News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միակ հրահանգը եղել է հնարավորինս օպերատիվ հասնել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան վայր եւ դեպքի վայրը պահպանելը։ Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, ԱԺ-ի հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Երբ ինձ զեկուցել են Գեորգի Կուտոյանի հետ կապված ահազանգի մասին, որովհետեւ ի սկզբանե ահազանգ է եղել, որից հետո ոստիկանությունը մեկնել է դեպքի վայր։ Իմ միակ հրահանգն է եղել հնարավորինս օպերատիվ տեղ հասնել եւ պահպանել դեպքի վայրը, որպեսզի որեւէ առարկա այնտեղից չանհետանա, բոլոր հանցանշանները հնարավորինս պահպանվեն։ Հիմա ինչքանո՞վ է ոստիկանության հասնելու պահին դեպքի վայրը եղել այնպիսին, ինչպիսին արձանագրել է ոստիկանությունը, դա, իհարկե, քննության արդյունքում կպարզվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւ Հայրապետյանի հարցին՝ արդյո՞ք պետք չէ պահպանել այն մարդկանց անվտանգությունը, որոնք իրենց անպաշտպան զգալով, դիմում են որեւէ մարմնի, վարչապետ Փաշինյանը պատասխանել է.

«Գեորգի Կուտոյանին կամ որեւէ այլ անձի հսկողության տակ պահելու համար պետք է իրավական հիմք։ Ենթադրենք՝ դեպքից առաջ ինչ-ինչ հանգամանքների բերումով մտնում էին իրավապահ մարմինները եւ դեպքը կանխում էին, պատկերացնո՞ւմ եք դրանից հետո ինչ էր լինելու, ես ստիպված էի լինելու պատասխանել, թե ինչ իրավական հիմքով են հսկողություն սահմանել Գեորգի Կուտոյանի նկատմամբ, ընդդիմությանը հետապնդում են եւ այլն։ Իշխանությունը կարող է միշտ բոլորի գործողությունները վերահսկել։ ՀՀ ոստիկանությունն այդպիսի գործառույթներ իրականցնում է։ Կան քաղաքացիներ, որոնք որոշակի հիմնավորումներով դիմում են, որ խնդիր ունեն եւ կրկին օրենքով սահմանված դեպքեր կան, եւ այդ դեպքերում մարդկանց անվտանգությունն ապահովվում է։ Ոստիկանությունը կամուրջների մոտ հերթապահություն է անում, բայց, ցավոք, լինում են ինքնասպանության դեպքեր»։

Վարչապետն ասաց, որ ՔԿ-ի պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որը շատ նուրբ իրավիճակներ է ստեղծում. «գործողությունը, որի արդյունքում մահը վրա է հասել՝ ինքնասպանությունն է»։

Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Երեւան քաղաքի Պարույր Սեւակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ