News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Անասնաբուծությամբ զբաղվողները դժգոհ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկից, ըստ որի նրանց մինչեւ հուլիսի 1-ը ժամանակ է տրվել օգտվել կառավարության առաջարկած սուբսիդավորվող վարկերից եւ միանալ սպանդանոցներ կառուցելու գործին:

«Ուղիղ եթերով գյուղացուն անտեսեց, գցեց ցեխը, քաշվեց մի կողմ: Ցեխ շպրտեց գյուղացու վրա, գյուղացու կաթը վերջին ձեւով անպատվեց, անորակ սարքեց: Մոռանում է, որ մի գյուղացի էլ ինքն է, եթերում էլ մի անգամ խոզ է խանձել հայրական տանը: Այդ դեպքում ինքը մաքուր միս է՞ կերել: Անձամբ ես իր կողմից վիրավորանք զգացի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Նոր Կեսարիա գյուղի անասնապահներից մեկը:

Վարչապետը նաեւ նշել է, թե հետաձգումը չի վերաբերում այն մսամթերքին, որը կվաճառվի Երեւանի սուպերմարկետներում, ռեստորանային եւ հանրային սննդի ցանցերում, միսն այնտեղ պետք է ուղարկվի միայն սպանդանոցներից։

«Մեզ ձեռք չի տալիս դա: Եթե մենք այսօր չենք կարող միս մտցնել Երեւան, մարզերում այդքան միս չի կարող ծախվել»,- ասաց նա:

Մրգաշատ գյուղի անասնապահները նույնպես վրդովված են վարչապետի ելույթից:

«Պետք է ուղղակի մորթել անասուններին ու գաղթել: Վաղվանից կմորթեմ, կգնամ խոպան: Անասուններին ծախում եմ, ընտանիքիս վերցնեմ գնամ Հայաստանից»,- նշեց նրանցից մեկը:

Նշենք, որ վարչապետն ասել էր նաեւ, որ ՀՀ-ում արտադրվող կաթը չի համապատասխանում այն չափանիշներին, որն անհրաժեշտ բարձրորակ արտադրանք ստանալու համար:

«Թրիքոտ կաթով հնարավոր չի բարեկեցություն ստանալ: Չի կարելի պահանջել, որ մթերողները թրիքոտ կաթը մթերեն»,- ասել էր նա:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 15-ից պարտադիր է դառնում սպանդանոցային մորթը, առանց որը հաստատող փաստաթղթի մսի վաճառք իրականացնողները կտուգանվեն: Սա առաջացրել էր բողոքի ալիք տարբեր մարզերի անասնապահների եւ մսավաճառների շրջանում: Նրանք մի քանի օր բողոքի ակցիաներ էին իրականացրել Կառավարության շենքի առջեւ պահանջելով վերանայել այդ որոշումը։ Ակցիայի մասնակիցները մի քանի րոպեով փակել էին մայրաքաղաքի Տիգրան Մեծի պողոտան, այնուհետեւ կառավարությունից որեւէ արձագանք չստանալով, կոչ էին արել, որպեսզի ՀՀ բոլոր մարզերում բնակիչները փողոցներ փակեն։ Նախօրեին եւ այսօր բողոքի ակցիաները շարունակվել են, մարզերում մայրուղիներ էին փակվել՝ ի նշան բողոքի: Անասնապահները տեղեկացրին, որ չեն բացառում, որ իրենց բողոքի ակցիաները կշարունակվեն:

Տպել
Ամենաշատ