News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետն այս տարի կայցելի Նիդեռլանդներ։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը Նիդեռլանդների ԱԳՆ ղեկավար Սթեֆ Բլոկի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Նախարարի խոսքով՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա առաջին երկկողմ այցելությունն է։ Նախարարը եկել է Նիդեռլանդների դեսպանության բացմանն ու այս տարի Հայաստանի վարչապետի՝ Նիդեռլանդներ այցելությանն ընդառաջ։ Դա վկայում է այն մասին, որ հարաբերությունները եւ համագործակցությունը նոր փուլ են թեւակոխել Հայաստանում դեմոկրատական փոփոխություններից հետո, նշել է Զոհրաբ Մնացականյանը։ «Սա աննախադեպ իրադարձություն է, երբ օրենսդրական մարմինը որոշում է դիմել կառավարությանը՝ դեսպանություն բացելու առաջարկով։ Սա նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում»,- նշել է նախարարը՝ ավելացնելով, որ ակտիվորեն զարգանում են առեւտրային հարաբերությունները, աճում է ապրանքաշրջանառությունը, 23 տոկոսով ավելացել է զբոսաշրջային հոսքը Նիդեռլանդներից։ Ուղիղ չվերթն էլ ավելի կնպաստի հարաբերությունների խորացմանը, ավելացրել է արտաքին գործերի նախարարը։

Նախարարը հատկապես կարեւորել է խորհրդարանական համագործակցությունը։ Առաջնահեթր ուղղությունների շարքում նախարարը նշել է գյուղատնտեսությունը, առողջապահությունը, ջրային ռեսուրսների, թափոնների կառավարումը։ Նախարարը հիշեցրել է, որ Նիդեռլանդներն անցած տարի վավերացրել է Հայաստանի եւ ԵՄ համաձայնագիրը։ Նախարարը նշել է, որ հոլանդացիները հետաքրքրված են հայկական մշակույթով։ Թարգմանաբար լույս տեսած Հովհաննես Թումանյանի հեքիաթները մեծ հետաքրքրություն են առաջացրել հոլանդացի ընթերցողների շրջանում։ Նախարարը գործընկերոջը հանձնեց մեկ օրինակ, հիշեցրեց Նիդեռլանդներում անցկացված՝ Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառումների մասին։ «Կա միջազգային հարթակներում համագործակցության մեծ փորձ։ Կա համագործակցության պոտենցիալ արդարադատության, կրթության, գիտության ոլորտներում։ Նախատեսում ենք ընդլայնել համագործակցության ոլորտները, օրինակ՝ էկոլոգիայի ոլորտում»,- տեղեկացրեց նախարարը։

Կողմերը երկկողմ օրակարգի հարցերից բացի անդրադարձան միջազգային հարցերին, Հայաստանի սահմանների անմիջական հարեւանությամբ տիրող իրավիճակին։ «Համաձայնեցինք, որ բոլոր կողմերը պետք է ջանքեր գործադրեն լարվածությունը թուլացնելու համար»,- փաստեց ԱԳՆ նախարարը։ Զոհրաբ Մնացականյանը գործընկերոջը տեղեկացրեց ղարաբաղյան կարգավորման շուրջ տիրող իրավիճակին՝ ընդգծելով Նիդեռլանդների կշռադատված դիրքորոշման կարեւորությունն ու աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ ջանքերին։

Սթեֆ Բլոկն իր հերթին խոստացավ կարդալ նվեր ստացած ժողովածուն եւ տեղեկացրեց, որ արդեն եղել է Ծիծեռնակաբերդում։ Նախարարը ողջունեց Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարն ու նշեց երկու երկրների հաջող համագործակցությունը վերջին տասնամյակում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ