News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 17
USD
479.05
EUR
519.53
RUB
7.54
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Եթե մինչև հիմա խոսվում է գործող իշխանությունների անփորձության մասին, ապա դա նշանակում է, որ կա՛մ կադրերն ունակ չեն իրենց աշխատանքն անել, կա՛մ ցանկություն չունեն անելու: Այս մասին 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասել է  քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը: Իշխանությունն, ըստ նրա,  հենց այն բանի համար է, որ կարողանա պատասխանատվություն վերցնել, այդ թվում՝ նաև ոչ պոպուլյար որոշումների համար:

«Նույն մսավաճառների պարագայում որևէ մեկը կասկածի տակ չի դնում, որ պետք է այդ ոլորտում հարաբերությունները և գործընթացները ցիվիլ հողի վրա դնել: Խնդիրն այն է, որ պետք է համապատասխան ենթակառուցվածքներ ձևավորել և միայն դրանից հետո կյանքի կոչել այդ որոշումը: Կարծում եմ՝ կլինի վախ՝ դժգոհությունից, և սա նորմալ պրակտիկա չէ իշխանության համար: Որևէ որոշում ընդունելուց առաջ իշխանությունը պետք է 100 անգամ չափի, նոր կտրի»,- ասել է նա:

Քաղտեխնոլոգի խոսքով՝ երբ խնդիրների տարբեր շահառուներ սկսում են հասկանալ, որ իշխանությունն իրենց խնդիրները չի ուզում լուծել, նրանք սկսում են կամա թե ակամա որոնել այլընտրանքներ.  «Այդ այլընտրանքների որոնումներն ընթանում են քաղաքական դաշտում: Որևէ մեկը թող կասկած չունենա, որ արդեն 2020թ. այդ քաղաքական այլընտրանքները սկսելու են ձևավորվել: Եթե ձևավորվի պահանջարկ,  կլինելի նաև առաջարկ: Արդեն քաղաքական դաշտում ձևավորվում են ընդդիմադիր տարբեր սեգմենտներ՝ նախկիններ, նորեր, դեռևս հայտ ներկայացնողներ, և այլն: Այսինքն՝ եթե տարբեր խմբերի սոցիալ-տնտեսական հարցերը լոկալ մակարդակում չլուծվեն, ապա ուշ թե շուտ դրանք վերածվելու են ընդհանուր քաղաքական խնդրի՝ արդեն իշխանության համար, և պարարտ հող՝ ընդդիմության համար»:

Վիգեն Հակոբյանն անդրադարձել է նաև Նիկոլ Փաշինյանի վարկանիշին. «Ժամանակն աշխատում է Նիկոլ Փաշինյանի դեմ. ակնհայտ է, որ նրա վարկանիշն ընկնում է: Ինչ-որ տեղ դա բնական է, որովհետև ցանկացած գործադիր իշխանություն, այն էլ՝ այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, որտեղ սոցիալ-տնտեսական վիճակը ծանրագույն է, անկախ նրանից, թե ինչ վիճակագրական տվյալներ են հիմա ներկայացվում, այդպիսի երկրներում կառավարությունը չի կարող ունենալ շատ բարձր վարկանիշ: Շատ դեպքերում նույնիսկ անզեն աչքով է երևում, որ 2018թ. մայիսի և ներկայիս վարկանիշները համեմատելու չեն»:

Խոսելով խորհրդարանում տեղի ունեցած միջադեպի մասին, երբ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի վերաբերյալ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հնչեցրած խոսքերից հետո քաշքշուկ սկսվեց, Վիգեն Հակոբյանն ասել է. «Այսօր հիվանդագին դրսևորումների ենք ականատես լինում: Խորհրդարանում տեղի ունեցածին գուցե շատ հանգիստ վերաբերվեի, որովհետև ես միշտ էլ ասում եմ, որ շատ ավելի զարգացած, շատ ավելի մեծ ավանդույթներ ունեցող խորհրդարաններում այդ ամենը նորմալ է: Բայց այն լարվածությունը, այն ատելության մթնոլորտը, որ կա մեր հասարակության մեջ, արդեն ներթափանցել է խորհրդարան: Խորհրդարանում դա արդեն դժվարությամբ են քողարկում: Հնարավոր չէ հասարակությանը բաժանել սևերի և սպիտակների, իսկ խորհրդարանում այդ բաժանումը չլինի: Բացի դրանից, լարվածությունն այնպիսին է, որ էներգիայի մի տեսակից վերածվում է այլ տեսակի՝ արդեն ֆիզիկական դրսևորում է ունենում»:

Նրա խոսքով՝ հիմա որոշակի քաղաքական տրանսֆորմացիաներ են տեղի ունենում. «Կլինե՞ն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, թե՞ ոչ՝ կախված է մի շարք գործոններից: Ո՞ր դեպքերում են լինում արտահերթ խորհրդարանական ընտրություններ. առաջինը, երբ կոնկրետ օրվա իշխանությունը հասկանում է, որ, ասենք, ևս երկու տարի նմանատիպ ռեյտինգով ինքը չի ձգելու, և եթե ընտրությունները հերթական լինեն, ապա չի բացառում, որ այդ դեպքում վերարտադրման հնարավորությունը ցածր կլինի, և փորձում է ժամանակից շուտ՝ հենց այն պահին, երբ իր վարկանիշը բավարար է, որպեսզի վերարտադրվի, ինքն է նախաձեռնում արտահերթ ընտրություններ: Նման դեպքեր մենք շատ երկրներում տեսնում ենք: Երկրորդն այն պարագայում է, երբ հանրային տրամադրությունները այլևս չեն համապատասխանում ուժերի հարաբերակցությանը նույն խորհրդարանում: Երրորդ դեպքն ուղղակիորեն հեղափոխական գործընթացներն են: Եվ չորրորդը կա, որ լուրջ տրանսֆորմացիաներ են լինում բուն խորհրդարանում: Այսինքն՝ մեծամասնության մեջ տեղի են ունենում փոփոխություններ. այսօր դու ունես 88 ձայն, ինչ-ինչ պրոցեսների ազդեցության տակ այդ 88 ձայները սկսում են վերաբաշխվել, կոպիտ ասած՝ փախչում են այդ ձայները, միավորվում են խորհրդարանական ընդդիմության հետ, և ուժերի հարաբերակցությունը փոխվում է»:

Վիգեն Հակոբյանն այս պահին  ավելի հավանական է համարում չորրորդ տարբերակը. «Բուն իշխանությունը կազմված է խայտաբղետ քաղաքական և հասարակական ուժերից, որոնք ինչ-որ չափով հեղափոխական տրամաբանությամբ են ձևավորվել այնտեղ: Եվ այնտեղ տեսնում ենք բավականին տարբեր քաղաքական-հասարակական հոսանքներ, որոնք բացարձակապես տարբեր նպատակներ, տարբեր շահեր ունեն: Եթե հանրային սեկտորը, որը, կարծեմ, 26 թե 27 ձայն ունի այդ 88-ի մեջ, որոշի, որ այս վարչապետն իրենց ձեռք չի տալիս, իրենց պահանջները չի կատարում, չի բացառվում, որ այդ 88-ը մի օր դառնա 50: Այդ պարագայում ամեն ինչ կարող է փոխվել»:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ