News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, նվիրված զինված ուժերի 2019թ. ուսումնական տարվա մարտական եւ զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության արդյունքների, զորքերում բարոյահոգեբանական ապահովման վիճակի առավել բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների քննարկմանը: Հայկական երկու հանրապետություների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաեւ ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

Բացման խոսքում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն  ընդգծել է, որ ռազմաքաղաքական ղեկավարության ջանքերի  եւ զինված ուժերի հստակ մարտավարության ու գործողությունների շնորհիվ 2019թ.-ին իրավիճակն առաջնագծում եղել է բավականին հանգիստ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը միեւնույն ժամանակ շեշտել է, որ պետք է ոչ մի վայրկյան չթուլացնել զգոնությունը եւ շարունակել լրացուցիչ ջանքերի ներդրումը՝ զինված ուժերի մարտունակությունն առավել ամրապնդելու եւ սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով:

Նիստի ընթացքում հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Ներկայացնելով կատարված աշխատանքները, առկա ձեռքբերումներն ու բացթողումները՝ ԶՈՒ ԳՇ պետը փաստել է, որ լայն թափով շարունակվել են նորագույն սպառազինության եւ ռազմական տեխնիկայի համալրման, զորքերի մարտունակության եւ կարգապահության ամրապնդման, զինանձնակազմի մարտական պատրաստության որակի բարձացմանն ուղղված բոլոր միջոցառումները, ինչպես նաեւ մարտական հենակետերի լրակահավորման, տեսադիտարկման համակարգերի զարգացման աշխատանքները: Ուժերի եւ միջոցների նպատակային բաշխումը հնարավորություն է ընձեռել կատարելագործել զինանձնակազմի մարտավարական-մասնագիտական ունակությունները, բարձր մակարդակով կատարել առաջադրված խնդիրները եւ հակազդել հակառակորդի սադրիչ գործողություններին:

Հաշվետու ժամանակահատվածում իրականացված սոցիալական, ռազմակրթական, միջազգային ռազմական համագործակցության ծրագրերի եւ բյուջետային հատկացումների ոլորտում կատարված աշխատանքների եւ առաջիկա անելիքների վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալները:

Առաջիկա անելիքների վերաբերյալ որոշակի խնդիրներ է առաջադրել եւ հանձնարարականներ տվել  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Նիստը եզրափակվել է ՀՀ ԶՈՒ 2019թ. ուսումնական տարվա արդյունքներով բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած մի շարք ստորաբաժանումների եւ սպաների պարգեւատրման արարողությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ