News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 26
USD
478.33
EUR
517.46
RUB
7.31
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը


Հունվարի 28-ը Բանակի օրն է. իշխող վերնախավը եւ ընդդիմադիր ուժերը տարբեր ժամերի են այցելել զինվորական պանթեոն։ «Ուզում եք՝ այս լուսավոր օրն անդրադառնամ ինչ-որ հերյուրանքների՞». Սերժ Սարգսյանը կոչ է արել թույլ չտալ Բանակի վարկաբեկումը։ Դիմակավորված ոստիկանները ձերբակալել են Նարեկ Մալյանին. իրավապաշտպանները շտապել են 6-րդ վարչություն։ «Բանակի օրը դասալիքը մասկի շոու է կազմակերպում բանակում ծառայած ընդդիմախոսի հանդեպ». Նարեկ Սամսոնյանը խորհրդանշական զուգահեռ է անցկացնում։ «Ադեկվադ» միաբանության 4 անդամի ձերբակալություն, մեկը՝ ուղիղ եթերում. «ասֆալտին պառկեցնելու» գործողությունից ժամեր անց նրանք ազատ են արձակվել։ Ազատության մեջ է նաեւ Նարեկ Մալյանը. նրա մոտ ապօրինի զենք չի գտնվել։ Նախկին ընկերների հանրային, բայց հեռակա վեճը. Արթուր Վանեցյանի համար նորություն էր, որ Ալեն Սիմոնյանին հետեւից գրկել են, իսկ ԱԺ փոխնախագահը խոստացել է «մինչեւ վերջ սերժացնել» ԱԱԾ նախկին տնօրենին։

Հայկական բանակի 28-րդ տարեդարձի օրը Հայաստանում սկսվեց իշխանության ներկայացուցիչների՝ Եռաբլուր պանթեոն այցով, շարունակվեց աղմկոտ ձերբակալություններով ու դրանց արձագանքներով։ Արցախյան ազատամարտում զոհվածներին հարգանքի տուրք են մատուցել երկրի վարչապետը, նախագահը, Ամենայն հայոց կաթողիկոսը, բարձրաստիճան պաշտոնյաներ։

Շուտով կհանգուցալուծվի՝ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին լրագրողների հարցին ի պատասխան ասել է Նիկոլ Փաշինյանը: Նույն հարցին  նախագահ Արմեն Սարգսյանն արձագանքել է. «Եթե կարելի է դրա մասին այսօր չխոսենք»: Բարձրաստիճան պաշտոնյաներն ուղեւորվել են մարզեր, որտեղ պետք է տեղի ունենան բանակի տարեդարձին նվիրված հիմնական միջոցառումները։

Իսկ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, շատերի նման,  շնորհավորական ուղերձ է հղել Հայկական բանակի կազմավորման տարեդարձի առիթով։ «Այս օրը տոն է մեր երկրի սահմաններն անառիկ պահող մեր զինվորների ու սպաների շնորհիվ», գրել է Թովմասյանը եւ ամփոփել. «Աստված ձեզ պահապան, տղե՛րք»։

Կեսօրից քիչ անց ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանի ձերբակալությունը պատկերող  տեսանյութ հրապարակեց։ «Ռեպրեսիաների նոր փուլ: Դիմակավորված անձինք բռնի կերպով առևանգում են հայտնի հասարակական գործիչ Նարեկ Մալյանին»,-  գրեց Հակոբյանը:

Հայաստանից բացակայող փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքում հիշեցրել է, որ դեռ գեթ մեկ դեպք չի եղել, որ իր պաշտպանյալ Մալյանը առաջին կանչով իսկ չներկայանար իրավապահներին: Նշանակում է՝ այդ էժան շոուն ինչ-որ մեկին պետք էր, գրել է պաշտպանը։ Հիշեցնենք, որ իր «հոբելյանական» 100-րդ հարցաքննությանը Մալյանը ներկայացել էր փուչիկներով, տորթով եւ բենգալյան կրակներով։

Ոստիկանության 6-րդ վարչության շենքի մոտ հասած իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողներին հայտնել է, որ ստանձնել է Մալյանի պաշտպանությունը երկրից բացակայող Աթանեսյանի խնդրանքով։

Մալյանի ձերբակալությունը քաղական դրդապատճառներով պայմանավորող հասարակական գործիչ Նարեկ Սամսոնյանը խորհրդանշական է համարում, որ, իր բառերով Բանակի օրը դասալիք Փաշինյանը մասկի շոու է կազմակերպել բանակում ծառայած ընդդիմախոս հանրային գործչի հանդեպ։

6-րդ վարչության մոտ գտնվող Արսեն Բաբայանը Մարդու իրավունքների պաշտպանին տեղեկացրել է հանրային գործչի ձերբակալության մասին։

Ավելի ուշ  բերման են ենթարկվել «Ադեկվադ» միաբանության 4 անդամներ, հայտնել է նրանց կուսակից Լիլիթ Թումանյանը։ «Կատարվածը ոչ միայն ներքին քաղաքական հետևանքներ է ունենալու, այլև արտաքին։ Մարդու իրավունքների և ժողովրդավարության այն ցուցանիշները, որոնցով հպարտանում է Նիկոլ Փաշինյանը, այսօր գետնով է տալիս»,- ասել է նա, որի տվյալներով՝ ոստիկանությունում են Կոնստանտին Տեր-Նակալյանը, Արթուր Դանիելյանը, Գրիգոր Մինասյանը և Ազատ Ադամյանը։

Նրանցից Արթուր Դանիելյանն ուղիղ եթերում է եղել իր ձերբակալության պահին։ «Ադեկվադի» ղեկավարն ասում էր, որ Տեր-Նակալյանին ձերբակալել են եւ րոպե-րոպե սպասում է իր ձերբակալությանը։ Ավելի ուշ հայտնի է դարձել, Դանիելյանը շտապօգնության բժիշկ է պահանջել։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի տվյալով՝ ըստ երեւույթին ձեռնաշղթա դնելիս են վնասել նրա ձեռքը։

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանն իրիկնադեմին ազատ էարձակվել ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից։ Իրեն խուզարկել են, զենքեր չեն գտել եւ ազատ են արձակել, ասել է նա։

Երեկոյան ոստիկանությունն ազատ է արձակել «Ադեկվադի» ներկայացուցիչ Կոնստանտին Տեր-Նակալյանին։ Նրա խոսքով՝ իրեն ձերբակալել են Փաշինյանի երազած ձեւով՝ ասֆալտին փռելով, երբ գալիս էր ձերբակալված Մալյանին աջակցելու։

Քիչ անց ազատ է արձակվել նաեւ Արթուր Դանիելյանը։ Նա ասել է, որ իր վրա զենք ու թմրամիջոց էին փնտրում, մի մարդու, որը մեկ տասնամյակ ծառայել է իրավապահ համակարգում։

Ցերեկը «Եռաբլուր» պանթեոն է այցելել ՀՀԿ վերնախավը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Լրագրողների հետ զրույցում երրորդ նախագահը շնորհավորել է հայ  զինվորներին ու սպաներին, ազատամարտիկներին ու Բանակի վետերաններին:

Սերժ Սարգսյանը կոչ է արել թույլ չտալ, որպեսզի մարդիկ ինչ-ինչ նպատակներով փորձեն վարկաբեկել մեր բանակը:

«Եռաբլուր» են այցելել նաեւ երկրորդ նախագահի աջակիցները։ Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի համակարգող Աղվան Վարդանյանը լրագրողներին ասել է, որ տարիներ առաջվա համեմատ այժմ տոնական տրամադրությունը չի իշխում, հիմա, նրա խոսքով, պաստառների վրա ձեռագիր ինչ-որ անիմաստ տեքստեր են։

Մեզ պակասում է մեր հավատարմությունը՝ մեր զոհերի հիշատակի առաջ եւ նրանց փառաբանումն ամեն օր, պակասում է վերաբերմունքը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հանդեպ, ասել է Աղվան Վարդանյանը։

Բանակի տարեդարձն այն օրն է, որը բոլորիս է միավորում՝ անկախ քաղաքական հայացնքներից, «Եռաբլուրում» լրագրողներին ասել է  երկրորդ նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանը: Պատասխանելով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին հարցին, Լեւոն Քոչարյանը համոզմունք է հայտնել, որ այն ուղիղ կապ ունի Ռոբերտ Քոչարյանի գործի հետ:

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված վիճակի թեմայով հեռակա վեճ է ծագել Արթուր Վանեցյանի ու Ալեն Սիմոնյանի միջեւ։ Վանեցյանի խպոսքով՝ Սիմոնյանը ստում է՝ ասելով, թե ինքը Թովմասյանի հարցով զրուցել է նրա հետ, ասել, թե իբր ՍԴ նախագահը պատրաստ է ամեն կերպ աջակցել, միայն թե պահպանի պաշտոնը։ Սիմոնյանի պատմելով՝ փողոցում մեկը թիկունքից փաթաթվել է իրեն եւ հարցրել՝ «հիմա ամեն ինչ նորմա՞լ է», եւ նա եղել է Թովմասյանը։ «Ցավում եմ, որ նա  համաձայնել է նման ամոթալի ձևով օգտագործվել՝ հանուն մեկ մարդու անհեթեթ ամբիցիաների, որը չի խորշում իրար դեմ հանել անգամ ընկերներին ու ընտանիքի անդամներին:  Կարծում եմ՝ եթե Ալենին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի»,- ասել է Վանեցյանը, որի խոսքով՝ իր համար նորություն էր, որ Ալեն Սիմոնյանին հետևից գրկել են, առավել ևս՝ Հրայր Թովմասյանը:

Ես կսերժացնեմ քեզ մինչեւ վերջ. Այս կերպ է Վանեցյանին Facebook-ում արձագանքել ԱԺ փոխնախագահը: «Գիտեմ, ոնց գլուխդ պտտվեց վաղաժամ ուսադիրներից եւ ուշադրությունից: Քեզ թվաց, որ Նիկոլի շողքը դա դո՞ւ ես, հընգեր ջան», գրել է Ալեն Սիմոնյանը: «Ես քեզ շանս տվեցի դառնալ հեղափոխական, դու գնացիր քո մանկության երազանքի ետեւից` «դառնալ Սերժ», այդ հարցում էլ քեզ կօգնեմ, խոստանում եմ. կսերժացնեմ մինչեւ վերջ», նշել է նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքը Կապանում ավելի շատ բնորոշ է այն ենթամշակույթին, ինչի դեմ իրենք Ազգային ժողովի մակարդակով փորձում են պայքարել, լրագրողների հետ զրույցում ասել է ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։

Հայաստանում հունվարի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 3 օրերին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Երեւանում եւս տեղումներ չեն կանխատեսվում։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ +5+7։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 25.02.2020
2020 թվականի փետրվարի 25-ը Հայաստանի նորագույն պատմության մեջ կդառնա այն օրը...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 24.02.2020
Արցախի Պաշտպանության բանակի նոր հրամանատարը Ջալալ Հարությունյանն է...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 21.02.2020
Հայաստանը վերջին հրաժեշտն է տալիս սիրելի արտիստին...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 20.02.2020
Անցած գիշեր 95 տարեկանում մահացել է 20-րդ դարի երկրորդ կեսի հայ թատերական ու կինոարվեստի ոսկե սերնդի վերջին մոհիկանը
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 19.02.2020
Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանը և Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանը պաշտոնանկ են արվել...
Լուրեր Հայաստանից և աշխարհից՝ «մեկ տողով». 18.02.2020
Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ոստիկանության մասին օրենքի մի դրույթ...