News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ուրբաթ լրագրող Մերի Լուիզա Քելիին նախատել է այն պատճառով, որ նա չափից ավելի մեծ համառությամբ փորձել է իրենից պատասխանի հասնել Ուկրաինայում ԱՄՆ դեսպանի պաշտոնից Մարի Յովանովիչի ազատմանը վերաբերող հարցերին: Այս մասին հայտնել է National Public Radio-ն (NPR), որը ներկայացրել է թղթակիցը:

Ռադիոկայանի տեղեկացմամբ՝ հարցազրույցը տեղի է ունեցել Վաշինգտոնում Պետքարտուղարության շենքում: Քելին պնդում է, որ Պոմպեոն հրաժարվել է պատասխանել Յովանովիչի ազատմանը վերաբերող իր բազմաթիվ հարցերին, քանի որ հարցազրույցի թեման իբր սահմանափակված էր Իրանի շուջ իրավիճակով: Ինքը՝ լրագրողը պնդում է, որ դա այդպես չէ:

Քելիի խոսքով՝ իրեն հետաքրքրում էր, թե արդյոք պետքարտուղարը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցներում փորձե՞լ է պաշտպանել կադրային դիվանագետին եւ Յովանովիչին թողնել Կիեւում դեսպանի պաշտոնում: Հարցը պայմանավորված էր ցուցմունքներով, որոնք պետքարտուղարի նախկին ավագ խորհրդական Մայքլ Մաքինլին անցյալ տարվա հոկտեմբերի 16-ին տվել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում փակ լսումների ժամանակ: Նա հայտարարել էր, որ իր պաշտոնից հեռացել է, ի թիվս այլ պատճառների, նաեւ անհանգստանալով ամերիկյան վարչակազմի կողմից արտասահմանում իր դեսպաններին ներքաղաքական նպատակներին հասնելու համար հնարավոր օգտագործումից:

Ռադիոն փոխանցում է, որ «Ուկրաինայի վերաբերյալ հարցերից հետո հարցազրույցն անմիջապես ավարտվել է»: Լրագրողի վարկածով՝ Պոմպեոն ոտքի է կանգնել, իրեն մի քանի վայրկյան ակնդետ նայել, որից հետո դուրս է եկել: «Պետքարտուղարի գնալուց հետո ինձ խնդրեցին գնալ այլ սենյակ եւ հետս ձայնագրող սարք չվերցնել: «Ինձ տարան պետքարտուղարի հանգստի սենյակ, որտեղ նա ինձ էր սպասում, եւ որտեղ վրաս գոռաց այնքան, որքան մինչ այդ տեւել էր հարցազրույցը»,- ասել է թղթակիցը՝ հստակեցնելով, որ Պոմպեոն օգտագործել է անվայելուչ բառապաշար՝ դժգոհություն հայտելով իր արծարծած թեմայից:

Ըստ ռադիոկայանի տեղեկությունների՝ արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, իր կարծիքով, տվել է հռետորական հարց՝ Քելին արդյո՞ք համարում է, որ ամերիկացիները Ուկրաինայի հետ ինչ-որ գործ ունեն: Լրագրողը դրական է պատասխանել մյուս հարցին՝ արդյոք նա կարո՞ղ է աշխարհագրական քարտեզի վրա գտնել այդ պետության տեղը: Այդ ժամանակ Պոմպեոն իր օգնականներին խնդրել է բերել աշխարհի քարտեզը, որի վրա աշխարհագրական անունները նշված չէին, եւ Քելին, իր խոսքով,  ճիշտ է ցույց տվել, թե որտեղ է գտնվում Ուկրաինան: Դրանից հետո պետքարտուղարը շրջվել է եւ ակնարկել, որ անհետաձգելի գործեր ունի, ինչով զրույցն ավարտվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ