News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կանադայի ազգային ոստիկանության ներկայացուցիչները եւ նրանց բրիտանացի գործընկերները ներկայումս քննարկում են հյուսիսամերիկյան երկրում արքայազն Հարրիի եւ նրա կնոջ՝ Մեգան Մարքլի անվտանգության ապահովման հետ կապված հարցերը: Այս մասին հայտնել է Կանադայի հանրային անվտանգության եւ արտակարգ իրավիճակներին պատրաստականության ապահովման նախարար Բիլ Բլերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Մեր «Թագավորական հեծյալ ոստիկանության (ազգային ոստիկանության) ներկայացուցիչների եւ նրանց բրիտանացի գործընկերների միջեւ ներկայումս ընթանում է [Կանադայում արքայազն Հարրիի եւ նրա ընտանիքի] անվտանգության ապահովման հարցերի քննարկում, ինչպես նաեւ համապատասխան ծախսերի մարման հարցերը»,- СBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ասել է կանադացի նախարարը: Բլերը մանրամասներ չի ներկայացրել:

Բրիտանական «Իվնինգ ստանդարտ» տաբլոիդը հունվարի կեսին հայտնել էր, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն իբր Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին արդեն հավաստիացրել է, որ Օտտավան իր վրա կվերցնի միապետական անձանց պահպանության ապահովման ծախսերը Կանադայում նրանց կեցության ժամանակ: Թրյուդոն ավելի ուշ հերքել է այս պնդումը՝ հայտարարելով, որ թագուհու հետ նման հարցեր չի քննարկել:

Արքայազն Հարրին, որը գահաժառանգների հերթում 6-րդն է, եւ նրա կինը հունվարի 8-ին իրենց Instagram-յան էջում հայտարարել էին թագավորական ընտանիքի ավագ անդամների կարգավիճակից հրաժարվելու եւ իրենց ֆինանսական անկախությունն ապահովելու, ինչպես նաեւ երկու տներում՝ Կանադայում եւ Մեծ Բրիտանիայում ապրելու մասին: Մեգանը Մեծ Բրիտանիայից հեռացել էր այս հայտարարությունից գրեթե անմիջապես հետո եւ վերադարձել էր Կանադա, որտեղ ընտանիքի հետ էր անցկացրել ծննդյան արձակուրդները, հիմա նա այնտեղ է որդու հետ: Արքայազն Հարրին անցյալ շաբաթ նույնպես Կանադա է մեկնել:

Բուքինգեմյան պալատը հունվարի 18-ին հայտարարել էր, որ զույգն այսուհետեւ չի կարող պաշտոնական ուղեւորությունների ժամանակ պաշտոնապես ներկայացնել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ին, կատարել այլ արարողակարգային պարտականություններ եւ օգտագործել Ձերդ Մեծություն տիտղոսը: Հայտարարվել էր նաեւ այն մասին, որ արքայազնի ընտանիքն այլեւս չի ստանա բյուջետային միջոցներ, որոնց հաշվին մարվում էին Սասեքսի դքսի եւ դքսուհու ծախսերը՝ պայմանավորված միապետական ազգանուն կրող անդամների նրանց պաշտոնական դերով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ