News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է մերձավորարեւելյան կարգավորման իր ծրագիրը հրապարակել հունվարի 28-ին Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից առաջ: «Սա հոյակապ ծրագիր է: Սա ծրագիր է, որն իսկապես կգործի»,- հավելել է նա, փոխանցում է AFP-ն:

Պաղեստինցիները, որոնք չեն հրավիրվել Սպիտակ տանը Նեթանյահուի հետ հանդիպմանը, ԱՄՆ կազմակերպած բանակցություններն անմիջապես մերժել են, քանի որ նրանք մերժում են բուն խաղաղ ծրագիրը, որը մշակվում է 2017 թվականից:

Ծրագրի տնտեսական մասը հրապարակվել է անցյալ տարվա հունիսին: Այն նախատեսում է 10 տարվա ընթացքում 50 մլրդ դոլարի միջազգային ներդրումներ Պաղեստինում եւ հարեւան արաբական պետություններում:

Պաղեստինցիները, որոնք Թրամփի վարչակազմի հետ հրաժարվում են խոսել այն ժամանակից, երբ նա Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք, մերժում են խաղաղ ծրագիրը, քանի որ այն, կարծես, թաղում է երկու պետությունների մասին որոշումը, որը տասնամյակներ շարունակ եղել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման շուրջ միջազգային դիվանագիտության անկյունաքարը:

Թրամփը նշել է, թե իր համար հաճելի է, որ Նեթանյահուն եւ նրա գլխավոր մրցակից Բենի Գանցը նախընտրական քարոզարշավի միջնամասում գալու են Սպիտակ տուն: Իսրայելում ընտրությունները տեղի են ունենալու մարտի 2-ին:

«Մենք երկու թեկնածու ունենք, չլսված բան է»,- ասել է Թրամփը:

Հարցին՝ արդյոք կապ հաստատե՞լ է պաղեստինցիների հետ, Թրամփը պատասխանել է. «Մենք նրանց հետ կարճ ենք խոսել: Բայց նրանց հետ կխոսենք որոշ ժամանակ անց: Եվ նրանք դրա համար շատ խթաններ ունեն: Ես համոզված եմ, որ նրանք սկզբում, հնարավոր է, բացասաբար արձագանքեն, բայց իրականում դա անչափ դրական է նրանց համար»,- նշել է նա:

Պաղեստինը, սակայն, արդեն հայտարարել է Սպիտակ տան խաղաղ ծրագիրը չընդունելու մասին:

«Այս քայլը միայն հաստատում է մեր կողմից բացարձակապես այն չընդունելը, ինչը մինչեւ հիմա անում է ԱՄՆ վարչակազմը, հատկապես Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը»,- հայտարարել է Պաղեստինի նախագահի պաշտոնական ներկայացուցիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ