Պարոն Գորգիսյան, երբ ասում եք պարզ նախագիծ է, ճիշտ եք ասում, բայց կիսատ եք ասում. պարզ չէ, պրիմիտիվ նախագիծ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 12–ին, ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նվիրատվությունների և նվիրաբերությունների մասին գործընթացում փոփոխություններ առաջարկող նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ անդրադառնալով ԼՀԿ խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանին:

Նրա խոսքով՝ սկզբունքին կողմ են, ավելի ես դեռ նոյեմբերի 30–ին գաղափարը ինքն է տվել. «Նյուանսներ հաշվի առնված չեն։ Երբ այստեղ շահագրգիռ քննարկում է գնում եւ մեր գործընկերները շատ բարեկիրթ ձեւով ասում են, իսկ սա հաշվի առե՞լ եք, ստանում են պատասխան անբարտավան ձեւով: Այդքան երիտասարդ եք, որտեղի՞ց ձեզ այդքան անբարտավանություն։ Թե դուք մասնագետ չեք, մենք ունենք փայլուն իրավաբաններ եւ այն, այս ի՞նչ հռետորաբանություն է հարգելի գործընկերներ։ Դուք մտածո՞ւմ եք, որ ձեր որոշ գործընկերների հռետորաբանությունն ազդում է նաեւ ձեր հետագա նախագծերի նկատմամբ ընկալման եւ վերաբերմունքի վրա»,– ասաց Դանիելյանը։

Պատգամավորի խոսքով՝ նախագիծն այնքան թերի է, որ ավելի շատ խնդիր առաջացնող է. «Երեք խմբակցություններս էլ սկզբունքին համաձայն ենք՝ կոռուպցիայի դեմ պայքար։ Մենք կարծում ենք, որ սա ավելի շատ խնդիր ստեղծող նախագիծ է, այնքան թերի է, որ ավելի հեշտ է զրոյից աշխատել՝ 3 խմբակցությունները համատեղ։ Մեկական հոգի նշանակում ենք, նստում ենք, 2–3 ժամ կարող ենք քննարկել, հետո կվերադառնանք եւ շատ արագ այս նախագիծն այս սկզբունքի վրա, բայց նորմալ լուծումներով, ռիսկերը հաշվի առած կընդունենք, կանցնենք առաջ, որ ունքն ուղղելու տեղը՝ աչքը չհանենք»,– եզրափակեց Դանիելյանը։