News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կամ պետք է հանրապետությանը տա ձեռք բերված հինգերորդ սերնդի F-35 կործանիչները, կամ վերադարձնի դրանց գումարը։ Այս հայտարարությունը հնչել է ինքնաթիռում, Աֆրիկայի երկրներ եռօրյա այցից վերադառնալու ճանապարհին, լրագրողների հետ Թուրքիայի նախագահի ունեցած զրույցի ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Ինչ վերաբերում է F-35-ի թեմային, ԱՄՆ-ը մեզ դարձրել է (այդ ինքնաթիռների ստեղծման) գործընկեր եւ մեզանից գնել է բազմաթիվ բաղադրիչներ (դրանց պատրաստման համար)։ Նրանք մեզ են հանձնել հինգ հատ (կործանիչ)։ Ավելի ուշ ծագել են խնդիրներ, ընդունվել է որոշում՝ մեզ չուղարկել այդ կործանիչները։ Կամ նրանք մեզ պետք է վերադարձնեն փողն այդ աշխատանքի համար, կամ մեզ պիտի տան ինքնաթիռներ»,- նախագահի խոսքերը մեջբերում է NTV հեռուստաալիքը։   

Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան կարող է գտնել ամերիկյան կործանիչների փոխարինողներ որեւէ այլ երկրում կամ սեփական արտադրություն բացել։ Նա հիշեցրել է, որ Անկարան մշակում է հինգերորդ սերնդի նորագույն կործանիչ՝ TF-X (Turkish Fighter - X), որը ներկայացվել է անցյալ տարվա սեպտեմբերին։

Թուրքիայի նախագահը նորից հավաստիացրել է, որ Թուրքիան մտադիր չէ հրաժարվել ռուսական զենիթահրթիռային Ս-400 համակարգերից՝ դրանց ձեռքբերման պայմանագիրն անվանելով «ավարտված գործ»։

2017 թվականի սեպտեմբերին ՌԴ-ն տեղեկացրել էր Թուրքիայի հետ Ս-400-ների մատակարարման պայմանագիր կնքելու մասին, որի արժեքը 2,5 մլրդ դոլար է։ Առաջին մատակարարումներն սկսվել են 2019 թվականի հուլիսի 12-ին։ Թուրքիայի կողմից Ս-400-ների ձեռքբերման դեմ ակտիվորեն հանդես են գալիս ԱՄՆ-ը եւ ՆԱՏՕ-ն։ Հուլիսի 17-ին Սպիտակ տան մամուլի քարտուղարը տեղեկացրեց, որ Ս-400-ներ ձեռք բերելու հանրապետության որոշումը անհնար է դարձնում նրա հետագա մասնակցությունը ամերիկյան F-35 կործանիչների ստեղծման ծրագրին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ