News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Առ այսօր Ադրբեջանում քսենոֆոբիան չի հաղթահարվել։ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Միքայել Մելքումյանը, ընդգծելով, որ  Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ Սամադ Սեյիդովի՝ իրենց առաջ հնչեցրած հայտարարությունները կատարյալ ապատեղեկատվություն են և չեն համապատասխանում իրականությանը։

Այնուհետեւ Մելքումյանը շեշտել է, որ այսօրվա աշխարհի ամենակարևոր երկու համարժեք խնդիրներն են անվտանգության և գլոբալ տաքացման խնդիրները, ապա հանգամանալից անդրադարձել երկրորդին։

«Կյանքը և հատկապես տնտեսության անկառավարելի աճը ցույց տվեցին, որ պետությունները և համաշխարհային հասարակությունը նույնիսկ բավականին ուշացել   են հարցի արմատական լուծման համար: Եվ կա՞ արդյոք արմատական լուծման հնարավորություն: Որքան ժամանակն անցնում է, այնքան ավելի արագ է լրանում ածխածնի արտանետումների թույլատրելի շեմը: Բայց քանի որ, ինչպես ասացի, դա անտեսվում է, ապա ըստ «Կլիմայի փոփոխության միջկառավարական հանձնաժողովի» հատուկ զեկույցի, եթե ցանկանում ենք կանխել ջերմաստիճանի մինչև 1.5 °C  բարձրացումը 67% հավանականությամբ, ապա 2018թ. հունվարի 1-ի դրությամբ մնացել էր ընդամենը CO2-ի արտանետման 420 գիգատոն ծավալ, իսկ այժմ՝ ավելի քիչ: Այժմ ավելի քիչ, որովհետև ամեն տարի արտանետվում է մոտ 45 գիգատոն CO2: Այսօրվա արտանետումների տեմպերով դրանց թույլատրելի շեմը կլրանա մոտ 8 տարվա ընթացքում: Հիմա հիմնական մտահոգությունն այն է, թե ինչպես հաղթահարել այս խնդիրը, որի համար ստորագրվել է Փարիզի համաձայնագիրը», հայտարարել է Մ.Մելքումյանը եւ շեշտել, որ  հարցի լուծման բանալին աշխարհի զարգացած երկրների ձեռքում է: 

Ըստ նրա՝  պետք է հրատապ ներդրումներ կատարել օդում այդ արտանետումների արդյունավետ կորզման համար. «Այո, պետք է ստիպել, որպեսզի խոշոր արտանետող երկրներն այդ ֆինանսական միջոցները տրամադրեն գիտությանը՝ շատ կարճ ժամանակում ստեղծելու համար կորզիչ տեխնոլոգիաներ: Եվ դա ճիշտ կլինի, որ քննարկվի նաև մեր Վեհաժողովում, որպեսզի մենք ունենանք իրավունք, բայց նաև՝ պատասխանատվություն»:

1 աստիճանով կլիմայի տաքացումը, Մելքումյանի խոսքով, հանգեցնում է տասնյակ հազարավոր մարդկանց մահվան: «Մենք պետք է հասկանանք, որ CO2-ը մնալու է նաև հողի մեջ: Դա շատ ավելի դժվար է վնասազերծելը և կբերի անդառնալի կորուստների:  Հապաղելու ժամանակ այլևս չկա: Ավստրալիան ավերող հրդեհները դրա ակնհայտ ապացույցն էին», ընդգծել է ՀՀ ԱԺ պատվիրակության անդամը եւ ամփոփել. «Աշխարհը պետք է գիտակցի՝ հարցը չլուծելով մեր սերունդներին դատապարտում ենք դանդաղ մահվան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ