News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի հարեւանության եւ ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության լրատվության ծառայությունից։

Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին եւ շնորհավորելով անցած տոների կապակցությամբ, մաղթել է նույն կառուցողական հունով շարունակել բեղմնավոր աշխատանքը եւ համատեղ ծրագրերի իրականացումը 2020 թվականին: Փոխվարչապետը գոհունակությամբ է նշել, որ երկկողմ համագործակցության օրակարգի բոլոր հարցերով առաջընթաց է արձանագրվել: Մհեր Գրիգորյանը, մասնավորապես, շեշտել է ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) կիրարկման հաջող գործընթացը՝ անդրադառնալով 2019 թվականի վերջին կայացած Գործընկերության կոմիտեի արդյունքներով համատեղ հայտարարությանը: Փոխվարչապետը ներկայացրել է ոլորտային ռազմավարությունների մշակման ու հաստատման գործընթացը եւ Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակման տրամաբանությունը՝ առանձնացնելով հիմնական մեգանպատակներն ու դրանց կապը ՀԸԳՀ-ի եւ Կայուն զարգացման նպատակների հետ: Մհեր Գրիգորյանը կարեւորել է Հայաստանի զարգացման գործընկերների ներգրավվածությունը ռազմավարությունների մշակման գործընթացում՝ անդրադառնալով առանձին ռազմավարությունների քննարկման ընթացքում դոնոր համայնքի ներկայացուցիչների մասնակցությանը:

Վասիլիս Մարագոսը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, տարեսկզբյան հանդիպումը լավ առիթ է համարել համատեղ կատարված աշխատանքը գնահատելու եւ առաջիկա անելիքները ուրվագծելու համար: ԵՄ պաշտոնյան բարձր է գնահատել ձեւավորված արդյունավետ համագործակցությունը, որի շնորհիվ ավելացել է նաեւ Հայաստանին տրամադրվող աջակցությունը: Ընդգծելով, որ կարեւոր է ՀՀ-ԵՄ համագործակցության շնորհիվ իրականացված աշխատանքն ու իրական արդյունքները՝ Վասիլիս Մարագոսը պատրաստակամություն է հայտնել շարունակելու զարգացնել հարաբերությունները Հայաստանի հետ եւ լինելու նրա վստահելի գործընկերը՝ երկրի զարգացմանը միտված ծրագրերում:

Զրուցակիցները երկուստեք կարեւորել են արդարադատության ոլորտի եւ ոստիկանության բարեփոխումների իրականացումը: Վասիլիս Մարագոսը դրական է գնահատել այս ոլորտներում կառավարության արդեն իսկ իրականացված բարեփոխումները եւ նախանշած անելիքները: Անդրադարձ է կատարվել Արեւելյան գործընկերության շրջանակներում ԵՄ-ի կողմից առաջիկայում ներկայացվելիք առաջնահերթություններին եւ 2020 թվականից հետո համատեղ ծրագրավորման ուղղություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ