Սերժ Սարգսյանին անձամբ չեմ ճանաչում, երբեք իր հետ չեմ հանդիպել. նույնը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին. երկուսին էլ գիտեմ՝ որպես մեր երկրի Երկրորդ եւ Երրորդ նախագահներ: Այս մասին հայաստանյան թերթերի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Միքայել Մինասյանին ճանաչում եմ շատ վաղուց, որովհետեւ բոլոր նրանք, ովքեր ծնվել են Երեւան քաղաքում, դպրոց են գնացել, շփվել են իրար հետ, կողքի դպրոց են գնացել, խաղացել են, կռվել են, բարիշել են… Եվ այլն… Այո, Միքայել Մինասյանին ճանաչում եմ: Միքայել Մինասյանի հետ ընկերներ չենք եղել, ունեցել ենք նորմալ շփումներ: Վերջին անգամ Միքայել Մինասյանի հետ հանդիպել եմ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ, Նիկոլ Փաշինյանի գիտությամբ եւ հանձնարարությամբ»,-ասել է նա՝ հավելելով, որ դրա բովանդակության մասին գիտեն 3 հոգի. «Ինչպես ասում է Նիկոլ Փաշինյանը՝ ես եւ եւս 2 հոգի, որոնք այսօր իմ քաղաքական թիմից չեն: Մնացած հարցերով, խնդրում եմ, դիմեք իրենց»:

Վանեցյանը հավելել է, որ ոչ միայն ռուսական հատուկ ծառայությունների հետ, այլեւ մնացած բոլոր գործընկեր հատուկ ծառայությունների հետ իր գործունեության ընթացքում ունեցել է ակտիվ շփումներ. «Մենք հանդիպել ենք տարբեր շրջանակներում, քննարկել ենք աշխատանքին վերաբերող հարցեր: Այդ շփումների ժամանակ ձեւավորվել են շատ բարիդրացիական հարաբերություններ, որոնք մինչ օրս պահպանվում են: Բայց պահպանվում են շատ բարիդրացիական հարաբերությունները զուտ նրա մեջ, որ շնորհավորում են իրար Նոր տարի, ծնունդ եւ այլն: Այլ հանդիպումներ, քննարկումներ չկան: Դա նորից արվում է իմ դեմ տարվող տեղեկատվական արշավի շրջանակներում»: