News
Լրահոս
News
Երկուշաբթի
Փետրվար 24
USD
478.35
EUR
517.05
RUB
7.43
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Պատկերն ըստ իս աղետալի է, երբ գործող իշխանությունը սպառում է մարդուն, առավել ևս՝ սահմանադրական մեկ այլ մարմնի ներկայացուցչին հեղինակազրկելու բոլոր հնարավոր միջոցները, և գործի է դրվում փորձված քարոզչաեղանակը՝ սուտը:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավաբան Գոհար Մելոյանը:

«Սահմանադրական դատարանի ոդիսականը...

Պատկերն ըստ իս աղետալի է, երբ գործող իշխանությունը սպառում է մարդուն, առավել ևս՝ սահմանադրական մեկ այլ մարմնի ներկայացուցչին հեղինակազրկելու բոլոր հնարավոր միջոցները, և գործի է դրվում փորձված քարոզչաեղանակը՝ սուտը:

Արձանագրենք.

1. Վարչապետն իր ասուլիսի ընթացքում նշում է, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պարբերաբար իրեն առաջարկել է իր ծառայությունները՝ գունագեղ նկարագրելով այդ պրոցեսը:

Հրայր Թովմասյանը պահանջում է հրապարակել գեթ մեկ արժանահավատ փաստ, որը կվկայի իր կողմից իշխանությանն իր ծառայությունները մատուցելու մասին, հակառակ պարագայում կներկայացնի զրպարտության վերաբերյալ հայց Նիկոլ Փաշինյանի դեմ:

2. Հրայր Թովմասյանի հայտարարությանը հաջորդում է իշխանական քարոզչամեքենայի կողմից Արծվիկ Մինասյանի՝ վարչապետի հետ ձեռքսեղմման լուսանկար՝ նշելով, որ նկարում Հրայր Թովմասյանն է։ Տեղեկատվությունը հերքվում է, քանի որ տարածվում է լուսանկարի տեսանյութը:

3. Վարչապետը գրառում է կատարում, որ անհամաչափ հուժկու փաստ է ներկայացնելու՝ իր խոսքերը հավաստող: Այնուհետև հրապարակում է մի գրչի լուսանկար, որն ուղեկցվում է պատկերավոր տեքստով, թե ինչպես է Հրայր Թովմասյանը խնդրել, որ ինքն այն որպես ընծա ընդունի: Տարածվում է տեսանյութ, որտեղից ակնհայտ է, որ վարչապետը հատակին է գցել իր գրիչը և չի կարողանում այն բարձրացնել, իսկ Թովմասյանն առանց երկխոսության ընդամենը վարչապետին է մեկնում իր գրիչը:

4. Գրչի զարհուրելի պատմությունն արդարացնելու նպատակով վարչապետը կենդանի կապի է դուրս գալիս՝ ավելի վատթարացնելով իրավիճակը: Տրվում են քաղաքական գնահատականներ, վիրավորական որակումներ, մի խոսքով՝ գործադրի ղեկավարի կողմից րոպեների ընթացքում խախտվում են իրավական պետության հիմնարար սկզբունքները՝ իշխանությունների տարանջատումը, իրավունքի գերակայությունը, օրինականությունը, արդար դատաքննությունը, անմեղության կանխավարկածը, անձի կյանքի անձեռնմխելիությունը:

5. Վարչապետը նշում է, որ չի ուզում ունենալ խամաճիկ Սահմանադրական դատարան, այն դեպքում, երբ մի շարք իրավախախտումներով յուրային անձին ներմուծում է Սահմանադրական դատարան, այնուհետև պնդում է նաև, որ տեղյակ չէ, որ այդ անձն օգտվելով բոլոր հնարավոր սոցիալական երաշխիքներից չի կատարում Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները, ինչին անդրադարձել են մի շարք լրատվամիջոցներ:

6. Իրավիճակը մեղմելու նպատակով հարցազրույց է տալիս ԱԺ փոխխոսնակը՝ նկարագրելով, որ Թովմասյանն իրեն ջերմ բարևել է, և ԱԱԾ նախկին ղեկավարը միջնորդել է Թովմասյանի համար: ԱԱԾ նախկին ղեկավարը հերքում է, որ նման խոսակցություն է ունեցել ԱԺ փոխխոսնակի հետ:

Հետևություններ.

1. Իշխող ուժի նյարդերը տեղի են տալիս ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ իրենց կողմից նախաձեռնած լարված հարաբերություններում, և առհասարակ Սահմանադրական դատարանի վեհ կեցվածքն անհանդուրժելի է դառնում:

2. Իշխող ուժի ներկայացուցիչների համար տարրական էթիկայի կանոններն անընկալելի են, և բարեկիրթ վերբերմունքը մեկնաբանվում է որպես շողոքորթություն:

3. Մեր երկրում այլևս երաշխավորած չեն ոչ ոքի իրավունքներն ու ազատությունները: Այսօր երկու պաշտոնատար անձինք, ովքեր չեն հանդիսանում իրավապահ մարմինների ներկայացուցիչ, իրենց ելույթներում նշեցին, որ տեղյակ են երրորդ պաշտոնատար անձի տեղաշարժման մանրամասներից: Այսինքն՝ ըստ քմահաճույքի և ըստ պահանջի ցանկացած պահի խախտվում կամ կարող են խախտվել յուրաքանչյուրիս անձնական կյանքի անձեռմխելիությունը և մի շարք այլ հիմնարար իրավունքներ:

4. Առկա է դավադրությունների տեսության մեջ հմտացած անհայտ իրավաբանների մի խումբ, ովքեր խեղաթյուրված փաստեր են ներկայացնում վարչապետին: Միգուցե առավել ստաժավոր և գիտական իրավական համայնքի կարծի՞քն էլ հաշվի առնվեր:

5. Միգուցե խնդիրը Սահմանադրական դատարանի և Հրայր Թովմասյանի մեջ չէ՞, և ժամանակն է, որ իշխող ուժի ներկայացուցիչներն ավելի պատասխանատու՞ վերաբերեին իրենց կողմից զբաղեցված պաշտոններին և ըստ պաշտոնի՝ նաև իրենց խոսքի արժեքին:

6. Միգուցե իշխող ուժի ներկայացուցիչները քաջ գիտակցու՞մ են վերոնշյալը, ուղղակի օրախնդիր է կառավարելի Սահանադրական դատարան ձևավորելը»,- գրել է նա:

Տպել
Ամենաշատ