News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի վերին պալատում իմփիչմենթի գործով իր պաշտպաններին խորհուրդ է տվել մեղադրանքի ստին եւ կեղծիքին հակադրել ճշմարտությունը:

Fox News-ի հետ հարցազրույցում պետության ղեկավարը ուրբաթ երեկոյան ԱՄՆ Կոնգրեսի Սենատում իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում մեղադրողների ավարտված ելույթը սովորության համաձայն անվանել է «սուտ, չափազանցություն եւ հորինվածք»: «Իմ ներկայացուցիչները պետք է ընդամենը ազնիվ լինեն եւ ճշմարտությունն ասեն»,- նշել է Թրամփը:

Նա հերթական անգամ վստահություն է հայտնել, որ իրեն առաջադրված մեղադրանքի 2 հոդվածները հանցագործություն չեն  եւ չեն համապատասխանում արարքների կարգին, որոնք պատժվում են պաշտոնից հեռացմամբ: «Սա վհուկների սարսափելի քաղաքական որս է, որը նրանք (դեմոկրատները) վարում են ընտրություններում հաղթելու համար»,- ամփոփել է Թրամփը:

ԱՄՆ նախագահի իմփիչմենթի դատավարության շրջանակում պաշտպանության ներկայացուցիչները իրենց փաստարկների հիմնական մասը Կոնգրեսի վերին պալատում ներկայացնելու են հունվարի 27-ին: Սենատը չորեքշաբթի հավանություն է տվել բանաձեւին, որն օրենսդիր մարմնի վերին պալատին թույլ է տալիս իմփիչմենթի շրջանակում դատավարությունն անցկացնել արագացված ռեժիմով: Հանրապետականները Ներկայացուցիչների պալատի ընտրած մեղադրողների ներկայացուցիչներին եւ Թրամփին պաշտպանող իրավաբաններին 3 աշխատանքային օրվա ընթացքում 24-ական ժամ են հատկացրել իրենց փաստարկները ներկայացնելու համար:

Մեղադրանքի կողմը իր դիրքորոշումը սկսել է շարադրել հունվարի 22-ին: Պաշտպանության կողմի ելույթի ավարտից հետո 16 ժամ կհատկացվի, որ կողմերը պատասխանեն սենատորների հարցերին: Այս գործընթացը աշխատանքային օրերի թվով սահմանափակված չէ:

Դրանից հետո պետք է տեղի ունենան 4-ժամանոց բանավեճեր, որոնց նպատակը որոշելն է՝ անհրաժե՞շտ է արդյոք դատավարությանը կանչել վկաներին եւ որեւիցե լրացուցիչ փաստաթուղթ պահանջել: Եթե վկաներին չկանչեն, Սենատը քվեարկելու է մեղադրանքի երկու հոդվածներից յուրաքանչյուրով՝ իշխանության չարաշահում եւ Կոնգրեսի անցկացրած հետաքննության համար խոչընդոտների ստեղծում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ