News
Լրահոս
News
Կիրակի
Փետրվար 23
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Հայաստանի իշխանությունների հետ այսուհետ անհնար է խոսել շանտաժի լեզվով: Այդ մասին այսօր՝ հունվարի 25-ին, Կապանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Երեւանի քաղաքապետարանի կողմից «ԿամԱզ» ավտոմեքենաների ձեռքբերման եւ այդ հարցով խորհրդարանում բուռն քննարկումների մասին հարցին: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերել է տեխնիկան ձեռքբերելու հանգամանքները բացահայտելու համար հանձնաժողով ստեղծելու մասին:

Խոսելով «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի այն քննադատությանը, որ ըստ Հայաստանի օրենսդրության՝ քաղաքապետարանի իրավասության շրջանակում գտնվող հարցերը քննելու համար հանձնաժողովի ստեղծումը ավագանու լիազությունների դաշտում է, վարչապետն ասաց.

«Հայաստանում եւ ցանկացած այլ ժողովրդավարական երկրում կառավարման հիմքը իշխանության բաշխումն է: Ասում են՝ Մարությանը գնել է «Կամազները». Մարությանը կարո՞ղ ա այդ «Կամազները» իր պապի համար է առել: Դրանք ծառայում են քաղաքին»։

Փաշինյանը հայտնել է, որ դեսպանատներին հարցում է ուղարկել եւ պարզել, որ ժողովրդավարական երկրներում կա այդպիսի պրակտիկա: Միեւնույն ժամանակ վարչապետը համաձայն է, որ հարցը պետք է կարգավորվի. «Դատախազությունն էլ ուսումնասիրել է, և պարզել, որ այստեղ որևէ իրավախախտումներ չկան, սակայն դա պետք է կանոնակարգվի»:

«Ես ցավում եմ, որ Մարուքյանը չի կարող տարբերել: Երբ ասում ենք՝ «մնացել է անցյալում», նկատի ունենք, որ Մարուքյանը տեղը չի բերում, որ Հայկ Մարությանը Տարոն Մարգարյանը չէ, իսկ ես Սերժ Սարգսյանը չեմ: Ըստ ամենայնի՝ Լենա Նազարյանը դա նկատի ունի: Չի կարելի այդ լեզվով խոսել իշխանության հետ, որը ստացել է ժողովրդի վստահությունը»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանելով Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, որ այդ քայլով իշխանությունը կորցնում է վստահության քվեն՝ Փաշինյանը խորհուրդ է տվել ընդդիմադիր գործընկերներին խոսել տանձերի եւ խնձորների մասին, ոչ թե զբաղվել քաղաքական վստահությունը գնահատելով. «Ո՞վ է գնահատում՝ կորցնում ենք մենք քաղաքական վարկանիշը, թե ոչ: Եթե Մարուքյանը շարունակի տեղը չբերել, կհայտնվի Աշոտյանի դերում: Ընտրությունը նրանն է: Մենք խնդիր չունենք: Նա չի կարող գնահատել՝ կորցնում ենք մենք քաղաքական վարկանիշը, թե ոչ: Դա որոշում է ժողովուրդը: Նա դրա իրավունքը չունի. պարզապես չունի»:

«Հերիք է չարաշահել մեր համեստությունը։ Սա 2016 և 2017 թվականները չեն, որ իշխանության հետ առևտուր-շանտաժ բանաձևով հնարավոր լինի խոսել։ Այդ մարդիկ զբաղված են ինքնաոչնչացմամբ: Թող չանհանգստանան մեր քաղաքական վարկանշի մասին»,-հայտարարել է Փաշինյանը:

Ճշտող հարցին՝ «Աշոտյանի դերը» ասելով ինքը ի՞նչ նկատի ուներ՝ Փաշինյանն ասել է՝ «ստեղծագործականը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել