Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը:

Ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացրել էին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններ Հովհաննես Խուդոյանը եւ Արամ Վարդեւանյանը: Փաստաբանների կարծիքով՝ դատավորի նախորդ գործողությունները վկայում են նրա ոչ օբյեկտիվ եւ ոչ ինքնուրույն լինելու մասին:

Վերաքննիչ բողոք է բերել դատախազությունը: Հիշեցնենք, որ բողոքարկվում է առաջին ատյանի դատարանի որոշումը պաշտպանության կողմին գործի նյութերն ամբողջ ծավալով տրամադրելու մասին: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր դատախազ Պետրոս Պետրոսյանը, քանի որ քննվող գործի նյութերը հրապարակման ենթակա չեն, փաստաբաններին տրամադրելը կլիներ օրենքի խախտում:

Փաստաբաններն իրենց հերթին նշում են, որ ցանկանում են գործի նյութերին ծանոթանալ մինչ դրա վերսկսումը, եւ ընդհանուր առմամբ, եթե  նյութեր հայտնաբերվեն, որոնք պետք է ներկայացնել իրենց պաշտպանյալի շահերի շրջանակում, ապա կարելի է անել փակ նիստում: