Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն անաչառ արբիտր չէ։ Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Պարոն Միրզոյան, իմ բոլոր պահանջներն ուղղված են ձեզ։ ԱԺ նախագահը Սահմանադրության և ԱԺ կանոնակարգի համաձայն ներկայացնում է Ազգային ժողովը և բոլոր պատգամավորներին։ Մենք 2 օրվա ընթացքում արձանագրել ենք, որ ԱԺ նախագահն անաչառ արբիտր չէ, ԱԺ նախագահը ներկայացնում է միայն «Իմ քայլը» դաշինքը և ԱԺ նախագահը չի կարողանում ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը։ ԱԺ նախագահը ոտնահարում է իրավունքները, ԱԺ նախագահը օգտվում է կանոնակարգ օրենքից այնպես, ինչպես երբեք որևէ մեկը չի օգտվել։ Ցանկացած սանկցիա, որ այդտեղ նշված է, բացառիկ միջոցներ են և չեն կարող ամեն օր կիրառվել, դրանք ինքնահաստատման մեթոդներ չեն որևէ մեկի համար։ Պարոն Միրզոյան, դուք սանկցիաները չարաշահել եք, դա է նաև պատճառը, որ դուք այլևս ինձ համար անաչառ արբիտր չեք։ Դուք նպաստել եք ընդդիմության իրավունքների սահմանափակմանը, ընդդիմության իրավունքների խախտմանը»,-նշեց Մարուքյանը։
Նշենք, որ քվեարկությունից հետո բանավեճ ծավալվեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջև։ Մարուքյանը պնդեց՝ Միրզոյանը իրեն պետք է ձայնի իրավունք տա, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, դիմելով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին, հայտարարեց, որ ինքը իր իրավունքները կավ գիտի․ «Կարող եմ վարման կարգի վերաբերյալ ձայնը տալ քվեարկությունից առաջ, կարող եմ հետո»։