News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

2020 թվականի հունվարի 23-ին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» համաշխարհային կազմակերպությունը, հիմնվելով հեղինակավոր միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունների վրա, հրապարակել է կոռուպցիայի ընկալման համաթիվը, որում Հայաստանը 2019 թվականին 2018-ի համեմատ 7 կետով բարելավել է իր ցուցանիշը 42 միավորի եւ 180 երկրների շարքում զբաղեցրել  է 77-րդ տեղը։

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան ստեղծման պահից մինչ այսօր հանդես գալով որպես քաղհասարակության կազմակերպությունների ինքնիշխան միավորում եւ Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն ոլորտի հիմնական դերակատար, ողջունում է կոռուպցիայի ընկալման համաթվի Հայաստանի ցուցանիշների դրական բարելավումները՝ այն համարելով հավաքական ձեռքբերում, պետության–քաղաքացիական հասարակության-մասնավոր հատվածի գործակցության լավագույն օրինակ:

Կոալիցիան հայտարարում է, որ կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի գրանցած ցանկացած ձեռքբերում էլ ավելի իրական է դարձնում այն առաքելության կյանքի կոչումը, որն իր առաջ դրել է Կոալիցիան՝ ստեղծման պահից՝ «Ձգտել երջանիկ, ներդաշնակ եւ կոռուպցիայից զերծ հասարակության կառուցմանը:»: Այդպիսի առաջընթացի գրանցման գործում առանձնակի կարեւորում ենք երկու գործոններ՝ ներկա քաղաքական իշխանությունների կողմից դրսեւորած քաղաքական կամք ու կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում հիմնական դերակատարների ջանքերի մեկտեղում` քաղաքացիական հասարակությանը այդ պայքարում հիմնական աջակից դարձնելու նպատակով:

Կոալիցիան գտնում է, որ նման արդյունքների գրանցման գործում զգալի է եղել նաեւ Կոալիցիայի ներդրած ջանքերն ու կյանքի կոչված նախաձեռնությունները: Կոալիցիան օժանդակել է պետությանը՝ այդ ոլորտներում առկա խնդիրների վեր հանմամբ, փորձագիտական աջակցության տրամադրմամբ, հանրային քննարկումների կազմակերպմամբ եւ փաստարկված առաջարկությունների ներկայացմամբ։ Ստորեւ կթվարկենք հակակոռուպցիոն ոլորտում Կոալիցիայի 2019 թվականի գործունեության մի քանի կարեւորագույն արդյունքներ՝ ի հավելում վերոնշյալի: Այսպես.

2018-2019 թվականներին Կոալիցիան ակտիվ մասնակցություն է ունեցել ՀՀ կառավարության կողմից 2019 թվականի հոկտեմբերի 3-ի նիստում հավանության  արժանացած ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության  եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրերը (այսուհետ՝ Ռազմավարություն) մշակելու աշխատանքներում: Մասնավորապես, Ռազմավարության նախագծի մշակման ամբողջ ժամանակահատվածում Կոալիցիայի կողմից ներկայացվել է թվով 133 առաջարկություն, որից 101-ը ընդունվել են ամբողջությամբ, մասամբ կամ ի գիտություն։ Կազմակերպվել է Ռազմավարության նախագծի թվով 5 հանրային քննարկումներ Երեւանում եւ ՀՀ մարզերում։ Կազմակերպվել է նաեւ «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը` միջազգային փորձի ներքո» խորագրով կառավարություն-քաղաքացիական հասարակություն փորձագիտական միջազգային համաժողովը՝ https://armla.am/en/3984.html, որի քննարկումների արդյունքների ամփոփումը կարող եք գտնել հետեւյալ հղմամբ

Ռազմավարության շրջանակներում Կոալիցիայի կողմից ներկայացված եւ ընդունված հիմնարար առաջարկություններից է հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը, գողացված ակտիվների վերականգնման ինստիտուտի ներդնումը, ազդարարման համակարգի իրազեկման աշխատանքների անցկացումը, իրական սեփականատերերի ինստիտուտի ներդնումը այլ ոլորտներում եւ հանրային ռեեստրի ստեղծումը, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ներդնումը։ Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ:

Կոռուպցիայի դեմ պայքարում գրանցած դրական արդյունքների ֆոնին Կոալիցիան նաեւ արձանագրում է, որ պետական իրավասու մարմինների կողմից հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ներդրման եւ այդ համակարգի մաս կազմող մարմինների, մասնավորապես՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի ձեւավորման գործընթացում պատկան մարմինների կողմից թույլ են տվել բացթողումներ, որոնց կանխարգելման պարագայում Հայաստանի Հանրապետությունը հնարավոր է առավել բարձր դիրքեր կարողանար զբաղեցներ:

Այդ առնչությամբ 2019 թվականի ընթացքում Կոալիցիան  մի քանի անգամ կարծիք է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի եւ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի ձեւավորման  վերաբերյալ, որոնց ամփոփ կարող եք ծանոթանալ հետեւյալ հղումներով:

Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի կառավարման խորհուրդ

«ՀԿ Կենտրոն» ՔՀԶԿ

 «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» Հասարակական կազմակերպություն

 «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ

«Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ

«Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ

«Թուխմանուկ» իրավապաշտպան եւ կրթական կենտրոն» ՀԿ

«Հայաստանի համայնքների միություն»  ՀԿ

«Հավասար հնարավորությունների աջակցության հիմնադրամ»

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ, Քարտուղարության համակարգող

Տպել
Ամենաշատ