News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լինելով չտարածման համոզված կողմնակից՝ Հայաստանը հաստատում է  իր լիակատար հավատարմությունը Չտարածման պայմանագրին  եւ այլ համապատասխան պայմանագրերին, ինչպես նաեւ համաձայնագրերին եւ  ԱԷՄԳ-ի լրացուցիչ արձանագրությանը։ Այս մասին «Պահպանելով եւ ամրապնդելով ջանքերը» համաժողովում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նրա խոսքերով՝ հաշվի առնելով, որ անդամ-պետությունում միջուկային անվտանգության պատասխանատվությունը ամբողջովին մտնում է այդ պետության իշխանությունների իրավասության մեջ, Հայաստանը միշտ իր ամուր աջակցությունն է արտահայտել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաջատար դերին միջազգային միջուկային անվտանգության շրջանակներում եւ չտարածման ռեժիմում։ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս միջուկային անվտանգության ամրապնդմանը՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում միջազգային իրավական գործիքակազմի վավերացման  եւ իրականացման, ինչպես նաեւ այն ամուր ազգային օրենսդրության ձեւավորման ճանապարհով, որն ուղղված է ԱԷԿ-ի եւ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանությանը եւ անվտանգությանը, միջուկային սարքավորումների եւ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնների հաստատմանը։ Հայաստանը միջուկային էներգետիկայի բոլոր հարցերով սերտորեն համագործակցում է միջազգային գործընկերների հետ։ «Մենք բարձր ենք գնահատում ԱԷՄԳ-ի դերը եւ Հայաստանի շարունակական աջակցությունը, որն ուղղված է Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձր ստանդարտների ապահովմանը։ Մասնավորապես, ԱԷՄԳ-ի բազմաթիվ տեսչական ստուգումները եւ գնահատման առաքելությունները հաստատել են Հայաստանի հավատարմությունը  իր միջազգային պարտավորությունների կատարմանը, ինչպես նաեւ բաց լինելու եւ թափանցիկության մակարդակը։ Հայաստանը ամբողջությամբ կատարում է ՄԱԿ ԱԽ 1540 բանաձեւով իր միջազգային պարտավորությունները։ Գործողությունների ազգային ծրագիրը նախատեսում է կոնկրետ քայլերի շարք՝ սկսած արդեն իրականացված ազգային միջոցառումների վերանայումից եւ վերջացրած ընթացիկ եւ սպասվող գործողությունների համակարգով։ Մենք նաեւ ակտիվորեն մասնակցում ենք միջուկային չտարածման նախաձեռնություններում, ինչպիսին են միջուկային ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ նախաձեռնությունը եւ տարածման անվտանգության նախաձեռնությունը»,- ընդգծեց ԱԳՆ ղեկավարը։

Նա նաեւ կոչ արեց բոլոր գործընկերներին հարգել համաձայնագրով իրենց վրա վերցրած պարտավորությունները, խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության սրման եւ նախաձեռնել բոլոր հնարավոր ջանքերը համաձայնագրի պահպանման համար։ «Մենք բավարարվածություն ենք հայտնում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության թիմին եւ նրա ղեկավարությանը՝ իրանական միջուկային ծրագրի Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանի շրջանակներում միջուկային ոլորտում Իրանի պարտավորությունները հաստատելու եւ մոնիթորինգի հարցում նվիրված, պրոֆեսիոնալ եւ անկողմնակալ աշխատանքի համար, եւ ակնկալում ենք համագործակցություն ԱԷՄԳ-ի եւ Իրանի միջեւ՝ Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանի եւ 2231 բանաձեւի իրականացման գործողությունների հետ կապված։ Ամփոփելով՝ ուզում եմ հաստատել Հայաստանի վճռական հավատարմությունը միջուկային ապառազմականացմանը, միջուկային զենքի չտարածմանը ու միջուկային էներգիայի խաղաղ օգտագործմանը, եւ հաջողություններ ցանկանալ համաջողովին»,- ամփոփեց ԱԳ նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ