News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի քրեական հետախույզներն ու պարեկայինները ձեռնարկած միջոցառումների շնորհիվ փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ օրեր առաջ Վանաձորի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդ մթերային խանութներից մեկում, ինչպես և դեղատանը գնումներ է արել՝ վճարելով 20 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներով։

Հետագա միջոցառումներով նոր տեղեկություններ ձեռք բերվեցին, որ երիտասարդը մի անգամ էլ մեկ այլ խանութում փորձել է գնումների դիմաց կեղծ թղթադրամով վճարել։ Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները խուզարկեցին երիտասարդի բնակության հասցեն՝ հայտնաբերելով 20 հազար դրամ անվանական արժեքով 12 հատ կեղծ թղթադրամ։ 28-ամյա երիտասարդը բերման ենթարկվեց ոստիկանության Բազումի բաժին, ներկայացվեց տարածքային քննչական բաժին ու ձերբակալվեց, ապա կալանավորվեց՝ տեղափոխվելով քրեակատարողական հիմնարկ։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվեցին։ Արդյունքում՝ նոր հանգամանքներ ի հայտ եկան, որ 28-ամյա երիտասարդը կեղծ թղթադրամները ձեռք է բերել Վանաձորի բնակիչ մի պատանուց։ Հարուցված քրեական գործի շրջանակներում իրավապահները խուզարկեցին նաև անչափահասի բնակարանը՝ հայտնաբերելով 20 և 10 հազար դրամ անվանական արժեքով կեղծ թղթադրամներ, համակարգիչ ու գունավոր տպիչ, որոնք առգրավվեցին հետագա գործողությունների համար։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։

Տպել
Ամենաշատ