News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 20
USD
478.63
EUR
517.06
RUB
7.53
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Ծառայությունների առաջարկ ամենօրյա ռեժիմով. Նիկոլ Փաշինյանը՝ իր եւ Հրայր Թովմասյանի 2018-ի մայիսյան հարաբերությունների մասին։ «Շինծու և իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներ». ՍԴ նախագահը խոստացել է 20 օր համբերատար սպասել փաստերի, հետո դիմել դատարան՝ զրպարտության հայցով։ «Ամենատարօրինակ քծնանքի ու շողոքորթության վկայությունը» գրիչն էր. Փաշինյանը որպես հուժկու հակահարված հրապարակեց Թովմասյանի՝ իրեն զիջած գրենական պիտույքի լուսանկարը։  Թովմասյանն ընթերցել է Փաշինյանի «անհամաչափ հարվածը». ՍԴ նախագահն իր փաստաբաններին խնդրել է անմիջապես պատրաստել հայցադիմումը։ «Ասուլիսից ու գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը պետք է վարչապետի նոր թեկնածու առաջադրի». Արթուր Վանեցյանի հորդորը։ «Եթե Մարուքյանը տեղի չբերի, կհայտնվի Աշոտյանի կարգավիճակում». Փաշինյանի «ուղերձը» «Լուսավոր Հայաստանի» ղեկավարին։  «Փաշինյանը տեղը չի բերում, որ իր թեթեւ ձեռքով քաղաքական դիսկուրսի որակը իջեցվել է «գողական ենթամշակույթին» բնորոշ «տեղը բերելու եւ չբերելու» մակարդակին». Մարուքյանի արձագանքը։ Երկրաշարժից Թուրքիայում զոհվել է 31 մարդ. գրանցվել է 600 հետցնցում։ Ավիավթարից զոհվել է լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանտը. Նրա հայ օդաչուն կարողացել է վերջին պահին ուղղաթիռը շեղել Լոս Անջելեսի բնակելի թաղամասից։

Անցած հանգստյան օրերը հասարակության քաղաքականացված հատվածի եւ «ֆեսյբուքահայության» համար «հանգիստ» չէին։ Շաբաթ՝ հունվարի 25-ին, Կապանում հրավիրած վարչապետի 5 ժամից ավելի տեւած ասուլիսի որոշ դրվագներ արձագանքների ու քննարկումների ալիք բարձրացրին հայկական լրատվական դաշտում եւ սոցցանցերում։ Մամուլին հղում անելով Նիկոլ Փաշինյանը հրապարակեց փաստաթուղթ, որում նշված էր Արցախի խնդրում հայկական կողմի զիջումների ցանկը, բայց ավելի մեծ աղմուկ բարձրացրեց Սահմանադրական դատարանի նախագահի մասին հարցին վարչապետի պատասխանը։

Հրայր Թովմասյանն անմիջապես արձագանքեց, իր ձեւակերպմամբ՝  «իրեն վերագրված շինծու և իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներին»։ 

«Սուտն ու կեղծիքն անընդունելի և դատապարտելի են՝ հատկապես, երբ հնչում են բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից», գրեց ՍԴ նախագահը, շեշտելով, որ 20 օր համբերատար սպասելու է Փաշինյանի խոսքերը հիմնավորող օբյեկտիվ փաստերի, իսկ դա չանելու դեպքում փաստաբաններին խնդրելու է զրպարտության վերաբերյալ հայց ներկայացնել նրա դեմ:

Երեւան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ, փաստը պարզապես հիմա Երեւանում է, արձագանքելով Թովմասյանին՝ Ֆեյսբուքում գրեց վարչապետը: «Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ»,- նշեց նա:

Արդեն կիրակի վարչապետը հրապարակեց մի գրչի լուսանկար, նշելով, թե այն իր տեսած ամենատարօրինակ քծնանքի ու շողոքորթության վկայությունն է։ Ըստ Փաշինյանի՝  գրիչը Թովմասյանն իրեն է փոխանցել 2018-ին, «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում, երբ ինքն իրենը չի գտել, Թովմասյանն իրեն դիմել է «պարոն Փաշինյան ջան» կամ «պարոն վարչապետ ջան» ձեւերով, հիշատակել, որ Իջեւանի փեսա է, հետո հետ չի վերցրել գրիչը, սուրբծննդյան պատարագին քծնել է Փաշինյանի կնոջը եւ այլն:

Թովմասյանն ընթերցել է Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել է պատրաստել հայցադիմումը, ֆեյսբուքում գրեց ՍԴ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանը։ Սոցցանցում գրիչների հազարավոր լուսանկարներ հայտնվեցին, որոնք տեղադրողները, ոչ առանց հումորի, պատմում էին, թե ումից ինչ գրիչ են նվեր ստացել կամ վերցրել ու մոռացել վերադարձնել։

Այս արձագանքից հետո էլ Փաշինյանը գրեց, թե շոկի մեջ է գրիչի գինն իմանալով։ «Փաստորեն ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքի միջոցով տիրացած անձը թանկարժեք ընծա է մատուցել երկրի նորանշանակ վարչապետին՝  այդ պրոցեսը համեմելով «իջեւանցու փեսա» լինելու նուրբ ակնարկներով», գրեց նա։ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանն էր դրանից քիչ առաջ գրել, թե գրիչն արժե 530 եւրո, մինչդեռ Korloff բրենդի գիտակները ճշտեցին, որ դրա գինը 166 դոլար է։

Կապանյան ասուլիսում իր հասցեին հնչած արտահայտություններին արձագանքելով ԱԱԾ նախկին տնօրենը գրեց, որ ամեն ինչ անլրջացնելն անթույլատրելի է։ «Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների: Երկրի անվտանգությունը վեր է ամեն ինչից ու յուրաքանչյուրից, և այն չի կարող հիմքում ունենալ չմտածված որոշումներ ու էմոցիոնալ պոռթկումներ»,- գրեց Արթուր Վանեցյանը:

Կապանում պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Վանեցյանը կարող է ասել  բաներ, որոնք չպիտի ասեր, Փաշինյանը հարցրել էր. «Ես նման եմ մի մարդու, որն ունի այդօրինակ մտավախություններ»։

Դրանից հետո Վանեցյանը կարծիք հայտնեց, որ այդ ասուլիսից ու գրիչի պատմությունից հետո իշխող կուսակցությունը, ազգային անվտանգության նկատառումներից ելնելով, պետք է քննարկի իր շարքերից վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը:

Կապանում վարչապետը մեկնաբանել էր նաեւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հայտարարությունը, թե իշխանությունը կորցնում է վստահության քվեն։ Նա խորհուրդ էր տվել ընդդիմադիր գործընկերներին խոսել տանձերի եւ խնձորների մասին:

Նիկոլ Փաշինյանը սուպերվարչապետական բարձունքներից տեղը չի բերում, որ արդեն իսկ հասցրել է հոգեպես կապվել ՀՀԿ-ի հետ եւ բոլորը աչքին «Աշոտյան» են թվում, Ֆեյսբուքում Փաշինյանին արձագանքեց Մարուքյանը։ Ըստ նրա՝  Փաշինյանը տեղը չի բերում, որ իր թեթեւ ձեռքով քաղաքական դիսկուրսի որակը իջեցվել է «գողական ենթամշակույթին» բնորոշ «տեղը բերելու եւ չբերելու» մակարդակին։

Արդեն երկուշաբթի, Ֆեյսբուքի ուղիղ եթերում Փաշինյանը դարձյալ անդրադարձավ Թովմասյանի գրչին, շեշտելով, որ Սահմանադրական դատարանի նախագահն ընտրվել է կեղծիքի միջոցով, իսկ գրիչն այն խորհրդանիշն է, որը ցույց է տալիս, որ իրենք կարող էին ՍԴ–ը վերցնել վերահսկողության տակ:

Իսկ Կապանի ասուլիսը սկսվել էր բողոքի ցույցով, որի մասնակիցների դժգոհ էին վարչապետի խոստումների կատարումից։

Հանգստյան օրերին բուռն քննարկման առարկա դարձաց իրադարձություններից մեկն էլ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանի արարքն էր. նա ֆեյսբուքյան էջում տեղադրել էր Թովմասյանի ենթադրյալ դստեր նկարը եւ գրել. «Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան», անհայտորեն կողմնակիցներին «հրավիրելով» թիրախավորել օրիորդին, որն ամենեւին էլ Թովմասյանի դուստրը չէր։

Այդ արարքը խստորեն դատապարտեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, պահանջելով գիտակցել իր պաշտոնական կարգավիճակը և դրսևորել պատշաճ վարքագիծ։

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունն էլ երկուշաբթի հրատապ նիստ հրավիրեց, որի ավարտին Հարթենյանը որոշեց մանդատը վայր դնել:

Թուրքիայի արեւելքում երկրաշարժից զոհերի թիվը հասել է 31-ի: Ըստ պաշտոնական աղբյուրի՝ փրկարարներին հաջողվել է փլատակների տակից փրկել 45 մարդու: Ավերվել է 76 շենք, ավելի քան հազարը՝ վնասվել: Երկրաշարժից հետո գրանցվել է 599 հետցնցում:

Աֆղանստանի Գազնի նահանգում օդանավ է կործանվել: Նախնական տվյալով՝ օդանավում եղել է ավելի քան 80 մարդ: Որոշ աղբյուրներ էլ պնդում են, թե  ինքնաթիռում եղել է 110 մարդ: Դեռ հայտնի չէ՝ ո՞ր ավիաընկերությանն է պատկանում օդանավը, պարզ չէ նաեւ՝ այն ռազմակա՞ն է, թե՞ քաղաքացիական։

Սպորտային աշխարհին ցնցել է նաեւ ավիավթարը, որից զոհվեց լեգենդար ամերիկացի բասկետբոլիստ, 41-ամյա Կոբի Բրայանտի։  Նշվում էր, որ Բրայանտին պատկանած ուղղաթիռում օդաչուից բացի եղել է նաեւ նրա դուստրը։ Նա բասկետբոլի ազգային ասոցիացիայի հնգակի, օլիմպիական խաղերի կրկնակի  չեմպիոն է։

Կոբի Բրայանտի ուղղաթիռի ամերիկահայ օդաչու Արա Զոբայանը ավիավթարից առաջ, վերջին պահին կարողացել է շեղել ուղղությունը Լոս Անջելեսի արվարձանի բնակելի թաղամասից, հաղորդեցին ամերիկյան հեռուստաալիքները։ Ճշտված տվյալով ուղղաթիռի կործանումից զոհվել է 9 մարդ։

Հունվարի 28-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի 3-ից 5 աստիճան զրոյից ցածր, վաղը ցերեկը՝  4-ից 6 աստիճան զրոյից բարձր։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 19.02.2020
Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը և Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը պաշտոնանկ են արվել...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 18.02.2020
Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ոստիկանության մասին օրենքի մի դրույթ...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 17.02.2020
Մեր զինվորն այսօր ավելի վատ վիճակում է, նա կանգնած է գնդակի տակ ու պարզ չէ...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 14.02.2020
Ռուսաստանում ծառայության ընթացքում եղել է միջադեպ...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 13.02.2020
Արաբական աշխարհում 2-րդը՝ Լիբանանից հետո. Սիրիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Վաչագան Ղազարյանի կամ նույն ինքը...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 12.02.2020
Սահմանադրական հանրավքեն Հայաստանի համար չարդարաված շռայլություն է...