News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հունվարի 25-ին, Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքում հրավիրված իր ասուլիսը սկսեց արդեն ավանդական դարձած նոր Հայաստանի մասին 100 փաստով։ Նա նշեց, որ լրագրողներին բաժանվել է «100 փաստ նոր Հայաստանի մասին» անվանումով բրոշյուրը, որը, սակայն, աշխատանքային տարբերակն է, և ասուլիսից հետո կտարածվի վերջնական խմբագրված տարբերակը։

Ներկայացնում ենք վարչապետի կողմից ներկայացված փաստերի մյուս մասը․ 

51․ Կառավարության որոշմամբ՝ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 1000 ընտանիք կստանա աջակցություն անասնապահությամբ զբաղվելու համար: Ծրագրի նպատակը նպաստառուների համար կայուն եկամտի ստեղծումն է, ինչպես նաև նախատեսվում է պահպանել այդ ընտանիքների՝ ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունքը 12 ամիսների ընթացքում: Ծրագրի իրականացման համար նախատեսվել է շուրջ 700 մլն դրամ։ Շահառուները կստանան 350.000 դրամ անասունի ձեռքբերման համար, 230․000 դրամ կերի ձեռքբերման համար, անասունին  պահելու համար ծրագրի շահառուին և անասնաբույժին տրամադրվում է ամենամսյա գումար նվազագույն աշխատավարձի` համապատասխանաբար 50 և 20%-ի չափով։

52.    2020 թվականի հունվարի 1-ից Կառավարությունը փոխհատուցելու է Հայաստանի սոցիալական բնակարանային ֆոնդի կացարաններում բնակվող միայնակ կենսաթոշակառուների սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ջրամատակարարման վարձավճարները: 2019-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ կացարաններում բնակվում է 63 միայնակ կենսաթոշակառու:

53.    Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2020 թվականի հունվարի 1-ից սկսել է 1998 թվականի հունվարի 1-ը ներառյալ և դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ստացած զինծառայողներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը: Մեկուկես տարվա ընթացքում հիմնադրամի կողմից ցուցաբերվող աջակցության շրջանակն ընդլայնվել է՝ ներառելով ևս 19 տարվա դեպքերը: 2018-ի մայիսի դրությամբ հիմնադրամը փոխհատուցում էր միայն 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերը: Բացի այդ, կառավարության կողմից հավանության է արժանացել և ԱԺ է ներկայացվել օրենսդրական նախագիծ, որի համաձայն` օրենքով սահմանված զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման դեպքերի շարքում ներառվելու են նաև մարտական հերթապահության մեջ չգտնվող զինծառայողների կյանքին և առողջությանը՝ հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում պատճառված վնասների հատուցման իրավունքը:

54.    Սահմանամերձ բնակավայրեր ունեցող ՀՀ մարզերի նախկին զինծառայողներին անհատույց կերպով բնակարաններով ապահովելու նպատակով թվով 80 նախկին զինծառայողների տրամադրվել է բնակարանի գնման վկայագիր՝ ընդհանուր 554,4 մլն դրամի չափով: Կառավարությունը ևս 2 մլրդ 920 մլն դրամ է հատկացրել զինվորականների համար բնակարաններ գնելու նպատակով։ Այդ գումարի շրջանակներում 248 բնակարան կգնվի զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, բնակարան չստացած, բնակհաշվառման հերթում ընդգրկված, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցած զինծառայողների համար։ Ներկայումս քննարկման է դրված ևս 150 զինծառայողների անհատույց կերպով բնակարանով ապահովելու հարցը: Զոհված կամ մահացած)զինծառայողների թվով 49 ընտանիքների բնակարանային ապահովման հարցին հանձնաժողովը տվել է դրական եզրակացություն: ՊՆ բնակարանաշինության ծրագրով շահագործման է հանձնվել 3 բնակելի շենք  Գորիսում՝ 20 բնակարան, Սիսիանում՝ 28 բնակարան և Վայքում՝ 44 բնակարան: Զինթոշակառուների բնակարանային կարիքները հոգալու համար ընդհանուր առմամբ 2018, 2019 թվականներին հատկացվել է ավելի քան 8 միլիարդ դրամ: Ծրագրի իրականացումը ընթացքի մեջ է:

55.    2019-ի ընթացքում Հայաստանի Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից հաստատվել է թվով 6 դոկտորական և 216 թեկնածուական գիտական աստիճան։ Գիտական աստիճաններ պաշտպանողների թիվը նախորդ տարիների համեմատությամբ էականորեն կրճատվել է, մասնավորապես՝ 2018-ին պաշտպանվել էր 42 դոկտորական և 317 թեկնածուական աստիճան, իսկ 2017-ին՝ 41 դոկտորական և 353 թեկնածուական աստիճան։

56.    2019-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության թանգարաններ է այցելել 1 մլն 230 հազար այցելու, ինչը 18%-ով կամ 18.6 հազարով ավել է, քան 2018 թվականին թանգարաններ այցելած մարդկանց թիվը, և 33%-ով կամ 30 հազարով ավել է, քան 2017 թվականին թանգարաններ այցելած մարդկանց թիվը: Ամանորյա ոչ աշխատանքային օրերին 14 հազար 662 մարդ է այցելել այդ օրերին աշխատող թանգարաններ: 11 հազար 960-ը տոմս են գնել, իսկ 2746 մինչև 18 տարեկան անձինք օգտվել են Կառավարության սահմանած անվճար մուտքի իրավունքից:

57.    Ներդրել ենք տարին դասական համերգով ամփոփելու ավանդույթ, որն ընդունված է որոշ երկրներում: Դեկտեմբերի 31-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը լեփ-լեցուն դահլիճում հանդես եկավ տոնական համերգով: Տոնական օրերին փոքրերի, մեծահասակների և ընտանիքով այցելելու համար կազմակերպվել է շուրջ 20 ներկայացում: Ամանորի օրերին 25%-ով աճել է թատրոններ հաճախողների թիվը. 2019 թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը Հայաստանում գործող թատրոններ այցելել է 54 802 մարդ, որից 51 014-ը գնել է տոմս, 3788-ը ներկայացել է հրավիրատոմսով:

58.    700 միլիոն դրամով աճել է հետևյալ մշակութային հաստատությունների ֆինանսավորումը, որի արդյունքում նրանք դառնում են ամբողջությամբ պետության կողմից ֆինանսավորվող.

•        Հայաստանի ազգային պետական երգչախումբ,

•        Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ,

•        Պետական սիմֆոնիկ նվագախումբ,

•        Կոմիտասի անվան ազգային քառյակ,

•        Հայաստանի ազգային ջազ նվագախումբ,

•        Կամերային երաժշտության ազգային կենտրոն՝ «Հովեր»,

•        «Տաղարան» համույթ,

•        Երևանի պետական կամերային երգչախումբ,

•        Կամերային նվագախումբ,

•        Կամերային երգչախումբ:

59.    Սևանից ջրառը նվազագույնն է վերջին 5 տարիների համար. Սևանա լճից ոռոգման նպատակով բաց է թողնվել 143.8 մլն խորանարդ մետր ջուր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 56 մլն խորանարդ մետրով: Նման դրական ցուցանիշ չի արձանագրվել 2010 թվականից ի վեր: Օրենքով նախատեսված 170 մլն խորանարդ մետր  ջրից 26 մլն խորանարդ մետր պակաս է բաց թողնվել: Օրենսդրական փոփոխության արդյունքում Սևանա լճից հավելյալ ջրառ իրականացնելու համար Կառավարությունն Ազգային ժողովին կարող է դիմել միայն այն դեպքում, եթե պաշտոնապես երաշտ է հայտարարել:

60.    2019-ի առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառումը   2018-ի համեմատ ավելացել է 5.8%-ով: Հատկանշական է, որ նախորդ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին արևային էլեկտրակայանների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը նախորդ տարվա համեմատ ավելացել է 2.6 անգամ, իսկ հողմային էլեկտրակայանների արտադրանքը՝ 2.1 անգամ:

61.    Շրջակա միջավայրի նախարարությունը մեկնարկել է  2.5 մլն դոլար արժողությամբ նոր միջազգային դրամաշնորհային ծրագիր, որը կիրականացվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցի և «Դիլիջան» ազգային պարկի հարակից Դիլիջան, Ֆիոլետովո, Մարգահովիտ և Ուրցաձոր համայնքներում: Ծրագիրը ունի սոցիալ-տնտեսական բովանդակություն՝ անտառամերձ տարածքների բնակիչներին եկամտի այլ աղբյուրներ ի ցույց դնելու և այս հարցում նրանց աջակցելուն միտված:  Կառավարության մշակած «10 մլն ծառատունկ» ծրագիրը, որի նպատակն է մինչև 2020-ի հոկտեմբերի 10-ը Հայաստանի ամբողջ տարածքում տնկել 10 մլն  ծառ, արդեն գործնական փուլ է մտել: Որոշ ընկերություններ արդեն պատրաստակամություն են հայտնել մասնակցելու ծառատունկին, տնկիներ ձեռք բերելու համար համաձայնություն է ձեռք բերվել։  2019-ին առաջին անգամ պետբյուջեից անտառվերականգնման և անտառապատման աշխատանքների կատարման նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ին հատկացվել է 424 մլն դրամ, որի շրջանակներում իրականացվել են հետևյալ աշխատանքները.

•        150 հա անտառապատում, որից 10 հա ցանքսի, 140 հա` տնկման միջոցով,

•        200 հա բնական վերաճի օժանդակում հանքայնացման միջոցով,

•        460 հա կոճղաշիվային վերականգնման աջակցում,

•        26 հա նախորդ տարիներին հիմնադրված անտառմշակույթների լրացում,

•        5,8 հա տնկարանի ցանքս,

•        28000 կգ անտառային սերմերի մթերում։

Գնվել է`

•        8 տրակտոր

•        8 անտառային գութան

•        8 գյուղատնտեսական գութան

•        4 փոսահատ մեքենա

•        21 տոննա  տորֆ։

Աշխատանքների իրականացման համար 940 մարդ ընդունվել է սեզոնային աշխատանքի:

62.    2019 թվականին 2017-ի համեմատ փայտածուխի ներկրումը Հայաստան աճել է 6.2 անգամ, կամ ավելի քան 500%-ով: Ներմուծող ընկերությունների թիվը աճել է 22.6%-ով (2017-ին 53 ընկերություն, 2018-ին` 65 ընկերություն): Ինչ վերաբերվում է շինափայտին, 2019 թվականի տասն ամիսների կտրվածքով ներմուծվել է նույնքան շինափայտ, ինչ ողջ 2018 թվականի ընթացքում: Իսկ 2017-ի ամբողջ տարվա համեմատ այս տարվա տասն ամիսներին ավել է ներկրվել 77%-ով ավելի շինափայտ, իսկ ներմուծող ընկերությունների թիվը ավելացել է 51 %-ով կամ 70 ընկերությունով՝ 206 ընկերություն նախկին 136-ի փոխարեն: Այս թվերը նշանակում են, որ Հայաստանի անտառների պահպանությանն ուղղված Կառավարության քաղաքականությունն արդյունավետ է: Այդ թվում՝ հաղթահարվել են վերը նշված շուկաներում մենաշնորհային դրսևորումները:

63.    Վերջին ամիսներին Հայաստանում ընթանում են հնամաշ ավտոմեքենաների թափքերի ուտիլիզացման ակտիվ աշխատանքներ: 2019-ի օգոստոս-դեկտեմբեր ամիսների ընթացքում հավաքվել է շուրջ 21.000 լքված մեքենայի կմախք: Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են:

64.    Հատուկ քննչական ծառայության 2019 թվականի գործունեության ընթացքում վերականգնված գումարը կազմել է 4 միլիարդ 331.9 միլիոն դրամ: Միայն նախորդ տարվա վերականգնված գումարը 7 անգամ ավել է, քան նախորդող 11 տարիների ընթացքում ծառայությունում քննված քրեական գործերով վերականգնված գումարը միասին վերցրած, որը կազմել է 597.6 միլիոն դրամ: Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցը դարձել է պետական, այն աճուրդի է դրվել 7,5 մլրդ դրամ մեկնարկային արժեքով:

65.    ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի իրավական գործառույթի իրականացման արդյունքում 2019 թվականին պետական բյուջե է գանձվել 50.9 մլրդ դրամ, որը 2018 թվականի ցուցանիշը գերազանցում է 60%-ով, 2017 թվականի ցուցանիշը՝ 90%-ով:

66.    Բացահայտվել են օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ բազմաթիվ երեխաների որդեգրման դեպքեր: Ըստ ձեռք բերված փաստական տվյալների՝ ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում, ինչպես նաև մանկատներում, ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ կազմակերպել են Հայաստանի քաղաքացի հանդիսացող 3 տասնյակից ավելի երեխաների որդեգրումներ օտարերկրյա քաղաքացիների կողմից:

67.    Վերջին 2 տարվա ընթացքում պետական և համայնքային բյուջեից ֆինանսավորվող հաստատություններում գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանք չկատարած աշխատողների և նրանց անվամբ ձևակերպված աշխատավարձերի արձանագրված հափշտակության կամ կոռուպցիոն այլ դեպքերի վերաբերյալ ՀՀ իրավասու մարմինների վարույթում հարուցվել է 254 քրեական գործ, որից 129-ը վերաբերել են կրթական հաստատություններում գրանցված աշխատողներին: Հարուցված քրեական գործերով բացահայտվել են 543 գրանցված, սակայն աշխատանքի չհաճախած կամ փաստացի աշխատանքը չկատարած անձինք, նրանցից 222-ը հանդիսացել են կրթական հաստատություններում գրանցված աշխատողներ:

68.    2019 թվականի հոկտեմբերից «Նուբարաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում սկսվել է հիմնարկներում պահվող անձանց սննդով ապահովելու գործառույթը մասնավոր ընկերությանը պատվիրակելու փորձնական ծրագիրը։ Սննդից օգտվող դատապարտյալների ու կալանավորված անձանց ցուցանիշը 100% է, և դրա հետևողական կենսագործումը կնպաստի հանձնուքների թվի կրճատմանը և քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ընտանիքների՝ այս առումով հոգսի թեթևացմանը։

69.    2020-ի հունվարի 1-ից գործարկվել է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը, որի նպատակն է բարձրացնել երթևեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության արդյունավետությունը՝ բացառելով նախկինում գործող քաղաքացիներին հետապնդելու և տուգանելու նպատակադրման բաղադրատարրը: Նոր համակարգը միտված է վարչական իրավախախտումների ընդհանուր և անհատական կանխարգելմանը, վարչական պատասխանատվության միջոցների ուղղիչ գործառույթի ապահովմանը, ինչպես նաև  ՀՀ քաղաքացիների սոցիալական բեռի թեթևացմանը: ՀՀ քաղաքացին տուգանքի մատերիալ չպիտի լինի։

70.    2019-ի երեք եռամսյակների տվյալներով Հայաստանում բնական գազի փոխադրման և բաշխման համակարգերում, ինչպես նաև՝ էլեկտրաէներգիայի մատակարարման բարձր լարման և բաշխիչ ցանցերում արձանագրվել է կորուստների մակարդակի էական նվազում: Էլեկտրաէներգիայի մատակարարման բաշխիչ ցանցերում կորուստները 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են կրկին 0.8%-ային կետով, 2017-ի համեմատ՝ 1.7%-ային կետով, իսկ 2016-ի համեմատ՝ 3.1%-ային կետով:

71.    2019 թվականին լրացուցիչ 984 մլն դրամ է հատկացվել ռազմարդյունաբերական, գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական ծրագրերին: Այսպիսով, 2019թ․ ռազմարդյունաբերության հատկացումներն աճել են շուրջ 30%-ով։

72.    Զինծառայողների պարենավորման պիլոտային ծրագրի շրջանակներում մասնավոր գործընկերների կողմից իրականացվում է ավելի քան 40 զորամասի պարենավորումը: Մարտական դիրքերի սննդակարգի բարելավման նպատակով հատկացվել է մեղր, ճարպ, սխտոր և սև պղպեղ: Մարտական դիրքեում դեռ հին, պետական համակարգն է, բայց սննդակարգն ընդլայնվել է։ Շարունակվում են համազգեստի և ճտքավոր կոշիկների որակի բարելավման և հարմարավետության ապահովման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այս ծրագրի արդյունքում բարելավվում է ոչ միայն զինծառայողների սնունդը, այլև նրանց ծնողների սոցիալական վիճակը, քանի որ ծնողները ստիպված չեն լինում գումարներ ծախսել իրենց զավակների զինվորական ծառայության բերումով: Զորամասերի հրամանատարությանը տրամադրվում է ամենամսյա, ընթացիկ, չնախատեսված ծախսերի գումար, որն ուղղվելու է զորամասերի առօրեական մանր ծախսերը հոգալուն, ինչը մինչ այժմ նախատեսված չի եղել:

73.    2019 թվականի սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ը Հայաստանում և Արցախում անցկացվել են աննախադեպ ծավալների զորավարժություններ: Զորավարժությունների ամենակարևոր արդյունքներից է եղել այն, որ ոչ միայն մեր ընդհանուր վստահությունն է ավելացել մեր զինված ուժերի նկատմամբ, կազմակերպչական ռեսուրսների նկատմամբ, այլ նաև մեր զինված ուժերի անձանակազմի, նույնիսկ շարքային կազմի վստահությունն է ավելացել սեփական ուժերի նկատմամբ:

74.    ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատները` Ներկայացուցիչների պալատը և Սենատն ընդունել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր: Պետք է արձանագրել, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հայկական, բարեկամ լոբբիստական և դիվանագիտական ջանքերի, ինչպես նաև` աշխարհաքաղաքական նպաստավոր իրողությունների համադրման արդյունք է:

75.    Հոկտեմբերի 17-ին Հայաստանն ընտրվել է աշխարհում մարդու իրավունքների առաջմղման և պաշտպանության հարցերով զբաղվող գլխավոր մարմնի՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ 2020-2022 թվականների համար: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում կայացած մրցակցային այս ընտրություններում Հայաստանն իր տարածաշրջանային ենթախմբում ստացել է ամենամեծ թվով՝ 144 երկրների աջակցությունը, ինչը վկայում է ժողովրդավարական փոփոխությունների արդյունքում ՀՀ միջազգային վարկի նկատելի բարձրացման մասին։

ՄԱԿ-ում միաձայն ընդունվել է հուլիսի 20-ը Շախմատի միջազգային օր հռչակելու մասին բանաձև, որը հեղինակել է Հայաստանը, և այն  համահեղինակվել  է 54 երկրի կողմից:

76.    2019-ի ընթացքում  Հայաստանն հաջողությամբ նախագահել է Եվրասիական տնտեսական միության մարմիններում: Հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, բացի ԵԱՏՄ երկրների ղեկավարներից, նախագահող Հայաստանի հրավերով մասնակցել են Սինգապուրի վարչապետը, Իրանի և Մոլդովայի նախագահները։ Երևանում ԵԱՏՄ և Սինգապուրի միջև ստորագրվել են ազատ առևտրի և համապարփակ տնտեսական համագործակցության մասին համաձայնագրեր, որոնք կնպաստեն միության երկրների և աշխարհի հզորագույն տնտեսություններից մեկի միջև ապրանքաշրջանառության աճին։ 2019 թվականի հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացված գագաթնաժողովը կազմակերպության պատմության ողջ ընթացքում աննախադեպ է եղել իր ծավալներով:

77.    2019-ի հոկտեմբերի 6-9-ը «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի» շրջանակներում աշխարհի շուրջ 70 երկրից Հայաստան ժամանեցին ավելի քանի 2500 մասնագետներ, ինչպես նաև 20 երկրներից նախարարական պատվիրակություններ։ Հայաստանը հայտնվեց աշխարհի ամենահեղինակավոր լրատվամիջոցներում` որպես բարձր տեխնոլոգիական երկիր։ Բացի այդ, 2019թ․ վերջին եռամսյակում Կատարում, Սինգապուրում և Ուզբեկստանում տեղի ունեցած տեխնոլոգիական ցուցահանդեսների ընթացքում շուրջ 27 ընկերություններ հանդես եկան հայկական միասնական տաղավարով, որի արդյունքում ստորագրվեցին 9 հուշագրեր, ձեռք բերվեցին 200-ից ավելի պայմանավորվածություններ և ստեղծվեցին ավելի քան 7 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանքների և ծառայությունների արտահանման նոր հնարավորություններ։

78.    2019-ի նոյեմբերին ՀՀ քաղաքացիների համար չեղարկվել է մուտքի արտոնագրերի պահանջը Սերբիայի և Քաթարի կողմից։ Այս տարվա հունվարի 19-ին ուժի մեջ է մտել Չինաստանի հետ կնքված մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին համաձայնագիրը։ Շվեդիան, Սլովակիան, Սերբիան եւ Նիդերլանդները Հայաստանում դեսպանատուն բացելու որոշում կայացրին:

79.    Շարունակվել է ՀՀ ԶՈւ զորախմբերի մասնակցությունը միջազգային առաքելություններին, ինչպես նաև հայ մասնագետների հումանիտար առաքելությունը Սիրիայում, որտեղ հայ մասնագետներն առաքելության մեկնարկից ի վեր մինչ օրս տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ ականազերծել են 124.000 քառ. մ տարածք: Մարդասիրական խմբի բժիշկները թերապևտիկ և վիրաբուժական բնույթի բուժօգնություն են ցուցաբերել ավելի քան 8.500 քաղաքացիների:

80.    Համահայկական հիմնադրամի մարաթոնին մասնակցած ՀՀ քաղաքացիների և կազմակերպությունների թվի դինամիկան՝ 2017թ,՝ 3240, 2018թ․՝ 5994, 2019թ․՝  9644, որը նախորդ տարվա համեմատ ավել է 60%-ով, 2017-ի համեմատ՝ 197%-ով:

81.    Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ միանգամից մի քանի բյուջետային ավիաընկերություններ մուտք են գործել հայկական շուկա:  Եթե մինչև 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը դեպի Եվրոպա սպասարկվում էր 6-7 ուղղություն, ապա հայտնի օրենսդրական փոփոխություններից հետո արդեն իսկ հայտարարվել են կամ հայտ են ներկայացվել հետևյալ 10 ուղղություններով նոր ավիաընկերությունների կողմից թռիչքներ իրականացնելու համար.

•        Փարիզ Օռլի օդանավակայան, «Transavia»

•        Վիեննա, «Wizz air»

•        Վիլնյուս, «Wizz air»

•        Բեռլին, «Ryanair»

•        Մեմինգեն (Գյումրիից), «Ryanair»

•        Հռոմ, «Ryanair»

•        Միլան, «Ryanair»

•        Աթենք (Գյումրիից), «Ryanair»

•        Սալոնիկ, «Ryanair»

•        Ռիգա, «Air Baltic»

82.    2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին ԵՄ երկրներում առաջին անգամ ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվը 2018-ի համեմատ նվազել է 29%-ով, 2017-ի համեմատ՝ 47%-ով, իսկ 2016-ի համեմատ՝ 51%-ով: ԵՄ երկրներից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվն այս տարվա առաջին 9 ամիսներին կազմել է 2670:

83.    «Ֆիթչ» վարկանշային կազմակերպությունը երկար դադարից հետո բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «B+»-ից դարձնելով «BB-»՝ «կայուն» հեռանկարով: Վարկանիշի բարձրացումը շատ կարևոր է այն իմաստով, որ նախ` Հայաստանը հնարավորություն կունենա միջազգային կապիտալի շուկայից ներգրավել համեմատաբար ավելի էժան փոխառություններ կամ վերաֆինանսավորել եղած վարկերն առավել մատչելի պայմաններով, և երկրորդը՝ վարկանիշի բարձրացմամբ Հայաստանն ավելի վստահելի և գրավիչ է դառնում ներդրողների համար: Օգոստոսին Հայաստանի սուվերեն վարկանիշը բարձրացրել էր նաև «Մուդիզ» վարկանիշային կազմակերպությունը։ Միջազգային ֆինանսատնտեսական կառույցների կողմից բարձրացվել են Հայաստանի տնտեսական աճի գնահատականները և կանխատեսումները 2020 և 2021 թվականների համար, այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսության և տարածաշրջանի երկրների համար այդ կանխատեսումները հիմնականում նվազեցվել են: Այսինքն աշխարհի և մեր տարածաշրջանի միտումն այն է, որ միջազգային կազմակերպությունները տնտեսական աճի գնահատականները նվազեցնում են, մեր դեպքում բարձարցնում են, բա տնտեսական հեղափոխությունը պոզով-պոչով մեծ կենդանի է։ Համաշխարհային բանկը և Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի համար առաջիկա երկու տարում կանխատեսում են մի կողմից արտահանման, ներդրումների ծավալների բարելավում, և մյուս կողմից, որպես դրա արդյունք, աղքատության և գործազրկության նվազում:

84.    Ըստ «Freedom House»-ի 2019 թվականի զեկույցի՝ Հայաստանը համացանցի ազատության ինդեքսով դասվում է «ազատ» երկրների շարքին՝ Ֆրանսիայի հետ կիսելով 8-րդ հորիզոնականը աշխարհում։ Այս ցուցանիշով Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է:

85.    Աշխարհի ամենահեղինակավոր ամսագրերից «Time»-ը, տպավորված 2019-ին Հայաստանի ցույց տված տնտեսական արդյունքներով, իր տարեվերջյան համարներից մեկում Հայաստանը անվանել է «Կովկասյան վագր»:

86.    Բրիտանական «Legatum» վերլուծական ինստիտուտի՝ 2019-ի «Բարգավաճման ինդեքս» վարկանիշում Հայաստանը մեկ տարում իր դիրքը բարելավել է միանգամից 7 կետով՝ 167 երկրների շարքում զբաղեցնելով 61-րդ հորիզոնականը: Տվյալ հետազոտության անցկացման 10 տարիների ընթացքում Հայաստանը նման բարձր վարկանիշ երբեք չի ունեցել:

87.    Ըստ «Gallup» ամերիկյան ինստիտուտի հրապարակած «Օրենք և կարգապահություն 2019» ամենամյա զեկույցի՝ Հայաստանն ամենից ապահով երկրների շարքում զբաղեցնում է 7-րդ տեղն՝ այն կիսելով Շվեյցարիայի հետ: Ընդհանուր առմամբ, «Անվտանգության ինդեքս»-ում Հայաստանը 85 բալ է հավաքել՝ կիսելով 11-րդ տեղը մի շարք եվրոպական երկրների, Ճապոնիայի և Սաուդյան Արաբիայի հետ:

88.    ՄԱԿ-ի սննդամթերքի համաշխարհային կազմակերպության ամենամսյա զեկույցի համաձայն՝ 2019 թվականի հոկտեմբերին անցած տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի համաշխարհային գները աճել են 6%-ով, մինչդեռ Հայաստանում 2019-ի դեկտեմբերին նախորդող տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ապրանքախմբում արձանագրվել է 0.3% գնանկում: Սա ակնհայտորեն Կառավարության վարած հակամենաշնորհային քաղաքականության արդյունքն է:

89.    Հայաստանում փոխվել են բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքները: Երկու օրինակ՝ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն ընտրվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ: Կադաստրի կոմիտեի ղեկավարի ընտրությունը կատարվել է կադրերի բանկից:

90.    Ամանորյա միջոցառումները աննախադեպ բարձր մակարդակով իրականացնելու համար Կառավարությունը Երևանի քաղաքապետարանին է տրամադրել 271 մլն դրամ: Դեկտեմբերի 31-ի գիշերը վարչապետի ամանորյա շնորհավորական ուղերձը հեռարձակվեց ուղիղ եթերում, բազմամարդ Հանրապետության հրապարակից։  Ավելի քան 20 հազար մարդ է մասնակցել Լոս Անջելեսի Գրանդ Փարքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին: Հայաստանի ղեկավարի մասնակցությամբ  նման մասշտաբի միջոցառում Սփյուռքում երբեք տեղի չէր ունեցել:

91.    Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի հրավերով ներկայացել է նախաքննության մարմնի գրասենյակ և քննիչի աշխատասենյակում հարցաքննվել:

92.    Հայաստանի Կառավարությունը Արցախին 10 նոր շտապօգնության մեքենա նվիրելու որոշում է կայացրել: Մեքենաները կգնվեն Հայաստանի պետական բյուջեի միջոցներից և Արցախում կլինեն մարտ ամսին:

93.    2019 թվականի ընթացքում Հայոց բանակում զինծառայության հետ կապված զոհերի պատմական մինիմում է արձանագրվել։ Այսինքն` մեր բանակում երբեք ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019 թվականին:

94.    2019-ի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում 1000 խոշոր հարկ վճարողները հայտարարագրել են 764.5 մլրդ դրամ հարկ, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 90.7 մլրդ դրամով կամ 13%-ով: 2017-ի հունվար-սեպտեմբերի համեմատ խոշոր հարկ վճարողների վճարած հարկերի աճը կազմել է 185.5 մլրդ դրամ կամ 32%:

95.    Սեպտեմբերի 21-ին Գյումրիում անցկացվեց «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը։ Առաջին անգամ Հայաստանում պետական մակարդակով խրախուսվեց աշխատող, գործ անող մարդը։ Վարչապետի աշխատակազմի կողմից կազմակերպված մրցանակաբաշխությանը պարգևատրվեցին միջին բիզնեսով զբաղվող 13 գործարարներ, բոլոր նոմինատները պարգևատրվել են։ Գլխավոր մրցանակը հանձնեց վարչապետը։ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությունը ամենամյա է լինելու, այս տարի այն կանցկացվի Վանաձորում։

96.    2019-ին դատական համակարգի աշխատակիցների համար ձեռք են բերվել 320 նոր համակարգիչներ, որոնք փոխարինել են 2005-ից գործող համակարգիչներին: Այսպիսով, Հայաստանի բոլոր դատավորների համակարգիչները փոխարինվում են նորերով:

97.    «Իմ քայլը» հիմնադրամի և Կառավարության համատեղ ծրագրի շրջանակներում ՀՀ մարզերում բնակվող և սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 1000 երեխաներ 2019 թվականի դեկտեմբերին ամանորյա շրջայցով եկել են Երևան, այցելել թատրոն, մանկական զվարճանքի կենտրոններ: Նմանօրինակ ծրագրեր իրականացվում են ոչ միայն Ամանորի, այլ նաևև այլ առիթներով: 2018-ից ի վեր ծրագրին մասնակցել է շուրջ 2800 երեխա` այցելելով թանգարաններ, թատրոններ, զվարճանքի կենտրոններ, զբոսայգիներ:

98.    2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանում ծառայողական ավտոմեքենաների թիվը կրճատվել է 448-ով: Հիմա Հայաստանը ծառայողական մեքենաների թվով պատմական ամենացածր մակարդակի վրա է:

99.    Արժույթի միջազգային հիմնադրամի վերլուծություն/կանխատեսումներով մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի հաշվով Հայաստանը 2019 թվականին գերազանցել է Վրաստանին և 2020 թվականին կգերազանցի Ադրբեջանին: 

100.  2020 թվականի պետական բյուջեով զինծառայողների, փրկարարների, անտառապահների, ուսուցիչների աշխատավարձերի բարձրացման, նվազագույն աշխատավարձի բարձրացման, կենսաթոշակների և նպաստների բարձրացման համար հատկացվել է շուրջ 71.6 միլիարդ դրամ լրացուցիչ գումար: Ղեկավար պաշտոններ զբաղեցնող բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման համար հատկացվել է շուրջ 1 միլիարդ դրամ լրացուցիչ գումար, որը կազմում է վերոնշված գումարի 1.4%-ը:

Տպել
Ամենաշատ