News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունվարի 22-ից 23-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը: Սա դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Նիդերլանդների ԱԳ նախարարի առաջին երկկողմ այցելությունն է Հայաստան, որը լավ հնարավորություն է գնահատելու երկկողմ օրակարգը եւ նոր թափ հաղորդելու երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերություններին:

Հատկանշական է, որ նախարարի այցին նախորդել է Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի որոշումը՝ ՀՀ-ում դեսպանություն հիմնելու վերաբերյալ: Վերոշնյալ որոշումը Նիդերլանդների՝ Հայաստանում իրականացվող ժողովրդավարական փոփոխությունների աջակցության հստակ ազդակն է:

Անկախությունից ի վեր Նիդերլանդների կառավարությունն աջակցել է Հայաստանում կյանքի կոչվող զարգացման ծրագրերին:

Հայաստանի եւ Նիդերլանդների միջեւ համագործակցությունն ընթանում է մի շարք ոլորտներում՝ քաղաքական, առեւտրատնտեսական, գիտակրթական, ՏՏ, մշակութային, արդարադատության, տարածքային ենթակառուցվածքների, ապակենտրոնացված համագործակցության եւ այլն։ Ակտիվանում են գործարար կապերը, մասնավորապես գյուղատնտեսության, կաթնարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում։

Եվրամիության եւ անդամ պետությունների հետ հարաբերությունների համատեքստում մեծ նշանակություն ունի նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ որպես նաեւ կարեւոր գործիք Հայաստանում ընթացող  բարեփոխումները խրախուսելու համար: 2019թ. դեկտեմբերի 12-ին Նիդերլանդների ներկայացուցիչների պալատը վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Սենատը նույնպես վավերացրել է համաձայնագիրը։ Այժմ այն ներկայացվել է թագավորի հաստատմանը։

2019թ. հոկտեմբերին կազմավորվել է Նիդերլանդներ-Հայաստան բարեկամության  շրջանակը, որում ներգրավված են քաղաքական գործիչների, գործարարների եւ մշակույթի ու գիտակրթական ոլորտի գործիչներ: Շրջանակը հայկական կողմից ղեկավարում է ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, իսկ Նիդերլանդների կողմից` երկրի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, Քրիստոնեական միություն կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Ջոել Ֆորդեւինդը:

ԼՂ հիմնախնդրի հարցում Նիդերլանդները հանդես է գալիս ԵՄ ընդհանուր դիրքորոշմամբ` աջակցելով հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին:

Համագործակցությունը միջազգային հարթակներում

Հայաստանը եւ Նիդերլանդները սերտորեն համագործակցում են միջազգային կառույցների շրջանակում: Սա եւս մեկ ուղղություն է, որտեղ կարող է առավել արդյունավետ եւ ներառական համագործակցություն ծավալվել երկու երկրների միջեւ: Հայաստանը եւ Նիդերլանդները համագործակցում են միջազգային ասպարեզում ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման ուղղությամբ, մասնավորապես՝ ՄԱԿ համապատասխան բանաձեւերի համահեղինակման միջոցով:

2018թ․ փետրվարի 22-ին Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում: Նույն նիստի ժամանակ ընդունվել է մեկ այլ որոշում, համաձայն որը կանոնակարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներին Նիդերլանդների կառավարության մասնակցությունը։ 2019թ. հունիսի 11-ին Նիդերլանդների Խորհրդարանի լիագումար նիստում ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանության ժխտման եւ արդարացման փորձերը դատապարտող բանաձեւ:

2019թ. ընթացքում երկկողմ այցելություններ եւ հանդիպումներ

2019թ. հունվարի 28-ին Դավոսում միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Մարկ Ռուտեի հետ։

2019թ. փետրվարի 15-ին Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում է ունեցել Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի հետ։

2019թ. մարտի 8-ին ՀՀ ԱԳՆ-ում անցկացվել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարությունների միջեւ։

2019թ. հոկտեմբերի 9-11-ը հոկտեմբերի 9-11-ը ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պաշտոնական այց է կատարել Նիդերլանդների Թագավորություն:

2019թ. նոյեմբերի 12-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիդերլանդների նորանշանակ դեսպան Մարիա Կրիստինա վան Կոլդամը (նստավայրը` Թբիլիսի):

Տնտեսական ոլորտ

Երկկողմ առեւտրա-տնտեսական հարաբերությունները վերելք են ապրում: Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառության ծավալը Նիդերլանդների հետ 2019թ. հունվար-հոկտեմբերին ըստ ապրանքի ծագման երկրի կազմել է 162 617.1 հազ. ԱՄՆ դոլար, որը 2018թ. նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 9.2%-ով, իսկ ըստ արտահանող երկրի` 246 491.9 հազ. ԱՄՆ դոլար, որը 2018թ. հունվար-հոկտեմբերի համեմատ աճել է 38.9%-ով: Արտահանումը Հայաստանից Նիդերլանդներ աճել է 26.7%-ով եւ կազմել է 132 128.6 հազ. ԱՄՆ դոլար:

2019թ. հունվար-սեպտեմբերին նիդերլանդական ներդրումները հիմնականում իրականացվել են մետաղական հանքաքարի արդյունահանման, ծրագրային ապահովման մշակման, խորհրդատվությունների եւ հարակից գործունեության համակարգչային տեխնոլոգիաների գործունեության ոլորտներում:

2019 թվականի I կիսամյակում Հայաստանից Նիդերլանդներ  արտահանված եւ աճ ապահոված հիմնական ապրանքատեսակներն են, ի թիվս այլոց, երկաթահամահալվածք, ալյումինե նրբաթիթեղ, հագուստ, ալկոհոլային խմիչքներ, համակարգիչներ եւ դրանց բլոկներ:

2019 թվականի I կիսամյակում Հայաստան Նիդերլանդներից  ներմուծված եւ աճ ապահոված հիմնական ապրանքատեսակներն են դեղամիջոցներ, տնկաշիվեր, կենդանի այլ բույսեր, գյուղատնտեսության նշանակության ապրանքներ, շարժիչային փոխադրամիջոցներ եւ այլն:

Դրական դինամիկա է առկա զբոսաշրջության բնագավառում. Նիդերլանդներից Հայաստան ընդհանուր այցելությունների թիվը 2019թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է՝ 12155, ինչը 23%-ով ավել է 2018թ. հունվար- սեպտեմբեր ամիսների համեմատ:

Տպել
Ամենաշատ