News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 18
USD
479.05
EUR
519.43
RUB
7.57
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտպանների թիմը երեքշաբթի ավարտել է Կոնգրեսի Սենատում փաստարկներ ներկայացնելը ԱՄՆ նախագահի իմփիչմենթի ընթացակարգի շրջանակում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Չորեքշաբթի պաշտպանները եւ մեղադրողները կսկսեն պատասխանել սենատորների հարցերին։ Ընդհանուր առմամբ, դրան կհատկացվի 16 ժամ, բայց գործընթացը չի սահմանափակվում աշխատանքային օրերով։ Ինչպես նշում է «Պոլիտիկո» թերթը, Սենատում հանրապետականների առաջնորդ Միչ Մակքոնելը պայմանավորվել է վերին պալատի դեմոկրատական փոքրամասնության ղեկավար Չակ Շումերի հետ, որ չորեքշաբթի եւ հինգշաբթի հարցերին կտրամադրվի ութական ժամ։

Ուրբաթ չորսժամյա բանավեճերից հետո օրենսդիրները կքվեարկեն վկաներին կանչելու եւ որեւէ այլ լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտության մասին։ Եթե վկաներ չկանչվեն, Սենատը կքվեարկի մեղադրանքի երկու հոդվածների՝ իշխանության չարաշահման եւ Կոնգրեսի հետաքննությանը խոչընդոտելու վերաբերյալ։

2019 թվականի սեպտեմբերին Ներկայացուցիչների պալատը դեմոկրատների օգնությամբ հայտարարեց Թրամփի նկատմամբ իմփիչմենթ սկսելու մասին։ Առիթ ծառայեց հուլիսին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցը. ենթադրվում էր, թե նախագահը ճնշում գործադրելով դրդել է Կիեւին օգնել ամերիկյան վարչակազմի ղեկավարին ընտրվել երկրորդ ժամկետով 2020 թվականին։ Ինչպես կարծում են ԱՄՆ նախագահի քաղաքական ընդդիմախոսները, հանրապետական Թրամփը փորձել է համոզել Զելենսկուն սկսել հետաքննել Ուկրաինայում Հանթեր Բայդենի (ԱՄՆ նախկին փոխնախագահի որդու)  գործունեությունը՝ Կիեւին ֆինանսական եւ ռազմական օգնության դիմաց։ Թրամփի դեմ մեղադրանքի երկու հոդվածները հաստատվել են դեմոկրատների կողմից դեկտեմբերի 18-ին։

Այժմ Սենատը կատարում է ատենակալների դատարանի դեր, իսկ Ներկայացուցիչների պալատը հանդես է գալիս որպես մեղադրող կողմ։ Դատավարությունը ղեկավարում է ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը։ Նախագահին պաշտոնից հանելու համար անհրաժեշտ է սենատորների երկու երրորդի (67 մարդ) աջակցությունը։ Սենատի այսօրվա կազմի պայմաններում իրադարձությունների նման զարգացման հավանականությունը գրեթե զրո է, քանի որ հանրապետականները վերին պալատում ունեն 53 տեղ 100-ից։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել