, ես հիմա ճիշտ չեմ համարում հանձնաժողովը դեռ չձեւավորված իմ տեսլականը կիսեմ»,-նշեց նա։

Հարցին՝ «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի առաջարկը՝ ՍԴ-ն ու Վճռաբեկը փոխարինել Գերագույն դատարանով, ընդունելի՞ է, Բադասյանն ասաց՝ նախնական ընդունելի չէ։

Մեկ այլ հարցին՝ Սահմանադրության ո՞ր կետը պետք է փոխվի, որ հանրության վստահությունը ՍԴ-ի նկատմամբ ավելանա, նախարարն ասաց․ «Ընդհանրապես դատական իշխանության նկատմամբ պետք է վստահությունը բարձրանա, սահմանելով մոդել, թե ինչ մոդելի Սահմանադրական կամ Վճռաբեկ դատարան ենք պատկերացնում, եւ ինչպես պետք է լինի հին մոդելից նոր մոդելի տեղափոխումը»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ կարո՞ղ ենք ասել, որ փաստորեն չկարողանալով վաղ կենսաթոշակի մասին կարգավորմամբ լուծել ճգնաժամը, հիմա սահմանադրական փոփոխություններով պետք է փորձեն լուծել ճգնաժամը, ազատվել Հրայր Թովմասյանից, որին նախարարը պատասխանեց․ «Մեկը մյուսի հետ կապ չունի, վաղ կենսաթոշակի համար դեռ սահմանված ժամկետ կա, մենք կսպասենք, կտեսնենք՝ վաղ կենսաթոշակը կաշխատի, կաշխատի, չի աշխատի, չի աշխատի։ Դա ճգնաժամը մասամբ հաղթահարելու արագ քայլ էր»։

Հարցին՝  սուպերվարչապետական համակարգից ազատվելու խնդիր դրվո՞ւմ է սահմանադրական փոփոխությամբ, նա ասաց․ «Կնայենք, կսահմանենք՝ ինչ է նշանակում սուպերվարչապետական համակարգ, որովհետեւ տարբեր քաղաքական գործիչներ սուպերվարչապետության հետ կապված տարբեր կարծիքներ են արտահայտել։ Թողեք որ հանձնաժողովի մասնագիտական հատվածն իր կարծիքը հայտնի, լսենք իրենց կարծիքը»։

Բադասյանն ասաց, որ այնպիսի փոփոխություններ են նախաձեռնել, որոնք ենթադրելու են հանրաքվե։

Այն պնդումներին, որ Սահմանադրությունը 5 տարի հետո չի կարելի փոխել, նախարարը կարծիք հայտնեց, որ 2015-ի փոփոխությունները խայտառակություն էր․  «Սահմանադրության վերջին փոփոխությունը կարելի է խայտառակություն անվանել Հայաստանի պատմության մեջ, թե ինչ նպատակներով էր այդ փոփոխությունն իրականացվում։ Այս փոփոխությունը հասունացել էր հասարակական պահանջի եւ լայն հանրային քննարկման արդյունքում։ մենք չենք պատրաստվում իրավիճակային լուծումների համար ուղղակի սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել։ Եթե միայն դատական համակարգի նկատմամբ վստահությունը հնարավոր լինի բարձրացնել, ուրեմն միայն դրա համար անհրաժեշտ է սահմանադրական փոփոխությունը»։

Նա ասաց, որ ,մտադրություն չկա կիսանախագահական համակարգին անցնելու։

Հարցին՝ խորհրդարանական կայուն մեծամասնության հարցը քննարկվելու է, նախարարը պատասխանեց․  «Դա այն հարցն է, որ կքննարկվի, բոլոր դրական եւ բացասական հնարավոր էֆեկտները հաշվի կառնենք եւ կգանք եզրահանգման բոլոր խորհրդարանական եւ արտախորհրդարչանական ուժերի հետ քննարկումների համատեքստում»։

Նա ասաց, որ հաշվարկել են ժամկետները, եւ նախատեսում են, որ տարվա վերջում պատրաստ կլինի սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը կդրվի հանրաքվեի։

Բադասյանը տեղեկացրեց, որ նախատեսում են նախագծի համար միջազգային փորձաքննության տալ Վենետիկի հանձնաժողովին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ