News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Լավ իմացեք, ՀՀԿ–ից պրծնողը վաղը հաստատ ձեզանից էլ կպրծնի։ Այս մասին այսօր՝ հունվարի 21–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետարանի դիմաց հավաքված անասնապահներից մեկը։ Նրանք  հանդիպելու են Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ, որը բանակցելով առավոտից փողոց փակած մարզի անասնապահների հետ, նրանց հրավիրել էր քննարկման։

Գյուղացիների խոսքով՝ մսավաճառները վատ միսը վաճառում են աղացած վիճակում.  «Թող ՍԱՏՄ–ն գնա այդ աղացած մսերի մեջ ման գա, մի կպեք այս ժողովրդին, ժողովուրդը գոյատեւման խնդիր ունի։ Այս ժողովուրդը 2 տարի առաջ ոտքի ելավ, կոնկրետ ես, վտանգելով իմ ընտանիքը, իմ երեխեքի հետ գնացել, կանգնել եմ մահակների դիմաց, որպեսզի բան փոխվի երկրում, որպեսզի իմ զինվորը գնա բանակ ու հետ վերադառնա։ Այսօր ես դրա համար էլ եմ սկսում կասկածել։ Վիճակը շատ վատ է։ Սպանդանոցները չեն լինելու, չենք թողնելու, կոնկրետ ես մինչեւ վերջ կանգնելու եմ, ուզում եք՝ տարեք, դատեք»։

Արարատի մարզի բնակչուհին կառավարության այս որոշումը որակեց մեջքից հարված  գյուղացուն. «Այդ սպանդանոցն իրեն չի արդարացնում միայն այն պատճառով, որ իմ անասունը 2 մետր գոմից չի կարող հեռանալ։ Այդ 200 կիլոգրամ միսը չի միայն, նրա ընդհանուր քաշը՝ 500 կգ է։ Թող փորձի մեկն այդ անասունին գոմից դուրս հանել, մենք գոմից դուրս ենք գալիս, միայն մորթողն է մոտ գալիս, որ օգնի հանեն դուրս, որ մորթեն։ Սա այն դեպքն է, երբ մարդ կա աշխարհն է շալայած տանում, մարդ կա ելել է շալակն աշխարհի։ Հենց ուզում ենք մի ոտքն ամրացնել հողին, երկրորդով կանգնենք, մեջքից խփում են։ Թողեք ժողովուրդն ապրի, ինչքա՞ն պետք է խեղճացնեք»։

Գյուղացիները նաեւ կասկածներ ունեն, որ կենդանիների որոշ հիվանդություններ հատուկ են տարածվում. «Երբ մեր պետական այրերն ուզում են, որ մենք անասուն չպահենք, դեղեր ներկրողներն իրենց հետ բերում են պատվաստանյութ, որը կենսաբանական զենք է։ Ի՞նչ գործ ունի Հայաստանում խոզի ժանտախտը, թռչնագրիպը։ Հենց գյուղացու ունեցած անասնագլխաքանակն ավելանում է, սեւ ամպը կուտակվում է եւ ձվի չափ կարկուտն ուղիղ գյուղացու գլխին է խփում։ Այսօր նույնիսկ 1700 դրամով խոզի միս վերցնող չկա, բայց յուրաքանչյուր «Սիթի» մտեք՝ 4000 դրամից ավելի եք վճարելու այդ խոզի մսի 1 կիլոգրամի դիմաց։ Այդ մարդիկ մեզ թելադրում են իրենց գինը։ Ո՞վ ենք մենք, երբ մեր պետական այրերը չեն լսում մեզ, չեն գալիս մեր կողքին կանգնեն։ Սննդի տեսչության պետ, օլիգարխ, դու գիտե՞ս սպանդանոց տանել–բերելու համար ի՞նչ ծախսեր են արվում»։

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից ուժի մեջ է մտել կառավարության ընդունած որոշումը, ըստ որի` Հայաստանի ամբողջ տարածքում վաճառվող միսը պետք է ունենա անասունի՝ սպանդանոցում մորթված լինելը հավաստող փաստաթուղթ, ինչն անվտանգության երաշխիք է։

Հիշեցնենք նաեւ, որ անասնապահները եւ մսավաճառները մի քանի օր բողոքի ակցիաներ են իրականացրել Կառավարության շենքի առջեւ պահանջելով վերանայել այդ որոշումը։ Երեկ ակցիայի մասնակիցները մի քանի րոպեով փակեցին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտան այնուհետեւ կառավարությունից, որեւէ արձագանք չստանալով կոչ արեցին, որպեսզի ՀՀ բոլոր մարզերում բնակիչները փողոցները փակեն։

Այսօր վաղ առավոտից ցուցարարները Արարատի, Արմավաիրի, Կոտայքի մարզերում ճանապարհները փակել էին։ Արարատի մարզում փողոց փակած բնակիչների հետ հանդիպման էր եկել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Նա բնակիչներին հորդորեց բացել ճանապարը, խոստանալով՝ մարզպետարանում հանդիպել եւ քննարկել այս հարցը։

Տպել
Ամենաշատ