News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 25
USD
478.42
EUR
517.55
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Թույլ տվեք, որ ստեղծվի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով, որովհետեւ, ի վերջո, դուք վատ վիճակի մեջ եք դնում Երեւանի ձեր քաղաքապետին, ով վստահ եմ՝ լավ իրավախորհրդատուներ ունի եւ ինձ ուղղորդել էր «Կամազգեյթի» հետ կապված բոլոր հարցերն ուղղել ԱԺ-ում իրավունքի ուժով ստեղծված  հանձնաժողովին: Այս մասին, ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ կոչ անելով կողմ քվեարկել այդ քննիչ հանձնաժողովի ստեղծմանը:

Նա դիմեց «Իմ քայլի» պատգամավորներին՝ նշելով. «Ի վերջո, դուք այդ հանձնաժողովում ունենալու եք մեծամասնություն եւ կարող եք փարատել քաղաքական ուժերի, հանրության մեջ եղած բոլոր այն օբյեկտիվ, ողջամիտ կասկածները, որոնք կան «Կամազգեյթ» էպոպեայի հետ կապված»:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյաննէլ ասաց, որ քննիչ հանձնաժողովի ստեղծման տապալումը վատ նախադեպ է լինելու Հայաստանի համար:

Իր հերթին, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց. «Վատ նախադեպն այն է, երբ իրավունքի ուժով ստեղծված հանձնաժողովը իրականացնի գործառույթներ, որն իր լիազորությունների մեջ չի մտնում եւ պարունակում է հակասահմանադրական տարրեր: Մենք ունենք իրավական կազուսային իրավիճակ, երբ մի կողմից իրավունքի ուժով կարող է ստեղծվել քննիչ հանձնաժողով, մյուս կողմից այն լիազորությունները, որ տրված են ՏԻՄ-ին, հնարավորություն չի ընձեռում ԱԺ-ին դա անել: Մենք որեւէ նման իրավունք չունենք: Դա կարող է անել բացառապես Երեւանի ավագանին: Մեր առաջարկն է, որ «Լուսավոր Հայաստանի» առաջարկած այդ քննությունն անցկացվի հենց ավագանու միջոցով»,-ասաց Մակունցը՝ հիշեցնելով, որ նախօրեին Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է այն դրույթները, որով ԱԺ-ն այդ լիազորությունները չունի:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ նշեց, որ չէր ուզենա տպավորություն ստեղծվի, թե «Իմ քայլը» խմբակցությունը հանրությանը հետաքրքրող որեւէ հարցով հետազոտությունները կոծկելու ցանկություն ունի. «Բայց դա պետք է արվի ինստիտուցիոնալ ձեւով»:

Խոսք վերցրեց նաեւ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը՝ նշելով. «Մի քիչ տարակուսանքի մեջ եմ. փաստորեն ստացվում է, որ քաղաքապետը չի տիրապետում իրավական նորմեքին,  որովհետեւ երեկ ներկայացված նամակում հստակ նշված էր, որ այդ բոլոր հարցերը ստեղծված հանձնաժողովի շրջանակներում հնարավոր է բարձրացնել եւ լուծել»:

Ի վերջո, քվերակությամբ ԼՀԿ-ի առաջարկը մերժվեց, քանի որ «Իմ քայլը» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությունը. Արձանագրվեց 39 կողմ, 2 դեմ ձայներ:

Տպել
Ամենաշատ