News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Քննիչների այց ՍԴ նախագահի բնակարան եւ խուզարկություն, որ շատ ուշ սկսվեց.  Հրայր Թովմասյանին չի ներկայացվել խուզարկության մասին դատարանի որոշումը։ 1803 թվականից հետո առաջին նախադեպը. Թովմասյանը պնդում է, որ այդ ժամանակներից բարձրագույն դատական ատյանի ղեկավարի տուն չի խուզարկվել։ «Հիմա էլ բնակարանի անձեռնմխելիության իրավունքն է խախտվում». Թովմասյանի պաշտպանները մտադիր են բողոքարկել դատարանի որոշումը։ «Դուք տեսնում եք այս պրոցեսների միայն 10 տոկոսը». Հրայր Թովմասյանը հույս ունի, որ Վանեցյանը շատ ավելի բան ունի ասելու։ «Չեմ խոսել, այդպիսի նպատակ էլ չունեմ». Թովմասյանը՝ Փաշինյանի հետ խոսելու մասին։ «Թովմասյանը խոշոր ոսկոր է ձեր կոկորդում. դադարեցրեք այն կուլ տալու փորձերը՝ կարող եք խեղդվել». սահմանադրագետ Գոհար Մելոյանի կոչը։ Երեւանում փոխնախարարի բնակարան է թալանվել. Արեւիկ Անափիոսյանի տնից գողերը տարել են զարդեր, փող եւ բրենդային կանացի ժամացույցներ։ Ալեն Սիմոնյանը խախտել է պատգամավորի էթիկայի կանոնները. ի՞նչ էր գրել Աժ փոխնախագահը ֆեյսբուքյան օգտատիրոջ հասցեին։ Իսկ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավորն առաջադրվել է Նոբելյան մրցանակի. «Կարո Փայլանն ամբողջ կյանքում պաշտպանել է տարածաշրջանի բնիկ ժողովուրդների իրավունքները»։  Հայ պատանին դարձել է գեղասահքի Եվրոպայի փոխչեմպիոն. 16-ամյա Արթուր Դանիելյանը ներկայացնում է Ռուսաստանը։ Արքայազն Չարլզն այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի: Բրիտանական թագի ժառանգորդը հետաքրքրվել է Սուրբ Երկրում հայկական ներկայության պատմությամբ։

Օրվա գլխավոր իրադարձությունը վաղ առավոտյան Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայության սկսած խուզարկությունն էր։ Հանրությանն այս մասին Facebook-ի իր էջում տեղեկացրել է Հրայր Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը:

Արդեն տեւական ժամանակ է, որ քննիչները եւ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները գտնվում են Հրայր Թովմասյանի բնակարանում, սակայն խուզարկությունը դեռ չի սկսվել, ավելի ուշ լրագրողներին ասել է Մակինյանը: Պատճառն այն է, որ քննչական խմբի ղեկավարն, ըստ նրա, խոչնդոտում է իրենց իրավունքների ամբողջ ծավալով իրականացմանը:  «Կրկին պարոն Թովմասյանի իրավունքները խախտվում են: Հիմա էլ բնակարանի անձեռնմխելիության իրավունքն է խախտվում»,- ասել է պաշտպանն ու վերադարձել Թովմասյանի բնակարան:

ՍԴ նախագահի բնակարանի խուզարկությունից տեսանյութ է հրապարակել նրա փաստաբան Ամրամ Մակինյանը, որտեղ պաշտպանները ՀՔԾ քննիչին միջնորդում են թույլատրել՝ ծանոթանալու դատարանի այն որոշմանը, որով թույլատրվել է խուզարկություն իրականացնել Թովմասյանի բնակարանում։

Թովմասյանի բնակարանում խուզարկությունն ավարտվել է, եւ ոչինչ չի հայտնաբերվել, արդեն կեսօրից հետո լրագրողներին հայտնել է Ամրամ Մակինյանը։ Նրա խոսքով՝ այն, ինչ փնտրում էին չի հայտնաբերվել, քանի որ այդպիսիք պարոն Թովմասյանի բնակարանում առնվազն չէին կարող լինել։ Պաշտպանը հայտնել է, որ ե՛ւ քննիչի գործողությունները, եւ դատարանի որոշումը անպայման բողոքարկելու են։

Այս ամբողջ պրոցեսի հանրային վերահսկողությունը  ինձ համար շատ կարևոր է, իր տան խուզարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՍԴ նախագահը։ Հրայր Թովմասյանն ասել է, որ խնդրել եւ միջնորդել է, որպեսզի իր հարցաքննություններն ու խուզարկությունները ձայնագրվեն՝ հետագայում տարընթերցումներից ու անհիմն մեկնաբանություններից խուսափելու համար։ Միջնորդությունը մերժվել է։

Դուք տեսնում եք այս պրոցեսների ընդամենը 10 տոկոսը, ասել է Հրայր Թովմասյանը։ Նա վստահեցրել է՝ իր նկատմամբ գործընթացը քաղաքական է:  Նիկոլ Փաշինյանի հետ խոսելու մասին հարցին Թովմասյանն արձագանքել է․ «Չեմ խոսել, նպատակ էլ չունեմ խոսելու»։

Սահմանադրական Դատարանի նախագահի բնակարանի խուզարկության որոշումը դատարանն ապօրինի է կայացրել,  լրագրողներին ասել է  իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Հրայր Թովմասյանի տան խուզարկությունն ուղղակի ժողովրդին ինչ-որ բան ցույց տալն է, թե տեսեք՝ ինչ-որ բան է կատարվում, լրագրողներին ասել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը։ Արսեն Բաբայանի խոսքով՝ օրենքի խախտման հետ խնդիր ունենք, քանի քրեական հետապնդում է իրականացվում անձեռնմխելի անձի նկատմամբ։

Սահմանադրական դատարանի նախագահի տանը խուզարկություն իրականացնելու ընթացքում նրա պաշտպանները եւս միջնորդել են տեսաձայնագրել խուզարկությունը, ինչը քննիչը բանավոր մերժել է, սակայն, իր նախընտրությամբ, խախտելով Հրայր Թովմասյանի անձնական կյանքի գաղտնիությունը, լուսանկարել է բնակարանը, լրագրողներին ասել է Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը։

«Օրվա իշխանությունը չի հաշտվում անկառավարելի եւ անկոտրում սահմանադրական մարմնի առկայությամբ, առավել ես՝ չի հանդուրժում Հրայր Թովմասյանի պետականամետ եւ արդար կերպարը, որն իր գործընկերների հետ, այս ողջ ընթացքում, իրավապահ մարմինների խոշորացույցի տակ ապրելով՝ դիմագրավեց մի շարք ճնշումների եւ ռեպրեսիաների»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ «Սահմանադրական դատարանը, ի դեմ՝ Հրայր Թովմասյանի, խոշոր ոսկոր է ձեր կոկորդում. դադարեցրեք այն կուլ տալու փորձերը՝ կարող եք խեղդվել»,- նշել է նա։

Ազգային ժողովում տեղի ունեցածը սադրանք էր, որին հետեւեց պոռթկում, լրագրողներին ասել է Ազգային Ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ականների մասնակցությամբ օրեր առաջ տեղի ունեցած քաշքշուկին:

Արցախի պաշտպանության բանակի զորամասերից մեկում դեպք է գրանցվել, որի հետեւանքով կա երկու վիրավոր, հայտնել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հերքելով տարածված տեղեկությունները, թե զոհ կա: «Մեկի կյանքին առնվազն վտանգ չի էլ սպառնում: Միջադեպը տեղի է ունեցել զորամասերից մեկի տարածքում, այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»,- Facebook-ի իր էջում նշել է նա:

Երեւանում փոխնախարարի բնակարան է թալանվել։ Այսօր՝ ժամը 11։30-ի սահմանում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հունվարի 19-ի գիշերային ժամերից մինչեւ հունվարի 23-ի ժամը 10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք կոտրել են Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի պատշգամբի ճաղավանդակը, մտել տուն եւ բնակարանից հափշտակել ոսկյա եւ բրենդային կանացի ժամացույցներ, ոսկյա զարդեր եւ փող։ Ըստ shamshyan.com-ի բնակարանը պատկանում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Արեւիկ Անափիոսյանին։

Ոստիկանությունն ընդդեմ «քրեական ենթամշակույթի» կամ «ասֆալտին պառկեցնելու» հերթական գործողությունն է տեղի ունեցել, այս անգամ Շիրակի մարզում։ Տարբեր կասկածանքներով ոստիկանության Կումայրիի, Մուշի, Արթիկի, Ախուրյանի, Ամասիայի եւ Անիի բաժիններ բերման են ենթարկել, այսպես ասած՝ քրեական ենթամշակույթ կրող անձանց։ Խուզարկությամբ հայտնաբերվել են դանակներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ եւ այլն։

Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խախտել է պատգամավորի էթիկայի պահպանման նկատմամբ օրենսդրական պահանջները և քաղաքացու նկատմամբ, որը չի հարում իր քաղաքական հայացքներին, անվայելուչ արտահայտություններ արել: Այս մասին հայտարարել է Ազգային հակակոռուպցիոն խորհուրդը: Սիմոնյանը հրապարակայնորեն վիրավորել է Ֆեյսբուքյան օգտատերերից մեկին՝ իր համակրի համար գրառում անելով. «Շան տեղ մի դիր»:

Իսկ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանին Կանանց միջազգային «Համշեն» ասոցիացիան առաջադրել է խաղաղության Նոբելյան մրցանակի։ Նոբելյան կոմիտե առաքած նամակում կազմակերպությունը նշել է, որ  Փայլանն «իր ողջ կյանքը նվիրել է հայերի եւ տարածաշրջանի մյուս բնիկ ժողովուրդների իրավունքների պաշտպանությանը»։

Ավստրիայի Գրաց քաղաքում անցկացվող գեղասահքի Եվրոպայի առաջնության տղամարդկանց մենասահքում Ռուսաստանը ներկայացնող 16-ամյա Արթուր Դանիելյանը նվաճել է փոխչեմպիոնի կոչումն՝ առաջին անգամ մասնակցելով մեծահասակների առաջնության։ Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը զբաղեցրել է 18-րդ տեղը։

Համաշխարհային լրահոսի առաջին հորիզոնականներում նոր կորոնավիրուսն է, որը կարող է մարտահրավեր դառնալ ամբողջ մարդկության համար։ Վարակման առաջին դեպքերը գրանցվել էին չինական Ուհան քաղաքում: Այնտեղ էլ գրանցվել էր վիրուսի հետեւանքով մահվան դեպքերի մեծ մասը: Հիմա վիրուսը տարածվում է նաեւ մյուս քաղաքներում ու երկրներում, մսնավորապես հարավարեւելյան Ասիայի երկրներում, ԱՄՆ ու Մեքսիկայում։

Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզն այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի: Նրան դիմավորել է  Երուսաղեմի Հայոց Պատրիարքության լուսարարապետ Սեւան արքեպիսկոպոս Ղարիբյանը: Սրբազանն արքայազն Չարլզին նվիրել է հայկական հախճապակյա ափսե, խոսել  նաեւ Սուրբ Երկրում հայկական ներկայության եւ իրականացվող առաքելության մասին:

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 0.14 դրամով եւ կազմել 478.87 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2.19 դրամով ու կազմել  528.43 դրամ, բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.64 դրամով եւ կազմել 626.79 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.02 դրամով ու հասել 7.75 դրամի։

Հայաստանում հանգստյան օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերն օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով, կիրակի գիշերը՝ եւս 2-3 աստիճանով: Երեւանում տեղումներ չեն լինի: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -11-13, վաղը ցերեկը՝ 0+2:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ