News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 01
USD
504.47
EUR
553.45
RUB
6.46
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Խորհուրդ կտամ զգույշ լինել նման տերմիններ օգտագործելիս, որովետեւ այդ մասին լսում են ոչ միայն Հայաստանում, այլեւ Հայաստանից դուրս։ Այս մասին  168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ասել է  Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, պատասխանելով հիբրիդային հեղաշրջման փորձին իր եւ ԱԱԾ նախկին տնօրենի մասնակցության ակնարկների մասին հարցին։

«Մի պահ պատկերացրեք օտարերկրյա ներդրողի աչքով, որը ծրագրում էր Հայաստանում ներդրումներ անել, մեկ էլ   լսում է, որ այս երկրում հեղաշրջում, ինչ-որ հիբրիդային պատերազմ  եւ այլն։ Եվ ես նաեւ լրատվական միջոցներին եմ հորդորում՝ զգույշ եղեք այդ բառերն օգտագործելիս։ Բացի նրանից, որ այդ մտքերը իրականանալու ուժ ունեն, չի կարելի այդ բառերը չարաշահել, տեղի-անտեղի այդ տերմիններն օգտագործել։ Ինչ-որ արդարանալու առիթ կա՞։ Կա՞ն մարդիկ, որոնք միշտ իրենց շրջապատում ինչ-որ դավադրություններ են փնտրում, ինչ-որ թշնամիներ են փնտրում, կասկածամիտ մարդիկ են։ Ես այդտեղ անելիք իրականում չունեմ, ես նույնիսկ ասելիք չունեմ դրա վերաբերյալ։ Անկեղծ՝ եթե հիմա քննություն հանձնեի, եթե իմ հարցատոմսում լիներ հիբրիդային հեղաշրջում, ես 2 կստանայի, որովհետեւ ես չգիտեմ՝ դա ինչ է, ինչ է նշանակում»։

«Տարբեր առիթներ ունեցել եմ ասելու, որ ՍԴ դատավոր, ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի համար զրո նշանակություն ունի, թե ով է այդ պահի վարչապետը։ Եվ փառք Աստծո, ե՛ւ մեր Սահմանադրությունը, ե՛ւ ՍԴ մասին օրենքը տվել են բոլոր հնարավորությունները, որպեսզի անգամ ֆինանսական առումով ՍԴ-ն կախված չլինի, թե մեր բյուջեն, աշխատավարձը ինչպիսին են լինելու, որ այն չի կարող իջեցվել, շատ հստակ սահմանված է  օրենքով, եւ դրանից դուրս ոչինչ չենք կարող անել։ Այս առումով էլ ինձ համար միեւնույնն է։ Որպես Հրայր Թովմասյան կարող ես ունենալ քո նախասիրությունները, քաղաքական հայացքները, բայց դրանք արտահայտվում են բացառապես քվեարկության ժամանակ, երբ դու փակ քվեախցիկում ես։ Դրանից դուրս Հրայր Թովմասյանի քաղաքական գործունեություն, իր համար՝ ով է իշխանություն, ինչու է իշխանությունը սա, լավ է, վատ է՝ գոյություն չունեն։ Մի օր բոլորը պետք է սա հասկանան։ Եվ սա գլխավոր ելակետն է, որից սկսում է անկախ դատական իշխանությունը։ Դատական իշխանությունը անկախ չէ, եթե իր համար ցանկալի վարչապետ փորձի ընտրել, ով ուզում է՝ լինի, իր համար դատական իշխանությունը անկախ չի, եթե փորձի․․ այն տերմինները, որ օգտագործվում են։ Այդ դեպքում վերջակետ դրեք պետությանը, չկա այդ դեպքում պետություն։ Եթե դուք տվյալ պահին ձեր քիմքին ոչ հաճո է ՍԴ որոշումը ընկալում եք, որ մենք ձեզ ընդդիմություն ենք, դա մոտավորապես նույնն է, որ բժիշկը եկել, ձեզ ասում է, որ դուք այս հիվանդությունն ունեք, եւ դուք այդ բժշկին համարում եք ձեզ ընդդիմություն, թշնամի եք համարում։ Այս մարմինը հենց դրա համար է, որպեսզի դա ասի, եթե չի ասում, ուրեմն մի պահեք այդ մարմինը, թողեք՝ մարդիկ գնան իրենց գործով զբաղվեն։ Երբ սկսում են տարբերակում դնել ՍԴ որոշումների մեջ եւ սկսում են քննադատել ՍԴ որոշումները, ուրեմն եկեք անկեղծ լինենք․ կա՛մ ՍԴ բոլոր որոշումներն են վատը, կա՛մ ՍԴ բոլոր որոշումներն են լավ։ Երեւույթների ընկալման տարբերություն կա․ եթե օրվա քաղաքական իշխանությանը ոչ հաճո որոշումներ կայացնելը պետք է դիտարկվի, որ ես օրվա քաղաքական իշխանությանն ընդդիմություն եմ, ապա ընկալեք՝ ինչպես ուզում եք, բայց այդ դեպքում ստիպված եք լինելու վարչական դատարանի բոլոր դատավորներին, որոնք միանձնյա են գործը քննում, դիտարկել, որ երկրի քաղաքական իշխանությանն ընդդիմություն են, որովհետեւ չկա մեկը, որ պետական մարմնի որեւէ որոշում անվավեր ճանաչած չլինի։ Ես սկզբունքորեն չեմ կարող երկրի քաղաքական իշխանությանն ընդդիմություն լինել, որովհետեւ մեր առուները իրար հետ ընդհանրապես չեն հատվում, մենք առնչություն չունենք իրար հետ, ես քաղաքականությամբ ոչ միայն չեմ զբաղվում, այլեւ պարտավոր եմ իմ հրապարակային խոսքում քաղաքական չեզոքություն ցուցաբերել։ Խորհրդարանական վերջին ընտրություններում, երբ ծնողներս հարցրին՝ ում ընտրենք, ասացի՝ ում ուզում եք, ընտրեք։ Մինչ այդ միշտ հարցրել են, ասել եմ՝ սրան ընտրեք, ճիշտ կլինի։ Այսինքն՝ ես նաեւ այդ զսպվածությունն իմ մեջ պահել եմ եւ նաեւ այդտեղ եմ դրսեւորել, ի՞նչ ընդդիմության մասին է խոսքը։ Ես չեմ կարող ընդդիմություն լինել։ Նույնիսկ օրվա քաղաքական իշխանության իրավական ոլորտի քաղաքականության վերաբերյալ որեւէ գնահատական ինձանից չեք լսել։ Ես այդ հարցերին չեմ առնչվում։ Կարող եմ որպես մարդ, ֆիզիկական անձ ունենալ իմ կարծիքը այս կամ այն հարցի վերաբերյալ, բայց ես դրանց մասին չեմ բարձրաձայնում, որովհետեւ ինձ համար մեկընդմիշտ որոշված է, որ քաղաքականությունը իմ կյանքում ավարտված է, իմ կյանքում սկսված է մեկ նոր փուլ, որ ՍԴ դատավորի աշխատանք։

Դիտարկմանը, որ կառավարությունը, երբ իրենց պետք է, օգտվում է ՍԴ-ից, բայց երբ պետք չէ, ասում է ՍԴ-ն նախկին իշխանությունների օրոք է ձևավորվել, Հրայր Թովմասյանը պատասխանեց․ «Գիտեք, դժվար է ինձ իրենց համոզել, քանի որ եթե մարդը մտածում է՝ եթե քո տեղում լիներ, հենց այդպես էր վարվելու։ Դու նրան չես կարող հակառակն ապացուցել, եթե դու այդպես չես մտածում և այդպես չես վարվում։ Ես այս կռվին չեմ ուզում խառնվել։ Բերեք մի որոշում, միջազգային մի փորձաքննություն իմ պաշտոնավարման ժամանակահատվածից և ասեք՝ գիտեք ինչ, այս որոշումը այլ կերպ պետք է ընդունվեր։ Իմիջիայլոց, որևէ մեկն այլ բան չի էլ ասում, որ այս որոշումը ճիշտ չեք ընդունել, այս որոշումն եք ճիշտ ընդունել։ Կարող է մի օր պարզվի, որ սխալ ենք արել, որ տարեվերջին մոտ 100 միլիոն վարկային այդ փաթեթն ենք վավերացրել։ Կարող է մի օր հաջորդ իշխանությունը գա, ասի՝ այ սա ինչ եք արել, դուք էն իշխանության հետ լավ եք եղել, սա եք արել, հենց այստեղ կավարտվի  ՍԴ-ն էլ, պետությունն էլ։ Այս կռիվը կռիվ է արդար դատական իշխանություն ունենալու համար։ Փորձություններով պիտի անցնես և քո անկախ լինելը ձեռք բերես, որպեսզի բոլորի համար միանշանակ դառնա, այլևս երկրում երբեք որևէ մեկի մտքով չանցնի, որ ՍԴ-ի վրա կարող է ճնշում գործադրել, լինի՝ հետապնդման, բնակարանը խուզարկելու, կալանավորելու, սանիկներին տանելու, աղջիկներին բերման ենթարկելու միջոցով, որ չլինի սա։ Ես այս խնդրի լուծման պրոցեսում եմ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել