News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 18
USD
479.05
EUR
519.43
RUB
7.57
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

«Ժառանգություն» կուսակցությունը անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, հանդես է եկել հայտարարությամբ.

«Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական իրավիճակի 2020թ. վերջին զարգացումները մեր պետությունից պահանջում են արագ եւ վճռական արձագանքում, բազմակողմ գործողություններ հանրային համերաշխության ու փոխըմբռնման մթնոլորտում:

«Ժառանգություն» կուսակցությունն արձանագրում է, որ, ցավոք, ՀՀ պետական համակարգը կարեւորագույն ոլորտներում տեղապտույտի մեջ է,  իսկ հասարակական, քաղաքական փոխըմբռնումը գաղափարակից ուժերի միջեւ գնալով թուլանում է:

ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահը, որը քննվում է ինքնասպանության հասցնելու հոդվածով, առավել բեւեռացրեց իրավիճակը. պարզ դարձավ, որ Հայաստանում դրսի եւ ներսի աջակցությամբ դեռեւս ամուր են այն ուժերը, որոնք կարող են իրենց նպատակների իրականացման ճանապարհին սպանություններ կատարել, ինքնասպանության հասցնել՝ համոզված լինելով, որ նախկինի պես ոչինչ չի բացահայտվի, եւ անպատիժ կշարունակեն իրենց հանցագործ ծրագրերը՝ ի վնաս մեր  պետական անվտանգության:

Պետության համար նույնքան վտանգահարույց են տնտեսական եւ սոցիալական քաղաքականության մեջ թույլ տրվող բացթողումները: Նախաձեռնվում են արտաքուստ բարի մտադրություններ կամ տրամաբանություն հետապնդող քայլեր, որոնք սխալ ելակետ ունեն, բնավ մշակված չեն, որի հետեւանքով պետական, հանրային շատ ոլորտներ ցնցումների մեջ են հայտնվում:

Այսպես՝ մարզային ոչ մեծ ծննդատների փակման որոշումները այն պատճառաբանությամբ, թե այնտեղ բավարար ծննդօգնություն չի մատուցվում, մասնագետներ չկան, ծնունդները քիչ են, ապացուցում է, որ պետությունն օտարվում է իր հիմնական գործառույթից՝ ապահովել ենթակառուցվածքների ու տարածքների համաչափ զարգացումը՝ կանխելով բնակչության կործանարար կենտրոնացումը խոշոր քաղաքներում: Կամ՝ միայն սպանդանոցներում կենդանիների մորթը կազմակերպելու ճիշտ մոտեցումն այնքան անպատրաստ, հապշտապ եւ անշրջահայաց ներդրվեց, որ մեր պետության մեջ կրկին փողոցներ են փակում, բողոքի օղակի մեջ սեղմում կառավարության շենքը:

Իրավիճակի կարգավորման քաղաքական գործիքները նահանջում են ոչ քաղաքական եւ բնավ ոչ քաղաքակիրթ մեթոդների առջեւ: Ազգային ժողովում օրերս ծավալված բանավեճերի մակարդակը վկայում է, որ  գողական կամ բակային ենթամշակույթը դեռ շատ ամուր է խորհրդարանական կառավարում որդեգրած մեր պետության մեջ:

«Ժառանգությունը», որն իր գործունեության ողջ ընթացքում պայքարել է ազատ եւ ժողովրդավարական արժեքների հաղթանակի համար՝ հանուն ինքնիշխան. անվտանգ, եւ կայուն առաջընթաց ապահովող Հայաստանի, մտահոգությամբ նշում է, որ ՀՀ իշխանության բոլոր թեւերում՝ դատական, օրենսդիր եւ գործադիր, խորանում է ընդհանուր կառավարման ճգնաժամը, վստահության ներուժը սասանվում է: Սխալների եւ դրանց ուղղման թիվ մեկ պատասխանատուն  վարչապետն է՝ Նիկոլ Փաշինյանը: Հանուն ժողովրդավարական, թավշյա եւ ոչ բռնի հեղափոխության վերջնական հաղթանակի վարչապետը պետք է նախաձեռնի նոր քայլ՝ բարենորոգելու  դատական, օրենսդիր եւ գործադիր մարմինների աշխատանքը հնարավոր իրավաքաղաքական մեթոդներով: Կլինի դա ազգային համաձայնության կառավարության կազմումը, ուժային կառույցների բարենորոգումը, դատական համակարգի վերբեռնումը, թե՞ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստումը: Հանրությունը եւ գաղափարակից քաղաքական-հասարակական ուժերը սպասում են վճռական քայլին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել