News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 07
USD
403.1
EUR
434.94
RUB
4.35
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանն այս տարի նշում է 85-ամյակը: 1935 թվականին որպես ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի մասնաճյուղին կից կենտրոնական գրադարան հիմնադրված կառույցը 1943 թվականից դարձել է առանձին ակադեմիական հաստատություն ԳԱԱ նախահագությամբ: 1957 թվականին դասվել է գիտական հաստատությունների երրորդ կատեգորիային, իսկ 1986 թվականից՝ առաջին կատեգորիային (ֆոտոռեպորտաժ):

NEWS.am-ի թղթակիցն այցելել է գրադարան եւ զրուցել գիտական հաստատության ղեկավարության ու աշխատակիցների հետ:

«ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանը մեծությամբ երկրորդն է հանրապետությունում, սակայն ամենախոշոր գիտական գրադարանը Հայաստանում: ԳԱԱ-ին կից գործում են 29 պրոֆիլային ինստիտուտներ: Դրանք եւս ունեն սեփական գրադարաններ: Ֆունդամենտալ գիտական գրադարանում կա ավելի քան 3 մլն գրականություն, իսկ գիտական ինստիտուտների գրադարանների հետ միասին՝ ավելի քան 4.5 մլն»,-պատմել է Ֆունդամենտալ գրադարանի տնօրենի պաշտոնակատար Նունե Շահումյանը:

Գիտական ֆոնդից կարող են օգտվել ԳԱԱ բոլոր աշխատակիցները, ուսումնական հաստատությունների դասախոսները, ուսանողներն ու ասպիրանտները, ինչպես նաեւ սովորական քաղաքացիները: Ճիշտ է, վերջիններս կարող են աշխատել գրքերով միայն ընթերցասրահներում, որոնք երկուսն են գրադարանում:

Բացի ֆոնդերից, հիմնարար գրադարանում կան նաեւ անհատական ֆոնդեր: Առաջին այդպիսի ֆոնդը հիմնադրվել է 1965 թվականին պրոֆեսոր Համազասպ Համբարձումյանի նվիրած անտիկ գրականության անձնական հավաքածուի հիման վրա: Այժմ գրադարանում պահպանվում են 28 հավաքածուներ, որոնք տարբեր ժամանակահատվածում նվիրել են Հայաստանի եւ Սփյուռքի ակնառու գիտական գործիչները. այդ գրքերի թիվը կազմում է 92679:

Գիրքը կարելի է պատվիրել ինչպես գրադարան այցելելու, այնպես էլ առցանց եղանակով: Գրադարանի կայքում՝ http :// www . flib . sci . am տեղադրված է տեղեկատվությունը, էլեկտրոնային կատալոգը, ինչպես նաեւ գրականության եւ պարբերականների թվայնացված տարբերակները: Հատուկ թվայնացման համար գրադարանը ձեռք էր բերել թանկարժեք սարքավորում: Նախ, թվայնացվել էին հազվագյուտ եւ հնագույն հրատարակչությունները: Դա հատկապես կարեւոր է, քանի որ գրքերը եզակի են եւ ավելի լավ է, որ դրանք ավելորդ անգամ չհայտնվեն այցելուների ձեռքերում:

Թվայնացման գործընթացը շարունակվում է 2008 թվականից: «Դրանում մեծ ներդրում ունի նախկին տնօրեն, իսկ ներկայում գրադարանի գիտական ղեկավար Տիգրան Զարգարյանը»,-ընդգծել է Նունե Շահումյանը:

Թվայնացումն իսկապես արդյունավետ է. եթե 2017 թվականին կար 17 000 ընթերցող եւ 226 100 այցելություն, առցանց այցելությունների թիվը կազմել է 138 402, իսկ 2019 թվականին 16 570 ընթերցողների եւ 220 550 այցելությունների դեպքում առցանց այցելությունները կազմել են 147 000:  Եթե կարելի է, չկորցնելով ժամանակ, այցելել կայք եւ ստանալ անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա ինչու չօգտվել տեխնիկական ձեռքբերումներից, երբ երիտասարդությունն առհասարակ չի կտրվում հեռախոսից»,-փաստել է Նունե Շահումյանը:

Ինչպես եւ ամենուր, հիմնարար գիտական գրադարանը եւս ունի խնդիրներ: Նախ ունի փոքր ֆինանսավորում: Միջոցների պակասի պատճառով հնարավորություն չունի ձեռքբերել բավականաչափ գրականություն, գրադարանում չկա կլիմայի եւ օդափոխության համար հատուկ համակարգ: Եթե գրքերը «հիվանդանում» են, ուղարկվում են Մատենադարան բուժման համար:

Տեխնոլոգիաների զարգացումը հեշտացրել է ոչ միայն առցանց տեղեկատվություն ստանալու կամ անհրաժեշտ գրքերը պատվիրելու հնարավորությունը, այլ նաեւ գրանցման գործընթացը: «Նախկինում գրանցվելու համար պահանաջվում էր լուսանկար, եւ դա հաճախ առաջացնում էր խնդիրներ:  Այժմ կարելի է տեղում լուսանկարվել, եւ գրադարանի աշխատակիցներն անմիջապես կտրամադրեն լամինացված տոմս»,-պատմել է սպասարկման բաժնի պետ Լուսինե Փարվանյանը:

Այբբենական եւ առարկայական կատալոգները մի քանի լեզվով են: Ընթերցասրահներն ապահովված են wifi-ով եւ համակարգիչներով: Եթե նախկինում անհրաժեշտ գիրքը ստանալու համար պահանջվում էր 1.5 օր, այժմ պատվերի եւ ստացման միջակայքը տեւում է ընդամենը կես ժամ: «Թվում էր, որ համակարգիչների դարում գրադարանը պետք է ունենար տխուր ճակատագիր: Սակայն դա բնավ այդպես չէ. գրադարանը դառնում է «հիբրիդային»՝ համատեղելով հինն ու նորը, տպագիր հրատարակումներն ու թվային մեթոդիկաները»,-նշում է Լուսինե Փարվանյանը:

Գրադարանի սրբության սրբոցը գրապահեստն է: Դարակների բարեկազմ, հանդիսավոր շարքեր, գրքերի հատկորոշիչներ, ճռճռացող աստիճաններ, որոնք փոքր-ինչ հիշեցնում են հին նավերի աստիճանները: Գրքերն ուղարկվում են վերեւ՝ ընթերցասրահ, վերելակով:

Աշխատակիցներից մեկը՝ Զեմֆիրա Հաթիեւան, աշխատել է գրադարանում 40 տարի: «Կլրանա ապրիլին»,-ժպիտով հայտնել է նա: «Գրադարանում աշխատանքը թույլ է տալիս շատ կարդալ: Նախկինում ավելի շատ էին կարդում, այժմ՝ էկրանից: Ամեն ինչ գնում է դեպի թվայնացումն ու համակագիչներով աշխատանքը: Դա ե՛ւ լավ է, ե՛ւ վատ: Իհարկե, համակարգիչը թույլ է տալիս ավելի արագ ստանալ տեղեկատվությունը, սակայն, եթե խոսքը վերաբերում է գեղարվեստական գրականությանը, գիրքը ոչնչով չի փոխարինվի: Գրքերի աշխարհը յուրահատուկ է եւ ուշագրավ: Միայն գրքի միջոցով հնարավոր է վերապրել, կարելի է ասել, որ ինքդ հայտնվում ես գրքերի էջերում»,-ամփոփել է Զեմֆիրա Հաթիեւան:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ Արսեն Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամբերդ՝ Արագածի սեւ մարգարիտը (ֆոտո)
Արագած լեռան լանջում թաքնված է Հայաստանի ճարտարապետական ​​պատմության գանձերից մեկը՝ Ամբերդի ամրոցը...
Մեծամոր. հնագույն իշխանության ծաղկող մայրաքաղաքը (ֆոտո)
Այդ վայրում անցկացված պեղումները տվել են ուշագրավ արդյունք…
Անցած դարերի ժառանգություն. թուրքմեն էմիրի դամբարան Երեւանի արվարձանում (ֆոտո)
Դամբարանը կառուցվել է 15-րդ դարում...
Երկաթուղային տեխնիկայի թանգարան՝ Գյումրիում․ Հնի եւ նորի միավորում (ֆոտո)
Թանգարանը ստեղծվել է չորս տարի առաջ․․․
NEWS.am-ի նոր նախագիծը՝ ՖԻՖԱ-ի Աշխարհի Գավաթին ընդառաջ
Գործակալությունը գործարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության հատուկ էջը...
Հայկական դիվիզիաները Մեծ հայրենական պատերազմում՝ Կովկաս, Ստալինգրադ, հաղթական քոչարի Ռեյխսթագի պատերի տակ (Ֆոտո)
Պահպանվել են վավերագրական կադրեր, թե ինչպես են հայ զինվորները հաղթական քոչարի պարում Ռեյխսթագի պատերի մոտ․․․
Ամենաշատ