News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիտորդները մտահոգություն են արտահայտել Հայաստանում ինստիտուտների միջեւ լարվածության բարձր մակարդակի կապակցությամբ: Այդ մասին ասվում է Հայաստանում ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի համազեկուցողների տարածած հայտարարության մեջ, որն ամբողջությամբ տեղադրված է ԵԽԽՎ կայքում:

«Մենք շատ մտահոգված ենք Հայաստանի երկու պետական ինստիտուտների՝ վարչապետի աշխատակազմի եւ ՍԴ նախագահի միջեւ լարվածության բարձր մակարդակով,- նշում են Հայաստանում մոնիթորինգի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ Անդրեյ Շիրչելն ու Քիմո Քիլյունենը:

Ըստ հայտարարության՝ վերահսկողությունն ու հակակշիռներն անհրաժեշտ են ցանկացած ժողովրդավարական համակարգում:

«Դա ենթադրում է, որ բոլոր ինստիտուցիոնալ ուժերը պետք է գործեն օրենքի գերակայության սկզբունքով եւ հարգեն այն իրենց արարքներում եւ խոսքերում՝ այդ թվում կապված անմեղության կանխավարկածի հետ։ Երբ նրանք չեն կարողանում գործել այս սկզբունքներին համապատասխան, քայքայում եւ վնասում են միմյանց»։

Համազեկուցողների խոսքով՝ իրենք անհանգստացած են այն վնասով, որ այս լարվածությունները, որոնք հասել են աննախադեպ մակարդակի, կարող են պատճառել ամբողջ դատական համակարգին, որի հանդեպ վստահությունը արդեն իսկ ցածր է։

«Մինչեւ այժմ կառավարությունն ու խորհրդարանը հարգել են իրավիճակը կարգավորելու իրավական ընթացակարգերը։ Ավելին, իշխանությունները Վենետիկի հանձնաժողովից կարծիք են հարցրել ՍԴ դատավորներին վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու մեխանիզմի վերաբերյալ։ Համաձայն եվրոպական չափանիշների՝ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, որ վաղաժամ կենսաթոշակի գնալը պետք է լինի խիստ կամավոր եւ այս սկզբունքը պետք է պահպանվի։ Որպես համանախագահներ, մենք ուշադիր հետեւելու ենք, որ Հայաստանի իշխանությունները շարունակեն այս կերպ վարվել, անգամ եթե այս մեխանիզմի  նպատակը՝ պաշտպանել 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ոգին, վավեր է թվում»։

«Մենք արդեն շեշտել ենք, որ քաղաքական խաղացողները պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են ընկալվել որպես դատական համակարգի նկատմամբ ճնշման գործադրում։ Որպես հավելում, մենք բոլոր կողմերին կոչ ենք անում նվազեցնել լարվածությունը»,-նշել են համազեկուցողները:

Ինչպես նշված է հայտարարության մեջ, այդ լարվածությունը չպետք է ստվերի Հայաստանում բարեփոխումների անհրաժեշտությունը, թե՛ նրանց, ովքեր նախապատրաստվում են, թե՛ նրանց, ովքեր արդեն գործարկվել են Եվրոխորհրդի հետաքրքրությունների շրջանակում գտնվող շատ ոլորտներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ