News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 24
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանն այսօր ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի  եւ Արեւելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը եւ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորին:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը կարեւորել է Եվրոպական հանձնաժողովի հարեւանության հարցերով գլխավոր տնօրինության դերակատարումը Արեւելյան գործընկերության երկրներում, մասնավորապես Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների կայացման, մարդու իրավունքների պաշտպանության եւ արդարադատության համակարգի զարգացմանն ուղղված նախագծերի իրականացման գործընթացներում: Այս առումով շեշտվել է հատկապես ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ստորագրված Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նշված ոլորտների ռազմավարական բարեփոխումների հիմնական ուղղությունների ու նպատակների սահմանումը: Արմեն Հարությունյանն ընդգծել է դրանց նշանակությունը հատկապես 2018թ. տեղի ունեցած հասարակական-քաղաքական շրջադարձային փոփոխություններից հետո Հայաստանում սկսված կոռուպցիայի դեմ պայքարի, դատաիրավական համակարգի լայնածավալ բարեփոխումների լույսի ներքո:

Տիկին Անդրեա Վիկտորին բարձր է գնահատել դատաիրավական ոլորտում բարեփոխումների իրականացման հարցում ՀՀ կողմից դրսեւորվող հետեւողականությունն ու առարկայական ձեռնարկումները՝ փոխանցելով հատկապես բյուջետային աջակցության ծրագրերի միջոցով այդ նախաձեռնություններին օժանդակելու ԵՄ-ի պատրաստակամությունը:

Իր հերթին պարոն Վասիլիս Մարագոսը նկատել է, որ ՀՀ դատախազությունն ակտիվորեն ներգրավված է ինչպես բարեփոխումների ռազմավարական ուղղությունների նախանշման, այնպես էլ իրականացման գործընթացներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում դատախազության կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հեռանկարները, որոնց ուղղությունների մասին նախնական քննարկումներ էին ծավալվել դեռեւս 2019թ. հուլիսին ՀՀ գլխավոր դատախազի հետ կայացած հանդիպման ընթացքում:

Խոսքը, վերաբերում է, օրինակ, այլընտրանքային խափանման միջոցների, մասնավորապես տնային կալանքի ինստիտուտի ներդրմանն համար անհրաժեշտ տեխնիկական օժանդակությանը, որի արդյունքում էականորեն կնվազեն խափանման միջոց կալանքի կիրառման դեպքեր:

Բացի այդ, նկատի ունենալով, որ վերջին շրջանում ավելանում է համակարգչային տեխնիկայի օգտագործման միջոցով կատարված հանցագործությունների թիվը եւ դրանց քննության ընթացքում երբեմն առաջանում են որոշակի դժվարություններ՝ ՀՀ դատախազության կողմից առաջարկվել է քննարկել դատախազների եւ քննիչների համար կիբերհանցագործությունների գործերով քննության մեթոդիկայի վերաբերյալ վերապատրաստման դասընթացների կազմակերպման, հմտությունների կատարելագործման այլ եղանակների կիրառման հնարավորությունները:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը նշել է, որ հատկապես ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո, կոռուպցիոն եւ ֆինանսական հանցագործունթյունների գործերով դատավարական հսկողություն իրականացնող  դատախազներին մեթոդաբանական, փորձագիտական աջակցություն ցուցաբերելու կարիք է առաջանալու, որը եւս ԵՄ ծարգրերի շրջանակում գործակցության լայն հնարավորություններ է ստեղծում:

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել նշված բոլոր ուղղություններով համագործակացության նախագծեր մշակելու, այդ նպատակներով շփումներն առավել ինտենսիվ դարձնելու վերաբերյալ:     

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել