Ադրբեջանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթելու մասին է հայտարարել իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը՝ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի նախագահությամբ: Այս մասին իր ֆեյբուքյան էջում նշել է կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովը՝ վկայակոչելով էքզիթփոլերի տվյալները:
Ըստ կանխատեսումների՝ իշխող կուսակցությունը ստանում է Միլի մեջլիսի 125 տեղից 65-ը եւ ապահովում բացարձակ մեծամասնություն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ ընտրություններին մասնակցությունը կազմել է 47,81 տոկոս: Exit poll-ն անցկացրել է ամերիկյան Arthur J. Finkelstein & Associates սոցիլոգիական հետազոտությունների կենտրոնը:
Ադրբեջանի ԿԸՀ-ն տեղեկություններ տրամադրելու հարցում դանդաղել է
Չնայած քվեարկությունից հետո 5 ժամ լրանալուն, ԿԸՀ-ն չի հայտարարել ո՛չ ընտրողների մասնակցության ամփոփիչ տվյալները, ո՛չ ըստ տարածքների ընտրությունների նախնական տվյալները: Տեղական լրատվամիջոցները նշում են, որ Ադրբեջանում ընտրությունների ժամանակ այդպիսի բան երբեք չէր եղել: Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ մասնակցության պարտադիր շեմ նախատեսված չէ, ուստի ցանկացած դեպքում ընտրությունները կայացած կճանաչվեն:
Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը նույնպես հետաձգել էր ընտրություններից հետո ավանդական մամուլի ասուլիսը: Լրագրողներին մամուլի ասուլիսի են հրավիրել 21.30-ին: Սակայն նրանց պահել են շուրջ մեկ ժամ, իսկ հետո հայտարարել, որ մամուլի ասուլիսը չի կայանալու այն պատճառով, որ «տարածքներից լիազորված ներկայացուցիչները չեն ժամանել»: Պարզաբանումը տարօրինակ է, քանի որ տեղեկությունների փոխանցման համար լիազոր ներկայացուցիչների ֆիզիկական ներկայության անհրաժեշտություն չկա:
Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը ձգվել է մինչեւ փետրվարի 10-ի վաղ առավոտ:
Առյուծի բաժինը «Ենի Ազերբայջանին», մնացյալին՝ փշուրներ
ԿԸՀ ղեկավար Մազահիր Պանախովը փետրվարի 10-ի առավոտյան հրապարակել է 118 ընտրական տարածքների ընտրական տեղամասերի 87 տոկոսի տվյալները: Ըստ այս տվյալների՝ «Ենի Ազերբայջան» կուսակցությունը պահպանում է խորհրդարանում մեծամասնությունը՝ ստանալով 65 տեղ:
40 մանդատ է բաժին հասել անկախ թեկնածուներին: Երեք պատգամավոր է անցել Քաղաքացիական համերաշխություն կուսակցության կողմից, մեկական՝ Հայրենիք, Ժողովրդավարական բարեփոխումներ, Քաղաքացիական միասնություն, «Վահդատ» (Միասնություն), Միացյալ Ադրբեջանի ժողովրդական ճակատ, Դեմոկրատական լուսավորում, «Մեծ արարում» կուսակցությունների կողմից:
Խորհրդարան է անցնում նաեւ ընդդիմադիր «Հանրապետական այլընտրանք» կուսակցության անդամ Էրքին Հադիրլին: Սակայն, քանի որ կուսակցությունը պաշտոնապես գրանցված չէ, նա հայտնվել է անկախ պատգամավորների կարգում:
Ընտրություններին մասնակցել է 20 քաղաքական կուսակցությունների 1314 թեկնածու, ինչպես նաեւ ինքնաառաջադրվածներ եւ քաղաքացիների նախաձեռնող խմբերի կողմից առաջադրվածներ: Սակայն մի ամբողջ շարք կուսակցություններ ընտրությունները բոյկոտել են: Ընդդիմությունը ընտրությունները ֆարս է անվանել, որը միայն ուժեղացնելու է նախագահ Ալիեւի իշխանությունը: Հնագույն «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Արիֆ Հաջիլիի խոսքով՝ «ընտրություններն ամբողջությամբ կեղծված են»:
Ընտրախախտումներ
Ընդդիմադիրները հայտնել են բազմաթիվ խախտումների մասին՝ լցոնումներ, «կարուսելներ» եւ դիտորդների աշխատանքի խոչընդոտումներ: «Տարածված խախտումներից մեկն է դարձել տեղամասեր դիտորդների մուտքը թույլ չտալը: Այնտեղ, որտեղ դիտորդներին, այնուհանդերձ, թույլ են տվել մտնել, նրանց վրա ճնշում է գործադրվել: Նրանց հրամայել են նստել միայն դիտորդների համար նախատեսված տեղերում, ոտքի չկանգնել, հարցեր չտալ, դիտողություններ չանել»,- Ժողովրդավարական նախաձեռնություններ ինստիտուտի ղեկավար Ակիֆ Գուրբանովի խոսքն է մեջբերում «Կավկասկի ուզելը»:
Այսպես՝ Սուրախանի 31-րդ երկրորդ ընտրական տարածքում չնայած բլոգեր Մեհման Հուսեյնովի կողմից տեղամասերի մեծ մասում ձայների մեծամասնությունը ստանալուն, ընդհանուր արդյունքների համաձայն՝ նա նախավերջինն է եղել: Այս մասին Turan-ին հայտնել է նրա եղբայրը՝ իրավապաշտպան Էմին Հուսեյնովը:
«Մեր տրամադրության տակ են 10 տեղամասերում Մեհմանի հաղթանակի տեսավկայություններ եւ տեղամասերի ավելի քան կեսի արձանագրությունները: Մեհմանը ընտրական տարածքում հաղթում է մեծ տարբերությամբ: Բայց հիմա կեղծում է կատարվում: Մասնակցության արհեստական մեծացմամբ ձայներ են վերագրվում նրա մրցակիցներին: Ընտրական տարածքում հանցագործություն է իրականացվում, եւ մենք դա կապացուցենք»,- հայտարարել է Էմին Հուսեյնովը:
Ընտրություններին հետեւել է 850-ից ավելի միջազգային դիտորդ, ընտրություններին հավատարմագրված տեղացի դիտորդների թիվը կազմում է 65 հազարից ավելի
Ինչո՞ւ է Ալիեւն արտահերթ ընտրություններում ֆարս կազմակերպել
Ադրբեջանում հերթական խորհրդարանական ընտրությունները նախատեսված էին 2020 թվականի նոյեմբերին, սակայն 2019-ի դեկտեմբերին Ալիեւը օրենսդիր մարմնի անսպասելի ինքնալուծարումից հետո, որում գերիշխում էր իշխող կուսակցությունը, հայտարարեց արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին: Դրանից առաջ պետության ղեկավարը փոխել էր երկրի վարչապետին եւ պաշտոնանկ արել նախագահական աշխատակազմում ու կառավարությունում «հին գվարդիայի» մի ամբողջ շարք ներկայացուցիչների:
Ընդդիմության կարծիքով՝ Ալիեւը փորձում է տնտեսական աճի տեմպերի նվազման ֆոնին հանդարտեցնել ժողովրդի դժգոհությունը եւ բարելավել իր կառավարության իմիջը՝ արատավորված հին վերնախավը փոխարինելով ավելի երիտասարդ տեխնոկրատներով: «Ալիեւը, իսկական փոփոխությունների փոխարեն, քաղաքական բարեփոխումներ է նմանակում՝ իշխանությունից հեռացնելով իր թիմի հին անդամներին, որոնց ժողովուրդը վաղուց ատում է»,- հայտարարել է Ադրբեջանի Ժողովրդական Ճակատ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին:





























