News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը սկսվեց նախորդ նիստին փաստաբանների բացակայության փաստի քննարկումից:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ բացակայությունը միակ միջոցն էր՝ ցույց տալու վերաբերմունքը տեղի ունեցածի նկատմամբ: Նա հիշեցրեց, որ տուժող կողմի ներկայացուցիչ Էդիկ Հարությունյանը հայտարարություն է արել, որը պաշտպանության կողմն ընդունել է որպես սպառնալիք եւ ատելության դրսեւորում:

«Դատարանը պարտավոր է ապահովել գործընթացի բնականոն ընթացը, որպեսզի պարզի՝ ինչ նկատի ուներ Հարությունյանը, սակայն պատշաճ կերպով արձագանք չտրվեց, որից հետո երկու կողմերին նկատողություն արվեց»,- նշեց փաստաբանը: Նա դատավոր Աննա Դանիբեկյանին հիշեցրեց, որ նա բացի իրավունքներից ունի նաեւ պարտավորություններ: «Մեր ֆրանսիացի գործընկերը արդեն որերորդ նիստն է՝ չի կարողանում ներկա գտնվել: Նա դրան սովոր չէ»,- նշեց Ալումյանը՝ հիշեցնելով, որ փաստաբանները պետք է զբաղվեն պաշտպանությամբ, այլ ոչ պատասխանեն սպառնալիքներին:

Փաստաբան Արամ Օբելյանը նախքան սեփական բացակայության պատճառը հայտնելը, դատարանին խնդրեց տեղեկացնել պատժամիջոցների առումով հետագա գործողությունների եւ կոլեկտիվ պատժամիջոցի հնարավորության մասին: Օրբելյանը հայտնեց, որ բացակայել է սեփական անվտանգության ապահովման պատճառով: Քանի որ դատարանում հնչած հայտարարությանը, ինչպես հայտնեց փաստաբանը՝ միջանցքում հավելվել են նաեւ անեծքները: Նա հիշեցրեց, որ դատավորը նիստում չլսեց ձայնագրությունը, չնայած եւ ավելի ուշ լսել է՝ այդ գործողությունն անհրաժեշտ համարելով: «Ես համաձայն չեմ դատարանի գնահատականի հետ այն մասին, որ դա սպառնալիք չէր, եւ առարկում եմ»,- նշեց Օբելյանը: Նա, միաժամանակ, դատարանին խնդրեց այսուհետեւ նման դրսեւորումներին արձագանքել:   

Փաստաբան Ռուբեն Սահակյանը տեղեկացրեց, որ բացակայել է նույն պատճառով, ինչը որ իր գործընկերները: «Բացի այդ, ուզում եմ նշել, որ մենք մի քանի միջնորդություն ենք ներկայացրել, եւ օրենքը պահանջում է, որպեսզի Դուք հիմնավորեք ձեր որոշումները»,- հիշեցրեց փաստաբանը՝ հավելելով, որ դա չի արվել, եւ իր բացակայությունը կապված է նման գործողությունների դեմ բողոքի հետ: Փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ դատարանը չի ապահովում դատավարական նորմերը, եւ դատավորին առաջարկեց վերանայել իր գործողությունների գնահատման համար ԲԴԽ դիմումը: Փաստաբան Արամ Վարդեւանյանը նշեց, որ մի քանի անգամ զրկվել է ելույթ ունենալու հնարավորությունից: Նա հիշեցրեց, որ տուժող կողմի հայտարարությանը նախորդել են հնարավոր սանկցիաների մասին դատավորի զգուշացումները: «Սակայն Դուք դա չեք արել կողմնակալության պատճառով: Ինչպե՞ս եք պատկերացնում արդյունավետ պաշտպանություն ներկայիս հանգամանքներում»,- հայտարարեց նա՝ հավելելով, որ տուժող կողմի որոշ ներկայացուցիչների, այդ թվում նաեւ փաստաբանների պալատի անդամների պահվածքը պատիվ չի բերում, սակայն նման բան տեղի չէր ունենա առանց դատարանի թողտվության: «Եթե փաստաբանների իրավունքները, այդ թվում՝ բոյկոտի իրավունքը, դատական սանկցիաների առարկա դառնան, մենք նույնպես գործողություններ կձեռնարկենք»,- խոստացավ Վարդեւանյանը: 

Դատավորը հետաքրքրվեց, թե ինչով է պայմանավորված պնդումը: Ի պատասխան՝ փաստաբանը նշեց, որ թույլատրված է այն, ինչ արգելված չէ օրենքով: Նա խոստացավ այդ թեմայով տեղեկանք պատրաստել, ինչը օգտակար կլինի փաստաբանների համար:

Նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ դատարանի դահլիճում պարբերաբար սպառնալիքներով հայտարարություններ են հնչում, իսկ դատարանը համապատասխան միջոցներ չի ձեռնարկում: Ընդ որում, դատարանը պաշտպանության կողմին թույլ չի տալիս ելույթ ունենալ եւ արդյունավետ իրականացնել պաշտպանությունը, չի ապահովում կողմերի մրցունակությունը: «Քանի որ ես վստահ եմ, որ սանկցիա կլինի, նախապես անհամաձայնություն եմ հայտնում՝ նման գործողությունները անհամաչափ համարելով»,- հավելեց փաստաբանը:

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը նշեց, որ փաստաբանների բացակայությունը բողոքի ակցիա է, սակայն դատարանը պետք է մտածի, թե ինչու է նման բան տեղի ունենում: «Հարգելի՛ դատարան, կարծում եմ, որ սանկցիա չպետք է կիրառվի: Դատարանը պետք է մտածի, թե ինչ կարելի է անել, որպեսզի նման բան չկրկնվի, եւ որպեսզի պաշտպանության կողմը ստիպված չլինի նման քայլի գնալ»,- նշեց Մեջլումյանը:

Լսելով փաստաբաններին՝ դատավորը հետաքրքրվեց, թե արդյոք վերացել է նրանց դժգոհության պատճառը: Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ դժգոհությունը կապված է ոչ այնքան Հարությունյանի հայտարարության, որքան դատավորի գործողությունների հետ: «Մենք մեր բացակայությամբ ցույց տվեցինք մեր դժգոհությունը Ձեր կողմնակալությունից եւ ոչ պրոֆեսիոնալիզմից»,- պարզաբանեց փաստաբանը: Նրա խոսքով՝ քանի որ դատավորը, թեեւ երկշաբաթյա ուշացմամբ, բայց ուսումնասիրեց ձայնագրությունն ու հետաքրքրվեց, թե ինչ նկատի ուներ Հարությունյանը, փաստաբանները որոշեցին նրան եւս մեկ հնարավորություն տալ՝ ճիշտ հունով տանելու գործընթացը:  

«Դուք արեցիք այն, ինչի մասին մենք նախապես պնդում էինք: Այսինքն՝ մենք ճիշտ էինք, իսկ Դուք սխալվում էիք: Մենք Ձեր գործողությունները գնահատել ենք որպես դատավարությունը բնական հունով ուղղելու փորձ: Եթե սխալվել ենք, վատ է»,- նշեց փաստաբանը՝ դատավորին առաջարկելով հայտարարությունները գնահատել այնպես, ինչպես՝ եթե դրանք հասցեագրված լինեին հենց իրեն:

Ասվածի արդյունքներն ամփոփելով՝ դատավորն արձանագրեց, որ փաստաբանների վարքագիծը համաձայնեցված էր եւ պայմանավորված մեկ պատճառով: Նա հիշեցրեց փաստաբանների պարտականությունները՝ ներկա լինել դատարանում եւ պաշտպանությունն ապահովել: Դատավորը համարեց, որ նրանց վարքագիծն ուղղված էր դատավարությունը խափանելուն, եւ բացակայության հարգելի պատճառ չկա: Դատարանն արձանագրեց, որ փաստաբանները չարամտորեն խուսափել են իրենց պարտականությունների կատարումից: Արդյունքում դատավորը որոշեց նկատողության ձեւով դատական պատժամիջոց կիրառել, ինչի մասին կտեղեկացվի Փաստաբանների պալատը: Դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ, սակայն եթե փաստաբանները որոշեն, որ անհրաժեշտ է բողոքարկել, կարող են քայլեր ձեռնարկել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ