News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ուրախ ենք տեղեկացնել, որ հաշմանդամություն ունեցող անձանց եւ կենսաթոշակառուների մշակութային առօրյան, կյանքն ակտիվացնելու համար այսօր Կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարար, իմ գործընկեր Արայիկ Հարությունյանի հետ ստորագրում ենք մի կարեւոր հուշագիր, որը մեր քաղաքացիներին տարվա կտրվածքով շուրջ 48 թատերական ներկայացման եւ, գրեթե, ամեն օր՝ թանգարաններ անվճար հաճախելու հնարավորություն կտա»,- այս մասին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցած միջոցառման մեկնարկին հայտարարել է նախարար Զարուհի Բաթոյանը:

Կարգի համաձայն՝ կենսաթոշակառուներին եւ հաշմանդամություն ունեցող անձանց անվճար տոմսեր կտրամադրվեն ԿԳՍՄ նախարարության ենթակայությամբ գործող թատերական կազմակերպությունների կողմից պետական աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումներին մասնակցելու, ինչպես նաեւ թանգարաններ այցելելու համար:

Նախարար Բաթոյանը նշել է, որ սա կարեւոր նախաձեռնություն է ոչ միայն ֆինանսական հասանելիության տեսանկյունից, այլեւ՝ կարող է խթան հանդիսանալ՝ մշակութային օջախների ֆիզիկական եւ բովանդակային մատչելիության ապահովման համար:

ՀՀ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարար Արայիկ Հարությունյանը եւս կարեւորել է հուշագրի ստորագրումը եւ նշել, որ նախարարության ծրագրերն ուղղված են մշակութային կյանքում հնարավորինս մեծ թվով անձանց ներգրավմանը.

«Մենք երկար ենք քննարկել բոլոր մեխանիզմները, որպեսզի գործընթացը հնարավորինս հեշտ լինի մեր հայրենակիցների համար: Ուրախ եմ, որ այս տարի հաշմանդամություն ունեցող անձանց եւ կենսաթոշակառուների համար ավելացել է նաեւ թանգարաններ այցելելու հնարավորությունը»,- ասել է նախարար Հարությունյանը:

Ստորագրված կարգի համաձայն՝ յուրաքանչյուր կենսաթոշակառու կարող է անվճար այցելել յուրաքանչյուր թատերական կազմակերպություն՝ տարեկան 3 անգամ, եւ թանգարաններ՝ ամիսը 2 անգամ: Անվճար տոմսեր կեսաթոշակառուներին տրամադրվում են մինչեւ միջոցառման սկսվելը՝ առնվազն 24 ժամ առաջ, իսկ թանգարանների պարագայում՝ կեսաթոշակառուի այցելության պահին:

Կարգի համաձայն՝ յուրաքանչյուր թատերական կազմակերպություն յուրաքանչյուր միջոցառման համար ինքն է որոշում անվճար տրամադրվող տոմսերի քանակը, որը կարող է տատանվել դահլիճի տեղերի 2,5-5 %-ի սահմաններում:

Տոմսերը կտրամադրվեն անձամբ կենսաթոշակառուին՝ կենսաթոշակառու լինելու հանգամանքը հավաստող  փաստաթղթի եւ անձնագրի առկայության դեպքում: Տոմսը տրամադրող աշխատակիցը պետք է համապատասխան գրանցամատյանում գրառում կկատարի, որտեղ կնշվի օրը, ամիսը, տարին, միջոցառման անվանումը, կենսաթոշակառուի անուն, ազգանունը, ծննդյան թիվը, հաշմանդամություն ունենալու հանգամանքը (առկայության դեպքում), հեռախոսահամարը:

Անվճար տոմս ստանալուց հետո, կենսաթոշակառուն պետք է ստորագրի գրանցամատյանի համապատասխան սյունակում: Անվճար տոմսի վրա պարտադիր պետք է նշվի կենսաթոշակառուի կամ հաշմանդամություն ունեցող անձի անունը եւ ազգանունը: Տոմսեր կտրամադրվեն նաեւ տարեցներին ծառայություններ մատուցող կազմակերպության կամ տարեցների միավորումների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներին՝ համաձայն նրանց կողմից ներկայացված ցուցակի, որտեղ պետք է նշված լինեն կազմակեպության անվանումը, կենսաթոշակառուների անուն, ազգանունները, ծննդյան թվերը: Խմբում ընդգրկված կենսաթոշակառուների թիվը չի կարող գերազանցել 20-ը: Խմբի հետ կարող է լինել մեկ ուղեկցող  (սոցիալական աշխատող, կամ տվյալ հասարակական կազմակերպության ղեկավարը), որը եւս ստանում է անվճար տոմս: Այս դեպքում տոմս ձեռք բերելու համար պետք է դիմել միջոցառման սկսվելուց առնվազն 5 օր առաջ:

Անվճար տրամադրվող տոմսերի վրա պետք է դրվի դրոշմակնիք «անվճար» նշումով (առկայության դեպքում) կամ  տրամադրվի «հրավիրատոմս» տեսակի տոմսեր:

Նշենք նաեւ, որ տրամադրված անվճար տոմսը այլ անձի փոխանցել չի թույլատրվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ